Լրահոս
Օրվա լրահոսը

Պոչամբարներ են թափվում տասնյակ միլիարդավոր դոլարների հասնող հարստություններ

Հուլիս 25,2018 13:30

Ձեզ է դիմում 1960-1995 թթ. Սյունիքում երկրաբանա-հանքաբանական արշավախմբեր ղեկավարած Գառնիկ Խոջաբաղյանը։ 1980թ.-ից եղել եմ Սյունիքի գլխավոր երկրաբանը, հեղինակ եմ մի շարք գիտական հոդվածների եւ 2 մենագրության, որոնցից մեկը հայերենով՝ «Սյունիքի հանքային նահանգներ», լույս է տեսել 2016թ.-ին, իսկ մյուսը՝ ռուսերենով, նվիրված է Մեղրու շրջանի հանքավայրերի ուսումնասիրությանը։

Հայաստանը (հատկապես Սյունիքի մարզը) շատ հարուստ է մետաղական օգտակար հանածոներով՝ պղնձով, մոլիբդենով, ոսկով, արծաթով, ցինկով, երկաթով եւ դրանց հետ հարակից տարածված շատ թանկարժեք տարրերով՝ սելենով, տելլուրով, ռենիումով, կադմիումով, բիսմատոով, գալիումով, մագնեզիումով, գերմանիումով, հազվագյուտ հողերով եւ այլն։ Սյունիքում հայտնաբերված մի քանի տասնյակ հանքավայրերի եւ հանքաերեւակումների օգտակար տարրերի պաշարները կարող են լրիվ բավարարել Հայաստանի պահանջները եւ արտահանվել այլ երկրներ։ Նշված մետաղների եւ դրանց հետ սերտորեն կապված տարրերի գծով մեր հանրապետությունը շատ հարուստ է եւ համարվում է առաջավոր երկրներից մեկն աշխարհում։ Հայաստանի ընդերքի հարստությունները բնության անվճար պարգեւներն են մեր ժողովրդին, այլ ոչ թե առանձին անհատներին կամ օլիգարխներին (այն էլ՝ օտար), որոնք տիրացան մեր հայտնաբերած հանքավայրերին եւ ընդմիշտ մոռացան սերունդների համար նոր հանքավայրերի որոնման եւ հայտնաբերման անհրաժեշտությունը։

Սյունիքի մարզի օգտակար հանածոների հանքավայրերի երկրաբանական շատ բարենպաստ պայմանները, դրանց արդյունաբերական գնահատականները, մեծ հեռանկարով տեղամասերի առկայությունը, ընդերքի ուսումնասիրության նորագույն մեթոդները հաստատում են, որ Սյունիքի միներալային նյութերի ծավալը հետագայում անշեղորեն կընդարձակվի, եթե այն հայտնվի ժողովրդական կառավարության ուշադրության կենտրոնում։ Հասարակության տնտեսական, սոցիալական եւ արտադրողական ուժերի զարգացման կարեւորագույն խնդիրներից մեկը բնական հարստություններն են եւ ընդերքի օգտակար հանածոների պաշարները, որոնք պահանջում են հատուկ տնտեսական-խնայողական վերաբերմունք եւ միջոցների հիմնովին գիտական օգտագործում։ Վերը նշվածները հաստատում են, որ մեծագույն սխալ է օգտակար հանածոների հանքավայրերից հանքարդյունահանումը մասնավոր ընկերությունններին վստահելը: Այդ ընկերությունները գերհարստանալու նպատակով կամայականորեն մեծացնելով շահագործման ծավալները՝ թալանում են մեր հանքավայրերը՝ մեզ թողնելով թունավոր պոչամբարները եւ ապականված բնությունը։
Սյունիքի մարզում են տեղակայված աշխարհում խոշորագույններից մեկը ճանաչված Քաջարանի, ինչպես նաեւ Ագարակի, Այգեձորի, Հանքասարի, Դաստակերտի պղինձ-մոլիբդենային հանքավայրերը, Կապանի, Լիճքի պղնձի, Լիճքվազ-թեյի, Տերտերասարի, Մեղրասարի, Շահումյանի, Փխրուտի, Ատկիզի, Ոսկեձորի եւ Մարջանի ոսկու հանքավայրերը եւ մանրամասն ուսումնասիրության կարիք ունեցող բազմաթիվ հեռանկարային երեւակումներ։

Քաջարանի հանքավայրը՝ Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատը, այդ մեծ արդյունավետությամբ աշխատած եւ աշխատող ձեռնարկությունը, երկրաբանների կարծիքով՝ պետք է անպայման պահպանվեր՝ որպես բացառիկ նշանակության պետական սեփականություն:

Նկատի ունենալով, որ Հայաստանում շահագործվող բոլոր հանքավայրերը մշակման են ենթարկվում միջազգային չափորոշիչներին չհամապատասխանող սխեմաներով, որոնք հիմնականում կախված են հարստացուցիչ ֆաբրիկաների մեխանիզմների եւ հարստացման սխեմաների անկատարության եւ հնության հետ, ուստի այստեղ նկարագրվող Քաջարանի կողմից թույլ տրված թերությունները ընդհանուր են Հայաստանի բոլոր հարստացուցիչ կոմբինատների համար։

Ստորեւ ներկայացվող բոլոր հաշվարկները փոխ են առնված երկրաբանական գիտությունների դոկտոր՝ հանգուցյալ Հ. Ս. Ավագյանի կողմից 2011 թ. հրատարակված «Լեռնահանքային ու մետալուրգիական արդյունաբերությունների զարգացման ուղղություններն ու հեռանկարները Հայաստանի Հանրապետությունում» գրքից: 1951-2009 թթ. ժամանակահատվածում Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի ընդերքից արդյունահանվել եւ մշակվել է 318.2 մլն տոննա հանքաքար: ՀԳԱԱ երկրաբանական ինստիտուտի երկրաբանների կողմից ԶՊՄԿ-ի կողմից թողարկված խտանյութերում հայտնաբերվել են ազնիվ մետաղների (պլատին եւ պալադիում) կորզելի քանակություններ։ Հաշվարկները ցույց են տալիս, որ անցած 58 տարիների ընթացքում (1951թ. մինչեւ 2009թ.) Քաջարանի ընդերքից հանված եւ մշակված 318.2 մլն տոննա հանքաքարերից խտանյութերի տեսքով կորզված մասը կազմել է 2.35 մլն տոննա (0.74%), իսկ թերկորզման հետեւանքով պոչամբարներ թափված մասը՝ 315.85 մլն տոննա (99.26%), որի հարստությունների արժեքը կազմել է 11 միլիարդ 654.3 միլիոն դոլար։ Նույնպիսի հաշվարկների արդյունքով պարզվում է, որ 1963թ.-ից մինչեւ 2009թ.-ը Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ամբողջ ժամանակահատվածում դրա ընդերքից արդյունահանվել ու մշակվել են 100121.15 հազար տոննա հանքաքարեր, որի մշակման ընթացքում օգտակար տարրերի թերկորզման հետեւանքով պոչամբար թափված տարրերի արժեքը կազմել է 2 մլրդ 710 մլն 474.7 հազ. դոլար։ Նույն թերությունները թույլ են տրվել նաեւ Հայաստանում շահագործվող բոլոր հանքավայրերի հարստացուցիչ ֆաբրիկաներում։

Պարոն Փաշինյան, հաշվարկները ցույց են տալիս, որ Հայաստանում ունենալով բազմաթիվ հարուստ մետաղական օգտակար հանածոների (գունավոր, ազնիվ եւ սեւ մետաղների) հանքավայրեր, որոնք շահագործվում են սեփականատերերի կողմից, որոշակի օգտակար տարրերի չկորզման (պիրիտ եւ մագնետիտ հանքանյութերի, սկանդիում մետաղի) եւ հիմնական ու հարակից բաղադրիչների թերկորզման (ցածր կորզման 60-80%) հետեւանքով պոչամբարներ են թափվում տասնյակ միլիարդավոր դոլարների հասնող հարստություններ։ Իսկ Հայաստանում գործազրկություն, աղքատություն եւ արտագաղթ է։ Անընդունելի է:

ԳԱՌՆԻԿ ԽՈՋԱԲԱՂՅԱՆ

«Առավոտ»

24.07.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031