Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցականի տակ են հայտնվել որոշ խոշոր տնտեսական նախագծեր, որոնք նախանշել էր նախորդ կառավարությունը. «Հայոց աշխարհ»

Հուլիս 25,2018 10:45

Միացյալ Նահանգների դեսպանի հայտարարությունը Հայաստանում առաջիկայում ամերիկյան խոշոր ներդրումների ակնկալիք չունենալու շուրջ, սառը ցնցուղ էր կառավարության համար։ Բայց դա պատահական չէ, եթե հաշվի առնենք, թե ինչպես է վարվում նոր իշխանությունը ներդրողների հետ։

Իշխանափոխությունից հետո կառավարությունը դեռեւս չի հայտարարել որեւէ կոնկրետ ներդրումային ծրագրի իրականացման մասին։

Խոստացված ներդրումային բումը չի կայանում։ Ներդրողները, այդ թվում՝ Սփյուռքի մեր հայրենակիցները, չեն շտապում գալ Հայաստան եւ ֆինանսական աջակցություն ցուցաբերել նոր իշխանությունների տնտեսական ծրագրերին եւ մասնակցել երկրի տնտեսության զարգացմանը։ Նամանավանդ երկիրը ներարկումների լուրջ կարիք ունի։

Ինչո՞ւ է այդպես։ Դա նշանակո՞ւմ է, որ կառավարության քայլերը վստահություն չեն ներշնչում եւ չափազանցված են նախկինում ձեւավորված սպասումները։

Մինչ կառավարությունը անհույս փորձեր է անում տնտեսության նկատմամբ արտաքին կապիտալի ներդրումային հետաքրքրությունների ակտիվացման նմանակում ստեղծելու ուղղությամբ՝ հարցականի տակ են հայտնվել որոշ խոշոր նախագծեր, որոնք նախանշել էր նախորդ կառավարությունը։ Խոսքը Հայաստանի տնտեսության չափանիշներով մեծածավալ ներարկումների մասին է, որոնք հայտնվել են ծանր փորձության առջեւ։

Ամուլսարի պատմությունը դեռեւս չավարտված՝ այժմ էլ դժգոհություն է հասունանում «Շնող հէկ»-ի կառուցման ծրագրի հետ կապված, որը, ի տարբերություն առաջինի, նոր պետք է մեկնարկի։ Հայ-ամերիկյան համագործակցությամբ նախատեսվող այս ծրագրի իրականացումը հայտնվել է հարցականի տակ։ Տեղի բնակչությունը բնապահպանական նկատառումներով դեմ է հիդրոկայանի կառուցմանը։

Խոսքը 150-200 մլն դոլարանոց ներդրումային ծրագրի մասին է, որի շնորհիվ ակնկալվում է ապահովել 75 մեգավատտ էներգետիկ հզորություն։ Կասկած չկա, որ նման կայանի կառուցումը առանցքային նշանակություն ունի Հայաստանի էներգետիկ համակարգի համար, այդ թվում՝ սակագնային քաղաքականության հարցում։

Իշխանափոխությունից հետո հարցականի տակ է հայտնվել նաեւ «Ռենկո» ընկերության կողմից Երեւանում երկրորդ ջերմային էներգաբլոկի կառուցման ծրագիրը, որի ներդրումային արժեքը գնահատվում է շուրջ 300 մլն դոլար։ Կառավարությունը դեմ է ներդրողի հետ նախկինում ձեռք բերված պայմաններով դրա իրականացմանը։ Ուստի առաջարկել է վերանայելն այն։

Կհամաձայնի՞ դրան ներդրողը, թե՞ ոչ, այնքան էլ կարեւոր չէ։ Փաստն այն է, որ կառավարության նման վարքագիծը վստահություն չի ներշնչում ներդրողներին։

Խնդիրների առջեւ է Հայաստանում նավթավերամշակման գործարանի կառուցման ներդրումային ծրագիրը։

Այս ցանկը կարելի է շարունակել։ Բայց դա էլ բավական է, որ ներդրողները զգուշանան՝ գիտակցելով, թե ինչ ճակատագիր կարող է սպասել իրենց Հայաստանում։ Նման պայմաններում ինչպե՞ս կարող է ներդրումային ակնկալիք լինել։

Հ.ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031