Փարվանա լճի մոտակայքում գտնվող Գանձա գյուղում է Վահան Տերյանի թանգարանը: Հենց առաջին հայացքից էլ աչք է ծագում, որ թանգարանն ունի նորոգման կարիք, ցուցասրահի նկարները խունացած են, ֆոնդը համալրման կարիք ունի: Թանգարանի հարեւանությամբ բանաստեղծի ապրած տունն է, որն ավելի խղճալի վիճակում է, որոշ սենյակներ շուտափույթ նորոգման կարիք ունեն: Բանաստեղծի տան հարեւանությամբ էլ Սուրբ Կարապետ եկեղեցին է: Եկեղեցու կառուցումը սկսվել է 1851 թվականին, Վահան Տերյանի պապի` տեր Գրիգորի կողմից: Այն ավարտին է հասցրել բանաստեղծի հայրը` տեր Սուքիասը: Սուրբ Կարապետը կառուցված է Էջմիածնի մայր տաճարի նմանությամբ: Եկեղեցին օծվել է 1859 թվականին:
Սուրբ Կարապետի բակում են գտնվում Տերյանի 100-ամյակին եւ Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքարերը, նաեւ Վահան Տերյանի դուստր Նվարդի գերեզմանի խաչքարը: Եկեղեցու մոմավաճառը պատրաստ է ամեն այցելուի սիրով ներկայացնել եկեղեցու պատմությունը ու առնչությունը Տերյանի նախնիների հետ:
Ինչ վերաբերում է Գանձա գյուղին, այն գտնվում է Սամցխե-Ջավախքի Նինոծմինդա շրջանում՝ Ախալքալաքից 22 կմ հարավ-արեւելք, ծովի մակարդակից 2020-2070մ բարձրության վրա։ Ընդհանրապես ողջ գյուղում տերյանական շունչ կա, Վահան Տերյանի կիսանդրին գտնվում է նաեւ իր թանգարանի բակում, իսկ Տերյանի մի արձանն էլ մշակույթի տան բակում է: Այստեղ մարդիկ բարի են, հյուրասեր, անծանոթ անցորդին պատրաստ են ընդունել իրենց հարկի ներքո:
«Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով Վահան Տերյանի տան վիճակին, ՀՀ ԱԺ պատգամավորը, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը վստահեցրել էր, որ առաջիկայում կիրականացվեն նախագծանախահաշվային աշխատանքներ, տունը նորմալ վիճակի բերելու համար: Նա նաեւ հավաստիացրել էր, որ խնդիրը համաձայնեցված է վրացական իշխանությունների հետ:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Գանձա- Երեւան
Լուսանկարները՝ հեղինակի
«Առավոտ»
24.07.2018