Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտության պետական կոմիտեի ստեղծումից հետո Հայաստանի գիտության մեջ ակնհայտորեն նվազել են բացասական միտումները. Լեւոն Եպիսկոպոսյան

Հուլիս 25,2018 15:43

Պարապությունը, թերևս, բոլոր զանցանքների ու դատարկաբանության աղբյուրն է: Իսկ նրանք, ովքեր ժամանակ չունեն դատարկաբանությամբ կամ բամբասանքով զբաղվելու, արժանապատվորեն ու համեստորեն լծվում են իրենց ամենօրյա աշխատանքին: Եվ ստացվում է այնպես, որ ասպարեզ են դուրս գալիս մարդիկ, ովքեր, ասելիք չունենալով սեփական ձեռքբերումների մասին, սկսում են քարկոծել, ցեխ շպրտել այն անհատների և կառույցների վրա, որոնք ակնհայտորեն առանձնանում են իրենց աշխատանքի արդյունքներով: Ցավալին այն է, որ այդ պատկերի վրա պարապուրդի մատնվածների ամպագոռգոռ «գործունեությունը» ներկայացվում է բոլոր գիտնականների անունից:

Նման իրավիճակի վառ դրսևորումն են վերջերս ՀՀ կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի դեմ ուղղված մի շարք անհիմն և ոչ պրոֆեսիոնալ հրապարակումները, որոնց մեծ մասը տարածվում է սոցիալական ցանցերում: Գիտության տարբեր օղակներ համախմբող և կարևորագույն հարթակ հանդիսացող Կոմիտեն ստեղծվել է ընդամենը 10 տարի առաջ, որի ղեկավար կազմը ոլորտի խնդիրներին քաջատեղյակ և գիտությամբ առ այսօր ակտիվորեն զբաղվող անձիք են: Այս կարճ ժամանակահատվածում գիտնականին աջակցող կառույցին հաջողվել է ստեղծել և իրագործել արդյունավետ փոխգործունեություն գիտության տարբեր օղակների միջև: Անշուշտ, ցանկացած հարցի շուրջ կարող է ստեղծվել տարակարծ մթնոլորտ, սակայն Կոմիտեի դրական գործունեության վերաբերյալ բազմաթիվ փաստերն անժխտելի են:

Կոմիտեի ստեղծումից հետո Հայաստանի գիտության մեջ ակնհայտորեն նվազել են բացասական միտումները, ինչի արդյունքում, ի թիվս մի շարք կարևորագույն նվաճումների, կրճատվել է երիտասարդ գիտնականների արտահոսքը, զգալիորեն ակտիվացել է միջազգային համագործակցությունը հատկապես բնական գիտությունների ոլորտում, կտրուկ աճել է բարձր վարկանիշ ունեցող գիտական հանդեսներում հրապարակումների թիվը: Ի դեպ, այս ցուցանիշով հայ գիտնականները հետխորհրդային երկրների շարքում այսօր առաջատարներից են:

Կոմիտեի նշանակալի նորամուծություններից է բարձր արդյունավետությամբ աշխատող գիտնականների աջակցության ծրագիրը, որը խրախուսում է նրանց երկարամյա կայուն ձեռքբերումներն ինչպես գիտության մեջ, այնպես էլ երիտասարդ կադրերի պատրաստման գործում:

Նախկին ԽՍՀՄ կազմից և ոչ մի այլ երկրում գիտական փորձաքննության և մրցույթների կազմակերպման համակարգ չկա, որը կարողանա մրցակցել Հայաստանում գործողի հետ: Իսկ երիտասարդ գիտնականների խրախուսման միջոցներն ընդհանրապես աննախադեպ են:

Իհարկե, Կոմիտեի գործունեության մեջ եղել են նաև սայթաքումներ, որոնք անխուսափելի են բուռն գործունեություն ծավալող ցանկացած կառույցի համար: Սակայն սխալներն ագրեսիվ մատնացույց անելու և չարախնդալու փոխարեն, կարելի է համատեղ քննարկումների և կառուցողական առաջարկների միջոցով շտկել դրանք: Այս առումով ողջունելի է Կոմիտեի կողմից գիտության ոլորտում խնդրահարույց երևույթներին լուծում տալու ուղղությամբ աշխատանքային խմբերի ստեղծման պատրաստակամության վերաբերյալ վերջերս արված հայտարարությունը: Նախաձեռնության շնորհիվ փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտում կարող են ի հայտ գալ բոլոր բացթողումները, որոնց պատճառը ոչ միայն Գիտության կոմիտեն է, այլ մեր անտարբերությունը այդ երևույթների նկատմամբ: Ուստի, հորդորում եմ վերոհիշյալ քննարկումների հեղինակներին միանալ բոլոր նրանց, ովքեր իսկապես սրտացավ են մեր երկրի գիտության զարգացման հանդեպ: Այժմ պահն է վերջ տալու գորշ տեղեկատվություն տարածելու տխուր ավանդույթին և միասին լուծելու մեր առջև ծառացած խնդիրները:

Լևոն ԵՊԻՍԿՈՊՈՍՅԱՆ

Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031