Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Սարգսյանի մտերիմ ընկերն ազատ է արձակվել. նա եւ թիկնապահն առերեսվել են. «Հայկական ժամանակ»

Հուլիս 25,2018 11:24

Մեր տեղեկություններով, Սաշիկ Սարգսյանի որդու՝ Նարեկ Սարգսյանի մտերիմ ընկեր Սերոբ Սահակյանն ազատ է արձակվել:

Սերոբ Սահակյանն ու Վլադիմիր Շահինյանցը ՀՀ ազգային անվտանգության ծառայություն էին բերման ենթարկվել Նարեկ Սարգսյանին օժանդակելու կասկածանքով:

Ըստ ԱԱԾ-ի՝ քննչական գործողությունների արդյունքում հայտնի է դարձել, որ Նարեկ Սարգսյանը 2018 թվականի հունիսի 22-ին իր թիկնապահ Արտեմ Պետրոսյանի հետ մեկնել է Մոսկվա՝ այնտեղից որեւէ եվրոպական երկիր մեկնելու նպատակով, եւ մինչ ՀՀ տարածքը լքելը Սարգսյանն իր թիկնապահի միջոցով Սերոբ Սահակյանին է փոխանցել Երեւանի Արամի փողոցի շենքերից մեկի բնակարանի բանալին, իսկ արդեն հունիսի 25-ին, նույն թիկնապահի միջոցով Սահակյանին խնդրել է վերոնշյալ բնակարանում գտնվող երկու ճամպրուկները տեղափոխել այլ վայր:

Անձնական խուզարկության ժամանակ Վլադիմիր Շահինյանցի եւ Սերոբ Սահակյանի մոտ գտնվող ճամպրուկներում հայտնաբերվել եւ առգրավվել են կոկաին եւ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ, թվով 4 ատրճանակ, որոնցից մեկը խլացուցիչով, փամփուշտներ, անհայտ ծագման հաբեր, ապակյա եւ պլաստմասսայե խողովակներ՝ սպիտակավուն եւ սեւ հետքերով, կաթոցներ, որոնք ամենայն հավանականությամբ ծառայել են թմրանյութ օգտագործելու նպատակով եւ այլ իրեր: Մեր տեղեկություններով, այս գործով Սերոբ Սահակյանն այժմ ոչ թե կասկածյալի այլ՝ վկայի կարգավիճակ ունի:

Օրեր առաջ սույն քրեական գործով իրավապահներին էր ներկայացել հետախուզման մեջ գտնվող Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանի որդու` Նարեկ Սարգսյանի թիկնապահը` Արտեմ Պետրոսյանը: Նա հունիսի 10-ին` Կրասնոդար-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից ներկայացել է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն: Արտեմ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-ին մասով (մի խումբ անձանց կողմից ապօրինի զենք-զինամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելը, կրելը, կամ փոխադրելը) եւ ՀՀ ՔՕ 266 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից թմրամիջոցների իրացում): Սույն թեմայի շուրջ մեր հարցերին է պատասխանել թիկնապահի պաշտպան Հովիկ Արսենյանը:

Պարոն Արսենյան, ձեր պաշտպանյալն առաջադրված մեղադրանքն ընդունո՞ւմ է, թե՞ ոչ, ի՞նչ դիրքորոշում է հայտնել:

– Իմ պաշտպանյալն իրեն մեղավոր չի ճանաչել, ավելին՝ ներկայացրել է այլուրեքություն (ալիբի), փորձել է հիմնավորել, ապացուցել, որ առաջադրված մեղադրանքի հետ առնչություն մասնակցություն չունի: Տվել է մանրամասն ցուցմունք՝ ապացուցելով իր անմեղությունը:

Ըստ ԱԱԾի՝ Նարեկ Սարգսյանը Արտեմ Պետրոսյանի հետ մեկել է Մոսկվա՝ այնտեղից որեւէ եվրոպական երկիր մեկնելու նպատակով: Ձեզ հայտնի՞ է որ երկրի մասին է խոսքը:

– Չմոռանանք, որ այդ թմրամիջոցներն ու զենք-զինամթերքը հայտնաբերվել եւ առգրավվել են հունիսի 25-ին, իսկ Նարեկ Սարգսյանը իր թիկնապահի՝ իմ պաշտպանյալ Արտեմ Պետրոսյանի հետ Հայաստանից մեկնել է հունիսի 22-ից, այսինքն՝ դեռեւս նման մեղադրանքներ գոյություն չունեին: Միայն Մոսկվայում եղած ժամանակ հեռուստատեսությամբ Արտեմ Պետրոսյանին հայտնի է դարձել այս դեպքի մասին: Ինչից հետո վեճ է առաջացել Նարեկ Սարգսյանի հետ, ինքը հեռացել է նրանից ու կամովին ներկայացել է իրավապահ մարմիններին: Ինչ վերաբերում է որեւէ արտասահմանյան երկիր մեկնելուն, ապա այդպիսի որեւէ հանգամանք ինձ հայտնի չէ:

 

Տաթեւ Խաչատրյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031