Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ադրբեջանը կազմակերպում է իր սեփական սփյուռքը՝ հայկական սփյուռքի հետ մրցակցելու համար

Հուլիս 24,2018 23:20

Հարութ Սասունյան 
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

 

Տասնամյակներ շարունակ թուրքական կառավարությունը չափազանցված պատկերացում է ունեցել հայկական սփյուռքի մասին, այն ներկայացնելով որպես համաշխարհային վիթխարի ուժ: Վերջին տարիներին Ադրբեջանը վարակվել է միևնույն վախով հայկական սփյուռքի նկատմամբ: Նախագահ Ալիևը «հայկական սփյուռքը» ներկայացրել է որպես Ադրբեջանի ամենամեծ թշնամի: Հետևաբար, Ադրբեջանի ղեկավարները սկսել են վիթխարի ռեսուրսներ ծախսել տարբեր երկրներում իրենց սեփական սփյուռքը ձևավորելու համար՝ որպես «հայկական հզոր լոբբիի» հակառակորդ:

Զարմանալիորեն, մինչ Հայաստանի կառավարությունը ծրագրեր է մշակում արտերկրից հայերի հայրենադարձության համար, Ադրբեջանը փորձում է ճիշտ հակառակն անել՝ խրախուսելով ադրբեջանցիների տեղափոխումը նախկին խորհրդային երկրներ, Եվրոպա և Միացյալ Նահանգներ՝ իր սփյուռքն ընդլայնելու համար…

Ադրբեջանի Սփյուռքի հետ աշխատանքի պետական ​​կոմիտեի նախագահ Նազիմ Իբրահիմովը վերջերս հայտարարել է, որ «համակարգող կենտրոնների ստեղծումը աշխարհի ադրբեջանցիների համար շարունակվում է և դա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջնահերթություններից է… Ադրբեջանի պետությունը հսկայական  ֆինանսական պայմաններ է ստեղծել դրա համար: Նախագահի հրահանգով, մենք աջակցում ենք մեր սփյուռքյան կազմակերպություններին ամբողջ աշխարհում: Այս գործունեության շնորհիվ, ադրբեջանական սփյուռքը ոչ միայն պատշաճ կերպով պատասխանում է հայկական լոբբիին, այլև երբեմն  հաղթում է նրանց»:

Անցյալ տարի Բաքվի պետական ​​համալսարանի շրջանավարտ Սերգեյ Ռումյանցևը հոդված հրապարակեց OpenDemocracy.net կայքում՝ «Կեցցե ադրբեջանական սփյուռքը» վերնագրով, նշելով, որ «Բաքուն ամեն ինչ կանի, որպեսզի զորաշարժի ենթարկի կամ նույնիսկ ստեղծի համաշխարհային ադրբեջանական սփյուռք»: Ադրբեջանական սփյուռքի հիմնական նպատակն է՝ հակազդել հայերին Արցախյան հակամարտության մեջ: Ադրբեջանի ղեկավարները հայկական սփյուռքը դիտարկում են «որպես չափազանց ազդեցիկ և խիստ համախմբված», ուստի «Ադրբեջանում Իլհամ Ալիևի իշխող վարչակարգի համար սփյուռքը հանդիսանում է քաղաքական լոբբիի հոմանիշ արտասահմանում»:

Ադրբեջանցիները հայկական սփյուռքի մասին այնպիսի չափազանցված տեսակետ ունեն, որ երբ անցյալ տարի Ռուսաստանի Գերագույն դատարանը որոշեց չեղյալ համարել համառուսաստանյան ադրբեջանական համագումարի գրանցումը, «շատ [ադրբեջանցի] մեկնաբաններ շտապեցին եզրակացություններ անել հայկական դավադրությունների և խարդավանքների մասին», գրել է Ռումյանցևը: Ճշմարտությունն այն է, որ ադրբեջանական կազմակերպությունը խախտել էր ռուսական օրենքները: Հայերը ոչ մի կապ չունեին դրա փակման հետ:

Ադրբեջանի իշխանությունները այնքան էին տպավորվել հայկական սփյուռքի քաղաքական ազդեցությամբ, որ 2000-ականների սկզբին նրանք «այս նախագծում ներդրել էին մեծ թվով ֆինանսական և խորհրդանշական կապիտալ: Նրանք փորձել էին հնարավորինս արագ հնարել իրենց երևակայած սփյուռքը», ըստ Ռումյանցևի:

Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ Հեյդար Ալիևը՝ ներկայիս նախագահի հայրը, Խորհրդային Ադրբեջանի ղեկավարն էր 1970-80-ականներին: Նա կազմակերպեց բազմաթիվ ադրբեջանցի ուսանողների կրթությունը Խորհրդային Միության զանազան համալսարաններում և խրախուսեց ադրբեջանցիների տեղափոխությունը դեպի տարբեր խորհրդային հանրապետություններ…

Մինչ 2016 թ. մարտի 16-ին Ադրբեջանցիների երկրորդ համաշխարհային կոնգրեսի անցկացումը, «արտասահմանի ադրբեջանցիների հետ աշխատանքի պետական կոմիտեն նկարահանել էր վավերագրական ֆիլմ՝ «մենք 50 միլիոնանոց ազգ ենք» վերնագրով», գրել է Ռումյանցևը: Կոմիտեն հայտարարել է, որ 10 միլիոն ադրբեջանցիներ ապրում են աշխարհի մոտ 70 երկրներում:

Ռումյանցևը համոզված է, որ արտերկրում բնակվող ադրբեջանցիները ամրակուռ խումբ չեն. զգալի տարբերություն կա ադրբեջանցի գաղթականների շրջանում. «ադրբեջանական սփյուռքի ակտիվությունը հիմնականում սահմանափակվում է ադրբեջանցի գործարարների և նրանց ընտանիքի անդամների բավականին նեղ շրջանակով»:

Ռումյանցևը պատմել է արտերկրում ադրբեջանցիների կազմակերպչական ջանքերի սկզբնավորման մասին. «2001 թ. նոյեմբերին Բաքվում Հեյդար Ալիևի նախաձեռնությամբ անցկացվեց Ադրբեջանցիների համաշխարհային հիմնադիր համագումարը: Հաջորդ տարի ստեղծվեց արտասահմանում ադրբեջանցիների հետ աշխատանքի պետական ​​կոմիտեն, որի մշտական ղեկավար նշանակվեց Նազիմ Իբրահիմովը: Նրա առաջին ժողովը հանգեցրեց ևս մեկ մարմնի՝ «Աշխարհի ադրբեջանցիների համակարգող խորհրդի» ստեղծմանը, իհարկե համաադրբեջանական նախագահ Հեյդար Ալիևի գլխավորությամբ: Հետագայում սփյուռքի կառուցման հաջողությունը չափվում էր նրանով, թե ինչքան կազմակերպություններ գոյություն ունեն և ինչպես միավորել դրանք մեկ կառույցում»:

Ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսը բաղկացած է տեղական/տարածաշրջանային մարմիններից, այնուհետև ադրբեջանական կազմակերպությունները տարբեր երկրներում և, վերջապես, Համաշխարհային կոնգրեսը, որն իր հրամաններն ստանում է անմիջապես Ադրբեջանի կառավարությունից:

Նախագահ Իլհամ Ալիևը հպարտությամբ հայտարարել է Ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսի վերջին համաժողովի մասնակիցներին. «Եթե հինգ տարի առաջ մենք ունեինք 336 սփյուռքյան կազմակերպություն, ապա այժմ դրանց թիվը հասնում է 416-ի»: 2015 թ. չորրորդ Համաշխարհային կոնգրեսում պատվիրակները հայտարարեցին, որ գոյություն ունի նման 462 կազմակերպություն»:

Ադրբեջանի պաշտոնական լրատվամիջոցներն ադրբեջանցիների մասնակցությամբ մի քանի միջոցառումներն ամբողջ աշխարհում ներկայացնում են չափազանցված ձևով, կարծես թե մեծ թվով ադրբեջանցիներ են ընդգրկված ադրբեջանամետ գործունեության մեջ Եվրոպայում կամ Միացյալ Նահանգներում՝ ի աջակցություն Ալիևի վարչակարգի։ Օրինակ, երբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը 2006 թ. այցելեց Բեռլին, քիչ թվով ադրբեջանցիներ բողոքի ցույց անցկացրեցին և հետևյալ ուղերձը հղեցին նախագահ Ալիևին. «Պարոն Նախագահ, Դուք վայելում եք  ամբողջ աշխարհի ադրբեջանցիների աջակցությունը…»։

Ռումյանցևն իր հոդվածն ավարտում է, նշելով, որ ադրբեջանական սփյուռքը չի կարող համեմատվել հայերի, հրեաների և հույների դասական սփյուռքների հետ։ Արտերկրում ադրբեջանական կազմակերպությունների մեծ մասը «գոյություն ունի միայն թղթի վրա»։

 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031