Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիկ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունները, թե ինչպես է իմացել ապօրինությունների մասին ու լռել

Հուլիս 25,2018 16:28

Այսօր ՀՀ նախկին ոստիկանապետ, ՀՀԿ պատգամավոր Ալիկ Սարգսյանը ուշագրավ հայտարարություններ արեց «Հայելի» ակումբում, թե ինչեր է իմացել Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանի ապօրինությունների մասին ու ձայն չի հանել:

Նա հայտարարեց. «Հովակիմյանը չի մտածում, որ ես էլ վերջիվերջո էսքան տարի օպերատիվ աշխատանքի եմ եղել, լուրջ կառույցներ եմ ղեկավարել ամբողջ հանրապետությունում, նա չի մտածում՝ որ հանկարծ ես սկսեմ այդ մասին խոսել՝ իր հետ կապված՝ կադաստրից սկսած, մարզպետի գործունեության հետ կապված, Չեխիաներով ու մնացածներով: Եթե ես սկսեմ էդ մասին հիմա խոսել…Անձս չեմ ուզում վիրավորեմ, հայտնվեմ իրեն հավասար վիճակում: Ես սկսեմ այն ամբողջ ինֆորմացիայից, որ ես եմ տիրապետում, հաճախ, ցավոք սրտի, ներողամիտ եմ եղել»:

Հետո նա պատմեց, թե ինչպես են ՀՀԿ-ի իշխանությունները պաշտոն տվել Հովակիմյանին, ինչ է թե բերանը փակի, ինչպես է ինքը արգելել Հովակիմյանին առաջադրվել: Նա պատմեց՝ «Ես որ նշանակվեցի Արարատի մարզպետ, ինքը Արտաշատի քաղաքապետն էր, այն ժամանակ հա տրամադրությունը գցել եմ, արգելել եմ, կանխարգելել եմ՝ էս կարելի է, էն չի կարելի: Երբ որ եկավ նորից առաջադրվելու հարցը քաղաքապետի պաշտոնում, ես նրան թույլ չեմ տվել: Ասել եմ՝ դու վատ բան ես անում, ժողովուրդը քեզ չի ընդունում, ես քեզ չեմ պաշտպանի, ես կպաշտպանեմ նոր թեկնածուի, բայց ոչ քեզ: Այն ժամանակ էլ համապատասխան մարդկանց սկսեց շանտաժներ անել, որի արդյունքում հայտնվեց Կենտրոնի կադաստրի պետի պաշտոնում՝ փոխզիջման կարգով, որպեսզի բերանը փակի, սրան-նրան շանտաժի չենթարկի: Թող հիշի ում շանտաժով, ում միջոցով գնաց դառավ կադաստրի պետ»:

Ալիկ Սարգսյանը հիշեցրեց, որ Հովակիմյանը բարձր պաշտոններ է զբաղեցրել՝ էներգետիկայի նախարարությունում բաժնի պետի տեղակալ, նախարարի խորհրդական, նախարարի օգնական, բայց «ոչ մի անգամ գործի չի գնացել»՝ բարձր աշխատավարձ ստանալով, միայն հեղափոխությունից հետո են աշխատանքից ազատել: Սարգսյանի մեկնաբանությամբ՝ «կանչել, ասել են՝ դիմում գրի, ստեղից մաքրվի, գնա, թե չէ դատի կտանք, ես էս ամեն ինչը իմացել եմ, իհարկե, չեմ ուզեցել անդրադառնամ…ես ինձ մաքուր պահեմ»:

Aravot.am-ը հարցրեց՝ ապշեցում է այն, որ օրինավոր երկրում մարդ, որն աշխատել է ոստիկանապետ, հիմա՝ օրենսդիր մարմնում, ասում է՝ ես իմացել եմ այսինչի այսքան տարիների խախտումների մասին ու չեմ ասել, որ մաքուր մնամ, այսինքն, դա գործ տա՞լ եք համարում՝ Ալիկ Սարգսյանը պատասխանեց. «Ես դա գործ տալ չեմ համարում, ինքը իր գործունեության ընթացքում տարբեր երեւույթներով զբաղվել է, ես միշտ մտածել եմ՝ էս շանտաժող մարդու հետ…ինքը կենտրոնացած է արդեն եղել իմ վրա, եթե նա ձեւակերպված է եղել էներգետիկայի նախարարությունում, ես հետաքրքրվեի, համոզվեի դրանում, գրեի, որ տվյալ անձը նախարարությունում աշխատանքի է ձեւակերպված, բայց չի՞ գնում, դուք դա՞ էիք ուզում: Չեմ էլ հետաքրքրվել, լսել եմ, ընդունել եմ՝ որպես հերյուրանք: Էս ամեն ինչից հետո իմացա, որ չի գնացել աշխատանքի, շատ բաներ եմ իմացել: Հիմա իմ մոտ քննարկման թեմա է՝ արդյոք ես այդ մասին խոսեմ, ինձ կսազի՞ արդյոք»:

Ավելին՝ Ալիկ Սարգսյանը հեգնեց, որ ինքը կարող էր այդ 60 հազար դոլարը ուլտրամանուշակագույն լույսով ներկել եւ տանել Հովակիմյանին տալ՝ նրան բռնելու համար, ինչպես անում են կաշառք վերցնողների դեպքում, բայց չի արել.«Հետո ես ինձ չէի հարգի, որ ես ներկած փող տանող եմ կաշառք վերցնողին կամ շորթողին: Բաներ կան, որ իմ կոչումը…գեներալ լեյտենանտ եմ վերջիվերջո: Ինձ լրիվ այլ կերպ են ճանաչում եւ ընկալում»:

Մեր դիտարկմանը՝ ասացիք՝ Չեխիայով, բանով ամեն ինչ իմացել եմ՝ Ալիկ Սարգսյանը արձագանքեց. «Չեխիայի մասին էլ պիտի բան գրեի հա՞ երեւի»: Մեր հարցին՝ եթե ինչ-որ ապօրինություն եք իմացել ու դրա մասին չեք բարձրաձայնել…Ալիկ Սարգսյանն անմիջապես արձագանքեց. «Ես նրա մակարդակին չեմ իջնի»:

Հարցին՝ կարո՞ղ է նույն սկզբունքով նաեւ Մարտի 1-ի բացահայտման գործընթացում եք վարվել՝ նա պատասխանեց, որ Մարտի 1-ին չպետք է անդրադառնալ, որովհետեւ նոր իշխանությունները Մարտի 1-ի գործից իրենից ոչ պակաս ինֆորմացիայի են տիրապետում, իսկ ինքը Մարտի 1-ի ժամանակ եղել է մարզպետ, ոստիկանապետ աշխատած ժամանակ էլ այդ գործն իր մոտով չի անցել. «Ես այդ գործով ընդհանրապես չեմ աշխատել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մանվել says:

    Լավ խորհուրդ . Լռիր թե չէ ստացվում է որ դուք Ձեր դեմ ցուցմունք էք տալիս որ չէք աշխատել ոստիկանապետ՝ իմացել չեք հայտնել

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031