Մանվել Գրիգորյանի նկատմամբ տեղի է ունենում դասական խոշտանգում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն է արել Մանվել Գրիգորյանի պաշտպան, փաստաբան Լեւոն Բաղդասարյանը:
«Նրա հիվանդությունները անհամատեղելի են կալանքի հետ: Սա դասական խոշտանգման օրինակ է»,- ասել է փաստաբանը`հավելելով, որ պետական լիազոր մարմինները բավական ուշադիր են իր պաշտպանյալի նկատմամբ, վերջինս քիմիոթերապիա ստանալու հնարավորություն ունի, նաեւ այլ հատուկ միջամտություններ էլ են տեղի ունենում: Այս ամենով հանդերձ, ըստ փաստաբանի, բժիշկն ասում է, որ Մանվել Գրիգորյանին արգելված է գտնվել նման վայրում: «Ավելին ասեմ. մենք նման օրինակներ ենք ունեցել՝ Հաց բերող (Արթուր Սարգսյան), Սողոմոն Քոչարյան, որոնք դասական խոշտանգման հետեւանքով մնացին անազատության մեջ եւ մահացան»,- համեմատություն արեց Լեւոն Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ ԵԿՄ նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի տանը եւ նրա սեփականություն հանդիսացող հանգստյան գոտում ԱԱԾ-ն հատուկ օպերացիա էր իրականացրել եւ բացահայտումներ արել: Ըստ այդմ, հայտնաբերվել էր, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, զինվորներին ուղարկված սննդի մի մասը գեներալ Մանվել Գրիգորյանն օգտագործել է իր կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու համար։ Հայտնաբերվել էին նաեւ մեծ քանակությամբ զենք-զինամթերք, թանկարժեք մեքենաներ, զինվորների համար նախատեսված հագուստ, նամակներ։
Մանվել Գրիգորյանը կալանավորվել է:
Փաստաբանն անդրադարձավ նաեւ դատարանների ծանրաբեռնվածության խնդրին: Նա կարծում է, որ դատարանների ծանրաբեռնվածությունն ազդում է դատավորների կայացրած վճիռների վրա։ «Ժամանակին ես բազմիցս եմ բարձրաձայնել` դատարանները գտնվում են գործադիրի կոշիկի տակ: Այսօր, ուղղակի գործադիրի կողմից ցուցում է տրված դատարաններին արդարադատություն իրականացնելիս լինել բացառապես անկախ: Բայց ես կարծում եմ, որ դա բավական քիչ է։ Չի կարող դատավորը իրականացնել արդարադատություն, երբ իր վարույթում կան հազար եւ ավելի գործեր։ Պատկերացնո՞ւմ եք, օրական քանի՞ գործ պետք է լսի դատավորը, քանի՞ հրապարակում պետք է անի եւ քանի վճիռ պետք է գրի։ Նման պայմաներում դատարանը չի կարող իրագործել այն խնդիրը, որին կոչված է»,- ասել է Լեւոն Բաղդասարյանը:
Լեւոն Բաղդասարյանը համամիտ չէ նաեւ մեկ ընդհանուր իրավասության դատարանի գոյության հետ: Ասում է`դրա բացասական արդյունքն այսօր իր վրա կրում է մեր քաղաքացին. «Հարյուրավոր, հազարավոր գործեր կան, որ վարույթ են ընդունվում դատարան մուտք անելուց մեկ ամիս հետո, իսկ վճիռների հրապարակումից մեկ ամիս անց կողմը կամ փաստաբանը չի կարողանում ստանալ։ Անհրաժեշտ է օր առաջ կրճատել դատավորների վարույթի տակ գտնվող գործերը, դրանից հետո նոր պահանջել դատավորներին իրականացնելու արդարադատություն, հակառակ պարագայում ունենալու ենք ձեւական դատական համակարգ»:
Փաստաբանի համոզմամբ, կոռուպցիայի մեջ թաղված դատարանը պակաս վտանգավոր է գերծանրաբեռնված եւ անորակ դատական ակտերով դատարանից։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ