Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր գործունեության առանցքը Վրաստան ժամանող ՀՀ քաղաքացիներին ծառայելն ու հայ-վրացական հարաբերությունները զարգացնելն է»

Հուլիս 25,2018 12:00

«Առավոտ»-ի զրուցակիցն է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը

– Պարոն Սադոյան, Ձեր հավատարմագրերն անցյալ տարի նոյեմբերի 29-ին հանձնեցիք Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին: Յոթ-ութ ամիս արդեն մեր երկրի դեսպանն եք Հայաստանի բարեկամ, հարեւան երկրում, ու թեեւ դա կարճ ժամանակահատված է արդյունքներ գնահատելու տեսակետից, բայց քանի որ Դուք բավական ակտիվ գործունեություն եք ծավալել, հետաքրքիր է իմանալ՝ այս ամիսների ընթացքում ի՞նչ արդյունքներ կառանձնացնեիք, որոնց հաջողվել է հասնել Ձեր շնորհիվ:

– Նախ կցանկանայի նշել, որ այն արդյունքներին, ինչին հասել ենք, հասել ենք թիմային աշխատանքի շնորհիվ։ Դրանց որոշ մասը ակնառու եւ տեսանելի է, իսկ որոշների մասին պարզապես չենք կարող բարձրաձայնել մեր գործունեության առանձնահատկություններից ելնելով։ Բայց այն փաստը, որ իմ պաշտոնավարման առաջին 5 ամիսների ընթացքում տեղի ունեցան Հայաստանի եւ Վրաստանի բարձրագույն ղեկավարության 4 փոխադարձ այցելություններ, արդեն խոսուն ապացույց է, որ հայ-վրացական երկկողմ հարաբերությունները վերընթաց զարգացում են ապրում եւ դեռեւս կապրեն, քանզի կա չօգտագործված ներուժ ամենատարբեր ոլորտներում եւ նաեւ քաղաքական կամք՝ երկու երկրների ղեկավարությունների կողմից։

Այդքան էլ չէի ցանկանա ինքս խոսել դեսպանության ձեռքբերումների մասին, սակայն ցանկանում եմ առանձնացնել մի բան, որը Վրաստանում իմ գործունեության առանցքն է. դա այն է, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի Վրաստանում պաշտպանված զգա եւ ի դեմս Վրաստանում ՀՀ դեսպանության՝ իր թիկունքում զգա Հայաստանի Հանրապետության աջակցությունն ու պաշտպանությունը։

Գիտենք, որ նախորդ տարի Վրաստան այցելուների քանակով Հայաստանն առաջին տեղում էր՝ 1.7 մլն ցուցանիշով, եւ պատկերացրեք, թե ինչ դժվարություններ է իր մեջ պարունակում նման քանակով այցելուներ ունենալը։ Նրանցից ոմանք տարբեր խնդիրներ են ունենում, որտեղ անհրաժեշտ է դեսպանության աջակցությունը, եւ կարող եմ վստահությամբ նշել, որ մեզ հաջողվել է հասնել մի նշաձողի, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, ով դիմել է ՀՀ դեսպանություն, ստացել է դեսպանության անվերապահ օժանդակությունը։ Որեւէ դիմում, որեւէ խնդրանք անպատասխան չի մնում, պարզապես պետք է դիմել Վրաստանում ՀՀ դեսպանություն:

– Ձեր գործունեության մեջ ո՞ր ոլորտներում ի՞նչ խնդիրներ եք առանձնացրել, որոնք լուծման են սպասում, ի՞նչ առաջնահերթություններ ունի Վրաստանում ՀՀ դեսպանատունը կարճաժամկետ եւ երկարաժամկետ կտրվածքով, եթե դիտարկելու լինեք:

– Մեր գործունեությունն իրապես ունի, այսպես կոչված, մի քանի հիմնասյուներ, դրանցից առաջինն է՝ առավել զարգացնել եւ սերտացնել բարեկամ Վրաստանի եւ եղբայրական վրացի ժողովրդի հետ հարաբերությունները՝ մարդկային շփումների համար համապատասխան միջավայր ստեղծելով, մենք վստահ ենք՝ դա լավագույն տարբերակն է, որպեսզի մեր ժողովուրդները՝ հատկապես երիտասարդ սերունդը, ավելի շատ ճանաչեն միմյանց։ Հայերն ու վրացիները շատ նման են իրար՝ աշխարհայացքով, մտածելակերպով, կենցաղով, կյանքի ընկալումներով, եւ դա լավագույն խթանն է, որպեսզի ընդհանրությունների վրա հիմնված առավել սերտացնենք երկու ժողովուրդների միջեւ կապերն ու շփումները։ Այդ ուղղությամբ մենք արդեն ամիսներ շարունակ աշխատանքներ ենք տանում, եւ պետք է նշեմ, որ կան շոշափելի արդյունքներ։

Մեր գործունեության երկրորդ հիմնասյունը, ինչպես վերը նշեցի, Վրաստան ժամանող մեր քաղաքացիներին ծառայելն է։
Գործունեության այլ ուղղություններից կնշեի երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացումը՝ փոխադարձ ներդրումների ապահովումը, ապրանքաշրջանառության աճը, համատեղ նախագծերի իրականացումը։ Եվ բացի վերոշարադրյալից՝ պետք է նշեմ, որ դիվանագիտությունը լայն հասկացություն է եւ հնարավորի արվեստ, այն իր մեջ ամփոփում է ամենատարբեր բնույթի գործառույթներ, եւ հավատացած եղե՛ք՝ այդ ուղղություններով եւս ինտենսիվ աշխատանքներ են կատարվում։

– Հայաստանի եւ Վրաստանի իշխանությունները մշտապես խոսելով հայ-վրացական հարաբերությունների մասին՝ վստահեցնում են, որ այդ հարաբերությունները համապատասխանում են երկու ժողովուրդների դարավոր բարեկամության ոգուն, եւ մշտապես հնչում է հետեւյալ նախադասությունը՝ «հայ-վրացական հարաբերություններում չկան անլուծելի խնդիրներ»: Իսկ կարելի՞ է իմանալ՝ խնդիրներ հաճա՞խ են ծագում, եւ եթե այո՝ ինչպիսի՞ խնդիրներ ենք դրանք, ո՞ր ոլորտներին են վերաբերում:

– Աներկբայորեն կարող եմ նշել, որ, ինչպես Դուք արդեն նշեցիք, հայ-վրացական հարաբերություններում անլուծելի խնդիրներ չկան, դա բազմիցս հաստատել են ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Վրաստանի ղեկավարները։ Խնդիրներ առաջանալու պարագայում էլ, հայ-վրացական հարաբերություններն այն բարձր մակարդակի վրա են գտնվում, որ դրանք փոխհամաձայնությամբ շատ արագ ստանում են իրենց համապատասխան լուծումները։ Նմանատիպ հարցերից, օրինակ, կառանձնացնեի սիրիահայերի հետ կապված հարցը, երբ նրանցից ոմանց թողնում էին մտնել Վրաստան, իսկ ոմանց՝ ոչ։ Մեր վրացի գործընկերների հետ ինտենսիվ բանակցությունների արդյունքում հաջողվեց շատ արագ լուծել հարցը, եւ այժմ Հայաստանի քաղաքացի սիրիահայերն անարգել կարող են մտնել Վրաստան։

– Այժմ Հայաստանի նոր իշխանությունների՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ապա՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Վրաստան կատարած այցերին անդրադառնանք: Հրապարակային այն ամենը, ինչ հայտարարվեց Հայաստանի եւ Վրաստանի իշխանությունների կողմից, իհարկե, բավական տպավորիչ էր եւ խոստումնալից: Որպես դեսպան՝ կասե՞ք՝ ի՞նչ արդյունքների սպասենք առաջիկայում ավելի կոնկրետ:

– Այն, ինչ հայտարարվեց, պետք է գործի վերածել, եւ այդ ուղղությամբ կոնկրետ աշխատանքներ են տարվում։ Հայ-վրացական դարավոր հարաբերությունները, ըստ իս, օրինակելի կարելի է համարել, քանզի հազարամյակներով ապրելով կողք կողքի, բացառությամբ որոշ դեպքերի, միշտ ապրել ենք խաղաղության եւ փոխադարձ հարգանքի պայմաններում, եւ հավատացե՛ք՝ դա հազվադեպ հանդիպող երեւույթ է, վկան՝ մարդկության պատմությունը։ Եվ մենք, այսօր ունենալով երկկողմ հարաբերությունների պատմականորեն թրծված ամուր հիմքը, կառուցում ենք մերօրյա առավել սերտ հարաբերությունները, որոնք էլ ավելի ամրապնդվեցին մեր բարձրագույն ղեկավարության վերջին երկու այցելությունների ընթացքում։ Ես Ձեզ հավաստիացնում եմ՝ մենք մեր կողմից անելու ենք ամեն ինչ, որ ամսեամիս, տարեցտարի հայ-վրացական հարաբերությունների մակարդակն ավելի ու ավելի բարձրանա՝ ընդգրկելով երկկողմ հարաբերությունների ողջ սպեկտրը։

Նշեմ, որ փոխադարձ պատրաստակամություն կա նաեւ վրացական նոր կառավարության կողմից, որը եւս տրամադրված է գործնական քայլեր ձեռնարկել՝ առավել ընդլայնելու փոխշահավետ գործակցությունը։

– Տարեվերջին Վրաստանի նախկին վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հայտարարությունն այն մասին, որ ֆորս-մաժորային իրավիճակներում Հայաստանը, որի համար Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհը անցնում է Վերին Լարսով, կարող է օգտվել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի տրանսպորտային միջանցքներից, բավական ակտիվ քննարկվել է: Պաշտոնական Երեւանը մշտապես հայտարարել է, որ շահագրգռված է ունենալ այլընտրանքային ճանապարհներ: Այնուամենայնիվ, այդ միջանցքը իրապես այլընտրանք կարելի՞ է համարել Վերին Լարսին, որովհետեւ հնչել են տեսակետներ, որ այն եւս չի կարելի համարել չափազանց հարմարավետ:

– Եթե խոսենք այլընտրանքի մասին, ապա այդ ճանապարհը կարող է դիտարկվել այլընտրանք, իսկ ինչ վերաբերում է հարմարավետությանը, պետք է նշել, որ ոչ հարմարավետ այլընտրանքը եւս այլընտրանք է։

– Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, հատկապես 2008թ. ռուս-վրացական հնգօրյա պատերազմից հետո, օրինակ, հնչել են տեսակետներ, մտահոգություններ, վերլուծություններ, թե գուցե Ռուսաստանին որոշակի պահից դուր չգան հայ-վրացական սերտ հարաբերությունները: Նմանատիպ «խանդի» դրսեւորումներ էլ մեզանում են երբեմն ակտիվանում, երբ Վրաստանն Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ տարբեր ձեւաչափերում, ծրագրերում, նախաձեռնություններում է հանդես գալիս: Ի՞նչ պետք է անել, որպեսզի հայ-վրացական հարաբերություններում երրորդ երկրների գործոնը հնարավորինս նվազի:

– Ինչպես նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Հայաստան-Վրաստան հարաբերությունները պետք է զերծ լինեն աշխարհաքաղաքական գործոններից եւ ազդեցությունից»։ Եվ իրականում կարող ենք պնդել, որ մենք հայ-վրացական հարաբերությունները դիտարկում ենք երկկողմ տիրույթում՝ առանց որեւէ աշխարհաքաղաքական համատեքստի, եւ կարծում եմ, որ այդ գործելաոճը միայն հաջողություն կբերի մեր երկու երկրներին, քանի որ դարավոր բարեկամ երկու պետությունները իրենց հարաբերությունները պետք է կառուցեն միմյանց հետ ուղիղ հարաբերվելով, բարիդրացիականության ոգով եւ տարածաշրջանն առավել կայուն եւ ծաղկուն դարձնելու տեսլականով։

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 24.07.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031