Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիկ Սարգսյանին հրավիրել են ՀՔԾ. Նա քաղհայց է ներկայացնում՝ պատիվ պահանջելու իրեն զրպարտելու ու վիրավորելու համար

Հուլիս 25,2018 15:03

Նախկին ոստիկանապետ, ՀՀԿ պատգամավոր Ալիկ Սարգսյանն այսօր «Հայելի» ակումբում անդրադարձավ իր եւ Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանի խնդիրներին: Հիշեցնենք, որ Հովակիմյանը հայտարարել էր, որ 60 հազար դոլար կաշառք է տվել ժամանակին Ալիկ Սարգսյանին՝ մեկին ոստիկանությունում աշխատանքի տեղավորելու համար ու չի արել, կաշառքն էլ հետ չի տվել: Հիմա Հովակիմյանը, ըստ Սարգսյանի, փորձում է իրենից փող շորթել՝ սպառնալով իր մասին տեղեկություններ հրապարակել, նրան վարկաբեկել եւ այլն:

Ալիկ Սարգսյանի խոսքով՝ այդ ամենը սկսել է 2011-ի նոյեմբերի 1-ից, երբ ազատվել է ՀՀ ոստիկանապետի պաշտոնից, ու ամիսներ անց նամակներ է ստացել Հովակիմյանից, թե՝ «Քո պատճառով ես վնասներ եմ կրել: Դու ես ինձ ազատել մարզպետի պաշտոնից, նախագահին դու ես ասել, որ ինձ ազատի, քո պատճառով, երբ ոստիկանապետ էիր, քրգործ հարուցվեց մի քանի հոդվածներով, որի արդյունքում ես նույնպես հայտնվեցի դատարանում ու կորուստներ կրեցի բարոյական, ֆինանսական: Կարծում եմ, դու դրա համար չես ներվելու, ես էլ էն մարդն եմ, որ դա չեմ մոռանա, դու ինձ պիտի հատուցում տաս»: Սարգսյանն ասաց, որ թեեւ այդ ժամանակ նշած չի եղել, ուղղակի գրել է, որ մեծ գումար է, դու հաշվարկի ինչքան վնաս ես պատճառել:

Ալիկ Սարգսյանն ասաց, որ նամակը պատռել է, դրան լուրջ չի վերաբերվել, մեկ տարի հետո եւս մեկ նամակ է ստացել, երկու տարի անց մարդ է ուղարկել, որ «փողերը շուտ թող հետ տա, եթե չէ՝ ես իրեն վարկաբեկելու եմ, մտնելու եմ Սերժ Սարգսյանի մոտ, իրան պիտի ազատել տամ աշխատանքից»: Այդ ժամանակ Ալիկ Սարգսյանը նախագահի խորհրդական է եղել: Նրա խոսքով՝ «Լուրջ չեմ վերաբերվել, մտածել եմ՝ մարդու մոտ հոգեկան խնդիրներ են առաջացել, որովհետեւ այն փաստարկը, ինչի մասին ինքը նշում է, իմ հետ առնչություն չի կարող ունենալ, դուրս է մարդկային տրամաբանությունից, էլ չեմ խոսում օրենքի տեսանկյունից, դա անհեթեթություն է: Ցանկացած նորմալ մարդ դա կարդալով՝ կհասկանա, որ զրպարտություն է, իրականության հատիկ չի պարունակում: Ամեն անգամ մտածել եմ, որ շանտաժով փորձում է գումար ստանալ: Ամենավերջում իմացա, որ նա գնացել է ՀՀԿ գրասենյակ, մտել է նախկին նախագահի՝ Սերժ Սարգսյանի մոտ»:

Ալիկ Սարգսյանն ասաց, որ Հովակիմյանին վատ չի վերաբերվել միայն նրա համար՝ մտածելով, որ արտաշատցի է, բայց մարզպետ դառնալով՝ ձախողել է. «Կենտրոնի կադաստրի պետ լինելուց հետո հայտնվեց մարզպետի պաշտոնում եւ հասկացավ մի կարեւոր բան, որ ինքը սխալ է թույլ տվել, մարզպետի պաշտոնը կադաստրի պետի պաշտոն չի ու այն բոլոր գայթակղությունները չի պարունակում, ինչը կադաստրում երբեւիցե եղել է կամ կա: Ինքը եկավ, տեսավ, որ մարզպետը զուտ չարչարանք է ու այն բոլոր տարբերակները, որ կարող էր ինքը ընդարձակվեր ու իր պլաններն իրագործեր, անիրականանալի են մարզպետի պաշտոնում»:

Սարգսյանն ասաց, որ Հովակիմյանն ապօրինի համարներով մեքենայով շրջել է քաղաքում, ոստիկանները կանգնեցրել են մեքենան, մտածել է իր հանձնարարությունն է, իր հետ «չունի», որդին մարդ է դանակահարել, քրեական գործերում է ներգրավել, էլի իրեն է տեսել դրա հետեւում ու այսպես ասած՝ «թարսվել». «Իրեն զանգել ու ասել եմ՝ թող էդ հերյուրանքներդ, էդ հալյուցինացիաներդ, որ սկսել են, ես կապ չունեմ, մենք վերջը իրար հետ հայրենակից ենք»:

Ալիկ Սարգսյանն ասաց, որ վաղը իրեն հրավիրել են ՀՔԾ. «Ես առաջին անգամ Քննչականում կզրուցեմ, համապատասխան ցուցմունք կտամ»: Հարցին, թե ի՞նչ կարգավիճակով են հրավիրել՝ նա պատասխանեց՝ որպես տուժող:

Ալիկ Սարգսյանը վստահեցրեց, որ մամուլում Հովակիմյանը ինչ հրապարակել է իր մասին, իրեն վարկաբեկել է, քաղաքացիական հայցով դիմելու է դատարան. «Նա վիրավորել է իմ անցած ճանապարհը, ես դրական եմ աշխատել, ձեռնաքարշությամբ չեմ զբաղվել, ժողովուրդը ինձ հասկացել, ընկալել է, ընդունել ու հարգել է: Այս բոլոր հերյուրանքների պատճառով ես քաղհայցով մտնելու եմ դատարան եւ պատիվ պահանջեմ: Կորոշեմ պատիվ պահանջելը, բնականաբար, բարոյական խնդիր է, ֆինանսականը ինձ չի հետաքրքրում, եթե ֆինանսական տույժի ես նրան ենթարկեմ, միանգամից կուղղվի բարեգործության ֆոնդին, կտեսնեք ուր գնաց: Ինձ առաջարկում են, որ ֆինանսական տույժ կրի, բայց ես գտնում եմ, որ եթե ֆինանսական գնահատեմ, ես կգնահատեմ ընդամենը 1 լումա, որովհետեւ իր զրպարտանքներն ինձ համար 1 լումայի արժեք չեն կարող ունենալ: Դատարանը պետք է պարտադրի, որ նա մասսայական ներողություն խնդրի եւ հերքի այն բոլոր սուտ տեղեկությունները, որ տարածում է իմ մասին: Նա սահման այլեւս չունի՝ հերյուրանքներ տարածելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031