Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսական կողմից իսկական դեմարշ է ձեռնարկվել ընդդեմ ՀՀ իշխանությունների. «Հրապարակ»

Հուլիս 25,2018 12:15

Մայիսի 8-ից հետո բավականին լարվեցին հայ-ռուսական հարաբերությունները։ Ակնհայտորեն Մոսկվան ազդակներ է հղում, որ չի վստահում Հայաստանի նոր իշխանություններին։ Դա երեւաց եւ Մունդիալի բացման արարողության ժամանակ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտնի հայտարարությունից, որը հետո փորձ արվեց մեկնաբանել որպես սխալ թարգմանություն։ Իսկ երբ Հայաստանը մասնակցեց ՆԱՏՕ-ի բրյուսելյան գագաթնաժողովին, անհասկացողությունն սկսեց աճել։ Մոսկվան հիմա էլ փորձում է դիրքորոշում ճշտել, եւ թերեւս սրանով է պայմանավորված, որ անհրաժեշտություն է առաջացել, որ հուլիսի 26-27-ին ԵԱՏՄ պետերբուրգյան գագաթնաժողովին մասնակցի անձամբ վարչապետ Փաշինյանը։ Նրա՝ ասուլիսի ժամանակ հնչեցրած հայտարարությունը, որով ղարաբաղյան ճակատում պատերազմի վերսկսման պատասխանատվությունը փորձ արեց դնել Մոսկվայի ուսերին, հավելյալ լարվածություն առաջացրեց։ Իրադրությունն ավելի սրվեց Շիրակի մարզի Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպից հետո։ Իհարկե, ՀՀ Պնախարարը դրանից հետո փորձեց մեղմել գրեթե միջպետական սկանդալի վերածվելու հավակնություն ունեցող միջադեպի հետեւանքները, սակայն ռեզոնանսը հայ-ռուսական հարթակներում բավականին մտահոգիչ է։

Ղարաբաղյան ճակատում Ռուսաստանը, ըստ էության, երբեք չի կանխի պատերազմի վերսկսումը։ Պատճառը շատ պարզ է՝ Մոսկվան նման իրավասություն չունի։ Ճշտենք, միջազգային իրավունքի տեսակետից ղարաբաղյան հակամարտությունն Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների ներսում տեղի ունեցող հակամարտություն է, որտեղ ներգրավված կողմերից արցախահայությունը չի ցանկանում ապրել Ադրբեջանի կազմում եւ ցանկանում է իրացնել իր ինքնորոշման իրավունքը։

ՄԱԿ կանոնադրության համաձայն, այն լուծվելու է խաղաղ բանակցությունների միջոցով, ինչին ծառայում է որպես միջնորդ ԵԱՀԿ ՄԽ եռանախագահությունը ՄԱԿ ԱԽ 5 մշտական անդամներից 3-ի նախագահությամբ։ Բաքուն համաձայնել է այդ ֆորմատին։ Սակայն որեւէ պահի Բաքուն կարող է դուրս գալ բանակցություններից եւ որոշել, որ հակամարտությունը պետք է լուծի ռազմական եղանակով, իր, այսպես ասած՝ տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար։ Թե ինչ կլինեն դրա դիվանագիտական, ռազմական կամ քաղաքական հետեւանքները, այլ հարց է, սակայն Բաքուն ունի այդ ազատությունը, եւ Մոսկվայի կողմից որեւէ միջամտությունը կարող է Բաքվի կողմից գնահատվել որպես այլ պետության ներքին գործերին միջամտելու փորձ։ Բացի այդ, Բաքուն կարող է պարզապես Մոսկվային հիշեցնել, որ Պուտինն իր կառավարման սկզբում արյան մեջ խեղդեց չեչենական անկախական նկրտումները։ Իսկ այս իրավիճակում Մոսկվան դժվար թե միջամտի նախապես։ Այլ է հարցը, որ եթե պատերազմ սկսվի, մի քանի օր անց Մոսկվան կմիջամտի։ Դա բխում է Կրեմլի շահերից։ Հետեւապես վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, որով պատերազմի հնարավոր վերսկսման պատասխանատվությունը դրվում է Մոսկվայի վրա, լուրջ սխալ է։ Ռուսաստանում այս ամենը շատ լավ են հասկանում, եւ թերեւս դա է պատճառը, որ ռուսական կողմից իսկական դեմարշ է ձեռնարկվել ընդդեմ ՀՀ իշխանությունների։

Տիգրան ՎԱՀԱՆԵ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031