Լրահոս
Օրվա լրահոսը

Հաղարծինցիներն իրենց հայհոյած բնապահպանների պատճառով են միջպետական ճանապարհը փակել

Հուլիս 25,2018 16:37

Միջպետական ավտոճանապարհն արդեն մի քանի անգամ փակած Հաղարծին եւ հարակից Թեղուտ համայնքների բնակիչները երեկ երեկոյան մարզային իշխանությունների հետ են հանդիպել: Aravot.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Հաղարծինի գյուղապետ Գեւորգ Թամրազյանը:

Գյուղացիների պահանջն էր բնապահպան ակտիվիստներին հեռացնել «Դիլիջան ազգային պարկի» տարածքից: Ինչը, գյուղապետի խոսքով, հակասում է օրենքին:
«Չկա նման օրենսդրություն, որպեսզի կատարվի բնակչության պահանջը: Նրանց վրդովմունքի պատճառը հասկանալի է, բայց որեւէ կերպ օրենսդրական դաշտում չէ: Չնայած՝ թե մարզպետն է եկել բողոքի ցույցի ժամանակ, թե ոստիկանության մարզային վարչության պետը, ժողովրդի հետ բացատրական աշխատանքներ ենք տարել, հորդորել, որ հետ կանգնեն իրենց պահանջից: Բնակիչները չեն պատկերացնում իրենց պահանջի օրինական հիմքերը, բայց բացատրական աշխատանքների արդյունքում ճանապարհը բացվեց: Միջպետական ճանապարհ փակելը ճիշտ չէ, առավել եւս այս նոր կառավարության օրոք այդ ճանապարհով հարցեր լուծելը ճիշտ չէ»,-ասաց Հաղարծինի համայնքապետը:

Հաղարծինի բնակիչների այն դժգոհություններին, որ բնապահպան-ակտիվիստները գերազանցում են իրենց լիազորությունները անտառահատումների դեմ պայքարում, հատկապես, որ դրանով եւ ազգային պարկի եւ ոստիկանության աշխատակիցներն են զբաղվում, պարոն Թամրազյանն ի պատասխան ասաց, որ բնապահպաններն էլ մեծ գործ են անում, սակայն գյուղացիների ու բնապահպանների միջեւ տեղի ունեցած միջադեպից հետո լարված վիճակ է առաջացել:

Aravot.am-ի հարցին, թե տարեկան որքան վնաս է հասցվում անտառին ապօրինի անտառհատումների հետեւանքով, Գեւորգ Թամրազյանը պատասխանեց, որ վերջին 1-2 տարում գրեթե զրոյացվել են ապօրինի հատումները եւ գյուղացիների պահանջը ոչ թե հատումների շուրջ է, այլ՝ բնապահպանների հետ տեղի ունեցած մի քանի միջանձնային միջադեպերի, որոնք ուղեկցվել են հայհոյանքներով. «Եղել են դեպքեր, որ բնապահպանները այդ ապօրինի հատումները լուսաբանել են տեսանյութի տարբերակով եւ այդ ընթացքն ուղեկցվել է հայհոյանքներով եւ դա առաջացրել է մարդկանց վրդովմունքը: Երեկ Տավուշի մարզպետի մոտ հանդիպել են նաեւ բնապահպանների հետ եւ պարզվել է, որ իսկապես հայհոյանք եղել է, սակայն բնապահպան-ակտիվիստները վկայել են, որ հայհոյողներն իրենց կամավորներից են եղել, որոնց արդեն հեռացրել են իրենց շարքերից»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Լուսանկարը՝ lurer.com-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031