Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞վ է իրավունք տվել դատավորին կնոջը հարցնել՝ ինչի՞ ես այդ երեխան բերել». Մարինա Պողոսյան

Հուլիս 25,2018 15:18

«Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ փաստաբան Արա Կարագյոզյանի պնդմամբ՝ Հասմիկ Սարգսյանի գործով ՀՔԾ-ն ձևական քննություն է իրականացրել, ոստիկանների և քննիչների ցուցմունքներին ավելի բարձր արժեք է տվել, քան տուժողի ցուցմունքին և չեն կատարել մի շարք դատավարական գործողություններ, ինչի արդյունքում կհիմնավորվեր տուժողի` խոշտանգման և վատ վերաբերմունքի ենթարկման փաստը:

Տեղեկացնենք՝ ՀՔԾ-ն կարճել է Սիսիանի ոստիկանության բաժնում խոշտանգման և դաժան վերաբերմունքի ենթարկված Հասմիկ Սարգսյանի գործը: Տուժողի  փաստաբանը բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին: Հիշեցնենք, որ 2017 թվականի հուլիսի 8-ին Հասմիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով (բնակարան ապօրինի մուտք գործելու եղանակով կատարված գողություն) այն բանի համար, որ «նա, ունենալով ընկերուհու՝ Սիսիան քաղաքի բնակիչ Մարիետա Աշոտի Հովհաննիսյանի բնակարանից գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորություն, 2017 թվականի հուլիսի 4-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, օգտվելով նրա բացակայությունից, հրելու միջոցով մուտքի դռան փականը վնասելու եղանակով ապօրինի մուտք է գործել Չարենցի փողոցի 8-րդ շենքի 7-րդ բնակարան և ննջասենյակի պահարանի վրա դրված պայուսակում գտնվող դրամապանակից հափշտակել առկա 2 հատ 5000 դրամ անվանական արժեքի ՀՀ թղթադրամ: Նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկումը՝ 6 տարի 6 ամիս ժամկետով։

«Նոյյան տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում Արա Կարագյոզյանը մանրամասնեց. «Վարույթ իրականացնող մարմինը չի իրականացրել տեղանքի զննություն, պարզելու՝ արդյոք տեսախցիկներ եղել են, ինչի արդյունքում կհաստատվեր, որ դաժան վերաբերմունք է  եղել: Խոշտանգման գործերով կարևոր է տուժողների դատահոգեբանական փորձաքննությունը, որը չի իրականացվել»:

Ըստ փաստաբանի՝ ի սկզբանե գործը քննվել է քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածով, մինչդեռ պետք է քննվեր 309 պրիմ 1 հոդվածով, որտեղ կա նաև խոշտանգման մասը: Պարոն Կարագյոզյանը հայտնեց՝ Հասմիկը 4000 դրամ է վերցրել իր երեխաներին սնունդով ապահովելու համար, բայց Սիսիանի ոստիկանության բաժինը ստիպել է գրել, որ գողացել է 10000 դրամ, ինչի արդյունքում խոշտանգման հիմքով կորզվել է ցուցմունք, որի արդյունքում հինգ տարի ժամկետով է ազատազրկվել Հասմիկ Սարգսյանը, իսկ Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել որոշումը:

Փաստաբանը մտահոգություն հայտնեց՝ այժմ իր պաշտպանյալը գտնվում է հոգեբանական ծանր վիճակում, քանի որ իր երեխայի ներկայությամբ ենթարկվել է խոշտանգման:

Արա Կարագյոզյանը վստահեցրեց՝ ներպետական դատական ատյանները սպառելուց հետո դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ):

«Վելես» իրավապաշտպան հ/կ նախագահ Մարինա Պողոսյանը գործին առնչվող որոշ ուշագրավ դրվագներ ներկայացրեց. «Մինչ տուժողի հաղորդումն են Հասմիկին տարել բաժին: Գաղտնիք չէ, որ նախկինում էլ Հասմիկը սնունդ, պահածո ու պանիր է գողացել իր հիվանդ երեխային օգնություն ցուցաբերելու համար: Երևի դրանից ելնելով էլ կանչել են: Հասմիկը պնդում էր, որ իրեն կանչել են ոստիկանություն և առաջարկել, որ ինքը համագործակցի ոստիկանների հետ, տվյալներ հայտնի տարբեր անձերի մասին և վստահեցրել են, որ այդ դեպքում որևէ քրեական պատասխանատվության չի ենթարկվի: Ինձ համար նողկալի է կուշտ մարդկանց վերաբերմունքը դեպի Հասմիկ Սարգսյան: Իրենց թվում է, թե իրենք ավելի բարձր են, քան այդ հիվանդ կինը և որպես ծնող բնազդաբար նման քայլերի է դիմում»:

Փաստաբանը հայտնեց՝ Հասմիկը վախի մթնոլորտում է ապրում, բայց ունի բարձր իրավագիտակցություն, նույնիսկ, երբ տանտերը, որտեղ ապրում է երեխաների հետ, կանչել ասել է, թե քեզ մեկ օր ժամանակ, որ խոշտանգման մասին բողոքդ հետ վերցնես, հակառակ դեպքում տնից դուրս կհանեմ, Հասմիկն այդ քայլին չի դիմել:

Մարինա Պողոսյանը մտահոգություն հայտնեց՝ Հասմիկն իր մեջքին ոչ ոք չունի, բացի երկու անչափահաս երեխաներից: Իսկ տուժողն ազգակցական կապ ունի ոստիկանների հետ:

Փաստաբանի տեղեկացմամբ, երբ Հասմիկը խոշտանգման պահերը պատմում է, հասկանում ես, որ մարդ չի կարող այդքան բան սուտ ասել, այն դեպքում, երբ ոստիկանը բերանը ծամոն գցած նայում էր: Փաստաբանի փոխանցմամբ՝ Հասմիկը վատ վերաբերմունքի է արժանացել նաև ՀՀ Վերաքննիչ դատարանում. «Իրեն դատավոր համարող Մանուշակ Պետրոսյանը դատաքննության ժամանակ խիստ անձնական բնույթի, վիրավորական հարցեր էր տալիս Հասմիկին: Սա ճնշում և կնոջ նկատմամբ խոշտանգում է: Ինտիմ բնույթի հարցեր տալով կնոջը, թե ինչի՞ ես այդ երեխան բերել, նման ձևով չի կարելի նվաստացնել կնոջը: Իսկ նիստի ավարտից հետո դատավորն ընկավ հոգեխանգարմունքի մեջ և բազարային ձևով սկսեց բղավել ու ճղճղալ: Ո՞վ է դատավորին իրավունք տվել նման կերպ վարվել ՀՀ քաղաքացու հետ»:

Փաստաբանները մտահոգություն հայտնեցին, թեև մեզ մոտ իրողություններ են փոխվել, բայց ռեալ փոփոխություն չեն տեսնում: Արա Կարագյոզյանն ամփոփեց. «Մենք չենք տեսնում, որ ՀՀ-ում որևէ խոշտանգում կատարող անձ ենթարկվի քրեական պատասխանատվության»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031