Լրահոս
Օրվա լրահոսը

«Հերոսն» ու «հակահերոսը» համատեղելի են

Հուլիս 25,2018 10:10

Էջմիածնի ավագանին միաձայն զրկեց գեներալ Մանվել Գրիգորյանին այդ քաղաքի պատվավոր քաղաքացու կոչումից: Գիտեմ, որ դա շատերին դուր եկավ: Իսկապես, մի մարդ, որն, ըստ մեղադրանքի, զինվորներից սնունդ եւ հագուստ է գողացել, արժանի չէ որեւէ քաղաքի պատվավոր քաղաքացու կոչմանը: Բայց նախ՝ երեւի արժեր սպասել՝ արդյո՞ք այդ մեղադրանքները կհաստատվեն, եւ այդ առումով ավագանին թերեւս փոքր-ինչ շտապել է: Դատավճռից հետո, այո, թերեւս բնական կլիներ այդ քայլին դիմելը: Սակայն ես ավագանու անդամների տեղը լինեի, այդ որոշումն ընդունելուց առաջ մի փոքր քննարկում կկազմակերպեի, որի ժամանակ պատասխան կտրվեր մի շարք հարցերի: Օրինակ՝ ինչի՞ համար ենք մենք Մանվելին այդ պատվավոր կոչումը տվել: Արցախում հերոսաբար կռվելո՞ւ: Դա սո՞ւտ դուրս եկավ, նա չի՞ կռվել: Եթե այդպես է, պետք է նման կեղծիքը բացահայտող նյութեր հրապարակել: Եթե կռվել է, իսկ հետո, բարձրագույն իշխանության թողտվությամբ, «հաբռգել» է (ինչպես որ ես եմ կարծում), ապա պետք է հասկանալ, թե ինչու, ինչպես: Ավագանու անդամների փոխարեն ես կփորձեի հասկանալ նաեւ հետեւյալը. երբ մենք նրան պատվավոր քաղաքացու կոչում էինք տալիս, մենք չգիտեի՞նք, որ Մանվելը Էջմիածնի եւ մոտակա գյուղերի «ֆեոդալն» է՝ իր չվաստակած բիզնեսներով, ամբարտավան կեցվածքով եւ մարդկանց նկատմամբ ստորացուցիչ վերաբերմունքով: Ուրեմն այն ժամանակ նո՞ւյնպես հիմքեր կային պատվավոր կոչում չտալու:

Եվ ընդհանրապես՝ հնարավո՞ր է արդյոք լինել ե՛ւ հերոս, ե՛ւ հակահերոս: Ինձ թվում է՝ այո, դա միանգամայն հնարավոր է, եւ միայն մեր մտքի սահմանափակ լինելն է բացառում նման «համատեղությունը»: Վերջերս մի գործարար երկրապահ հարցազրույց է տվել եւ հայտարարել մոտավորապես հետւեյալը. Վազգեն Սարգսյանը հերոս է եւ վերջ, իսկ ով նրան բան է ասում, անբարոյականի ծնունդ է: Այդ պնդման առաջին կեսն ինձ համար կասկածից վեր է՝ նա հերոս է, եւ նրա անունով պիտի կոչվեն փողոցներ, մարզադաշտեր, պուրակներ եւ այլն:

Բայց Վազգեն Սարգսյանը նաեւ ճարտարապետն է այն քաղաքական համակարգի, որը գոյություն ուներ մինչեւ այս տարվա ապրիլի 23-ը, երբ ներքին կյանքում ուժի կիրառումը, զոռբայությունը, անպատժելիությունը քաղաքական, պետական եւ տնտեսական վերին էշելոններ էին մղել Մանվելի նման «որձ տղերքին»: Եվ դրա մասին գուցեեւ չարժեր հիմա խոսել (հերոսի անունը չարատավորելու համար), եթե այդ համակարգն ամբողջությամբ ապամոնտաժված լիներ եւ չդիմադրեր: Քանի դեռ այդ համակարգն, ըստ էության, կա, պետք է հասկանալ դրա ակունքները, որոնց մոտ կանգնած են ոչ միայն առաջին երեք նախագահները, այլեւ Վազգեն Սարգսյանը:

Ամեն մեկիս մեջ էլ կա «լույսն ու ստվերը»: Պարզապես ուժեղ, պասիոնար անձնավորությունների դեպքում դա առավել ակնհայտ է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Վազգէն Սարգսեանն այն կերպարը չէ, որով պիտի ոգեշնչուեն սերունդները։

    Վազգէն Սարգսեան կերպարը խորթ է մեզ՝ 21-րդ դարի հայաստանցի երիտասարդներիս։

    Ինչ վերաբերում է նրա «հերոսական» անցեալին. ես մի առիթով գրել եմ, որ «հերոսներ» ունենալն ամենեւին էլ լաւ բան չէ, այլ ընդհակառակը՝ թուլութեան ու տկարութեան նշան է։

    21-րդ դարի պետութիւնների հզօրութեան երաշխիքները տարատեսակ հերոսները չեն, այլ օրէնքով գործող ինստիտուցիոնալ համակարգերը։

    Նայէք աշխարհի հզօրներին։ Գերմանիան եւ Շվեյցարիան հերոսներ չունեն։ Նրանք դրա կարիքը չունեն։
    Հիմա նայէք ձեզ՝ Սարդարապատի հերոսներ, հայրենականի հերոսներ, արցախեան հերոսներ, ապրիլեան հերոսներ։ Դուք, որպէս հասարակութիւն եւ պետութիւն, առայժմ այնքան թոյլ էք, որ ձեր «փրկութիւնը» տեսնում էք միայն հերոսների մէջ՝ աստուածացնելով նրանց։ Հայաստանի փողոցների, պուրակների, հրապարակների, շէնքերի (ու դրանց սենեակների) անունների 99.9%-ը ձեր պատկերացրած հերոսների անուններով է։ Դուք ժամանակ առ ժամանակ իրար յօշոտում էք, թէ Երեւանի այսինչ վայրում ում արձանը պիտի կանգնեցուի կամ ոչ։

    Միով բանիւ, հայերը հերոսացաւով են տառապում։

    Ինձ համար Վազգէն Սարգսեանը, բնականաբար հերոս չէ, առաւել եւս՝ սպարապետ։

    Միեւնոյն ժամանակ ես չեմ ժխտում նրա ու (ձեր պատկերացմամբ) միւս «հերոսների» դրական աւանդը այս կամ այն գործում։ Շնորհակալ ենք նրանց արածների համար՝ բայց հերոսացնել ու աստուածացնել չենք պատրաստւում։

    Իմ կարծիքով, այդպէս է մտածում նաեւ մեր ներկայիս երիտասարդութիւնը։ Եւ դա ուրախալի է,, 😊

  2. մարդամեկ says:

    Հերոս բառը ընդգրկում է լայն իմաստ, դրա համար արարքը պետք է նշվի․ ․ Օրինակ աշխատանքի հերոս , պատերազմի հերոս ․ Հակահերոս բառը նույնպես պետք է արարքով նշվի․ Դա արդեն թողնում եմ ձեր հայացողությանը․ Ինչպես տեսնում եք եթե չենք նշում արարքը ապա հերոսն» ու հակահերոսը համատեղելի են դառնում քանի որ մի մարդ կարող է պատերազմի հերոս լինել բայց աշխատանքի հերոս չլինել․

  3. Լավատես says:

    Ավագանին լավագույն ամենասկզբունքային ամենապատվավոր մարդկանցից է կազմված, նրանց խոսքը թագավորի խոսքի արժեքն ունի, իսկ թագավորի որոշումը ինքը թագավորն անգամ իրավունք չունի դրժելու, միակ լուծումը թագավորի համար՝ եթե նա գտնում է, որ սխալ որոշում է կայացրել, եթե իսկական թագավոր է եւ ոչ թե սովորական մանկլավիկ, որպեսզի սեփական խոսքը չդրժի՝ արժանավայել պետք է հրաժարվի թագավորի պաշտոնից ու ժողովրդից ներողություն խնդրի, այնպես որ, ով կողմ է քվեարկել առաջին անգամ ու դեմ է այսօր քվեարկում, պետք է հրաժարական տա ու ներողություն խնդրի ժողովրդից:

  4. Հ.Շ. says:

    Այդ համակարգին հիմնական ակունքները քաղաքական չեն: Եւ մինչեւ այն ատեն որ կը կարծուի թէ նա կը բուժուի քաղաքական միջոցներով, նա չ’անհետանար, էականօրէն՝ չի փոխուիր: Դերակատարների մի մասը կը փոխուին անշուշտ, բայց համակարգը չ’անհետանար (այդ տեսակէտից, այո, տեղի ունեցած յեղափոխութիւնը գոյացուց նոր հնարաւորութիւններ…)

    Անցած երեք վարչակարգերն ալ երկնքից չինկան, գետնին տակէն չելան, ոչ ալ մի այլ մոլորակից եկան:

  5. Ruben says:

    Ամեն ինչ սկսվեց Նիկոլի թվից մոտ ԻԸ տարի առաջ (կառավարման համակարգի թավշյա հեղաշրջման օրից): Դարանից մի ք(յ)ոռ մուկ ստացավ առնետի կարգավիճակ եւ հավաքեց ժողով: Նրանց մեջ դեռ գոյություն ունեին զանգ կախողներ, բայց ցավոք վաղաժամ լքելցին այս (հ)անցավոր աշխարհը:
    Եկավ մի օր ու առնետը դիմեց ժողովին՝ «Մեզ հերոսներ են պետք՝ միայն մեզնից ու հանգուցյալ»:

    ԵՐԳՉԻ ՎՐԵԺԸ

    Ծանըր հեծության ժամանակների
    Եվ ճընշումների անըզգա որդիք,
    Կամեցա սիրել, սակայն դուք բարի
    Սիրտըս ու հոգիս զայրույթով լցրիք:

    Բայց դրա համար ես այնպես կերգեմ,
    Որ այդ ձեր սիրտը ցավից պատառի,
    Տըխուր ձայներով կըթունավորեմ
    Հանգստությունը գալոց օրերի:

    Հուսահատության թախծալի երգով
    Լեղի կըդարձնեմ ձեր կյանքը բոլոր,
    Եվ դուք կարտասվեք լիացած աչքով,
    Խնջույքների մեջ նստած գըլխակոր:

    Եվ խիստ վրեժը զայրացած երգչի
    Ձեզ կըհետևի մինչև գերեզման,
    Ձեր սիրտը կայրի, հոգին կըտանջի…
    Եվ կըտառապեք այսպես հավիտյան:

    Փետրվարի 22. 1891
    Հովհաննես Թումանյան

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031