Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում արտաքին քաղաքական հնչեղություն ունեցող նույն հարցի վերաբերյալ տարբեր մակարդակի մեր պաշտոնյաներ հանդես են գալիս հակասական հայտարարություններով. «Հայոց աշխարհ»

Հուլիս 25,2018 11:14

Իշխանության տարբեր օղակները ներկայացնող պաշտոնյաները հաջորդաբար հանդես են գալիս հակադիր հայտարարություններով, իսկ նրանց խոսքերին հետեւող մամուլն էլ ավելի է մեծացնում խառնաշփոթը։ Բայց եթե ներքին առումով դա բացատրվում է նոր իշխանության քաղաքական թիմի անփորձությամբ, ապա վտանգված տարածաշրջանում գտնվող երկրի արտաքին քաղաքականության սայթաքումները կարող են ծանր հետեւանքներ ունենալ։

Մինչդեռ եթե հետեւենք վերջին մեկ շաբաթվա ընթացքում արտաքին քաղաքական հնչեղություն ունեցող նույն հարցի վերաբերյալ տարբեր մակարդակի մեր պաշտոնյաների հայտարարություններին, ապա կտեսնենք, որ նրանք ավելի շուտ առաջնորդվում են սեփական ինտուիցիայով, քան իրենց պաշտոնեական դիրքից բխող գործառույթների իրականացմամբ։

Այսպես. Փանիկում օրերս միջադեպ է տեղի ունեցել ռուսական 102-րդ ռազմակայանի զինվորականների ու գյուղացիների միջեւ, որը արագորեն հարթվել է, իսկ վերջում էլ ավարտվել սովորական «ուտուշ-խմուշով»։ Քաղաքական ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ այս ամենը երկու դաշնակից ու բարեկամ երկրների հարաբերություններում, որոնք հազարավոր թելերով կապված են միմյանց հետ։

Առողջ տրամաբանության առումով նույնիսկ ավելորդ է հարցի լուրջ քննարկումը, բայց եթե հետեւում ենք դրանից հետո Փանիկի շուրջ ծավալված զարգացումներին, ապա ակնհայտ է դառնում, որ մենք գործ ունենք քարոզչական շահարկումների երկու զուգահեռ գործընթացի հետ։

Դրանցից առաջինը ծավալվում է իշխանության դաշտում, որտեղ այդ միջադեպն ու նրա հնարավոր հետեւանքները արժանանում են առնվազն 4-5 հակադիր գնահատականի։

Երկրորդը ծավալվում է հայաստանյան լրատվամիջոցներում, առաջին հերթին ֆեյսբուքում, ուր տեղի ունեցածը օգտագործվում է հստակորեն առաջադրված խնդրի, այն է՝ հայ-ռուսական հարաբերություններում պրոբլեմներ ստեղծելու համար։

Հիշենք անցած օրերին այս հարցի հետ կապված ԱԱԾ պետի, պաշտպանության նախարարի ու վարչապետի գնահատականները, դրանք համեմատենք արված եզրակացությունների հետ, որոնք նույնպես լեցուն են հակասություններով։

Այսպես. Փանիկ մեկնած պաշտպանության նախարարը հուլիսի 22-ին հայտարարել էր, որ չի բացառվում Հայաստանի տարածքում գտնվող Ռուսաստանի սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին պայմանագրի որոշ դրույթների վերանայումը։ Թե ի՞նչ կապ ունի Ռուսաստանի սահմանապահ զորքերի կարգավիճակի հարցը Փանիկում տեղի ունեցածի հետ, որը, պաշտպանության նախարարի կարծիքով, կարող է խթանել այդ փոփոխությունները, անհայտ է մնում։

Բայց մինչ այդ արդեն ռուսական ու ադրբեջանական լրատվամիջոցները մեկ օրվա ընթացքում հասցրին քանիցս իրենց նպատակների համար օգտագործելով՝ շահարկել պաշտպանության նախարարի «սենսացիոն հայտարարությունը»։ Իսկ ոչ անհայտ ադրբեջանական «Հաքքին ազը» Դ.Տոնոյանի հայտարարությունից հետո ուրախությամբ ազդարարեց. «Երեւանը խզում է դաշինքը Ռուսաստանի հետ»։

Բայց ահա նախօրեին պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, ճշտելով իր վերադասի խոսքերը, ռուսական «ՌԻԱ նովոստիին» հայտնեց. «Նախարարը նկատի է ունեցել ռուսաստանյան 102-րդ ռազմական հենակետի թեմատիկան եւ խոսել է ոչ թե վերանայման, այլ մեկ այլ համաձայնագրի տեխնիկական կետերի լրացման մասին։ Սահմանապահ զորքերի վերաբերյալ ընդհանրապես խոսք չի եղել»։

Եվ ի՞նչ, ռուսները դրանից թեթեւացած շունչ քաշեցի՞ն։ Դժվար է ասել, քանի որ վերջերս մերոնց հասկանալը խիստ դժվար է դարձել։ Իսկ ահա ադրբեջանական նույն կայքի արձագանքը այս անգամ տխուր էր. «Ռուսաստանյան զորքերը մնալու են Հայաստանում»։

Այնպես որ, մեր պաշտոնյաների անպատասխանատու կեցվածքի հետեւանքով հայտնվել էինք կատարյալ տեղեկատվական քաոսի մեջ, որովհետեւ նման լուրջ հարցերի շուրջ հակասական հայտարարությունները խառնաշփոթ էին ստեղծել մեր ու մեր դաշնակիցների ու թշնամիների ուղեղներում։

ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031