Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հարկային պարտավորությունների որևէ զիջում չի լինելու. Լոռու մարզպետ

Հուլիս 24,2018 23:07

Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանն այսօր խորհրդակցություն անցկացրեց Ստեփանավանի տարածաշրջանի խոշորացված համայնքների և վարչական ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցությանը ներկա էին նաև մարզպետարանի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ:

Մարզի ղեկավարը, ողջունելով ներկաներին, նշեց, որ թավշյա, ոչ բռնի հեղափոխության իրողությամբ պայմանավորված՝ մարզում տիրելու է հանդուրժողականության և սիրո մթնոլորտ: Փոխվելու են նաև պահանջները համայնքների ղեկավարներից:

-Փոփոխությունները պետք է սկսենք յուրաքանչյուրս մեզնից և այդկերպ օրինակ ծառայենք հանրության համար: Բոլորս մեր գործողությունները պետք է իրականացնենք բացառապես օրենքի շրջանակներում: Մեր մարզում արտոնյալներ չեն լինելու,-ասաց Հ. Մարգարյանը:

Սեփական եկամուտների հավաքագրման պատկերը տարածաշրջանում ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության հաշվապահական հաշվառման բաժնի պետ Արտավազդ Բեջանյանը: Նա տեղեկացրեց, որ վեց ամսվա կտրվածքով տարածաշրջանում սեփական եկամուտների հավաքագրումը պլանի դիմաց կազմել է 94 տոկոս՝ պակաս է հավաքագրվել՝ 67 մլն դրամ: 500 հազար դրամ և ավելի պարտք ունի 14 քաղաքացի: Համայնքների ղեկավարները երևույթը բացատրեցին մի շարք պատճառներով, այդ թվում և բնակիչների այն մտայնությամբ,թե իրենց հարկային պարտավորությունները ներվելու են:

-Հարգելի’ բնակիչներ, որևէ զիջում չի լինելու, հետագայում ստիպված կլինեք լրացուցիչ վճարել նաև տույժ ու տուգանքները,-ասաց մարզպետ Հ. Մարգարյանը:

Պետական աջակցությամբ իրականացվող հրատապ ծրագրերի մասին տեղեկատվություն ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը: Նա նշեց, որ մարզի հրատապ լուծում պահանջող ծրագրերից առանձնացվել են առավել առաջնային խնդիրները. ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 2 մլրդ 500 մլն դրամ:

-Ծրագրերը կներկայացվեն ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն: Մարզին այդ ծրագրերի իրականացման համար հատկացվելիք ֆինանսական միջոցներից կախված՝ հավանաբար անհրաժեշտություն կառաջանա կրկին վերանայել դրանց ցանկը՝ իհարկե համայնքների ղեկավարների հետ համաձայնեցմամբ,-ասաց Ա. Ջանազյանը:

Տարածաշրջանում ՀՀ կառավարության կողմից հաստատված սուբվենցիոն ծրագրերի ցանկը ներկայացրեց մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը՝ նշելով, որ դրանց թիվն առաջիկայում կավելանա: Բաժնի պետը, օգտվելով առիթից, համայնքների ղեկավարներին ևս մեկ անգամ հիշեցրեց ՀՀ վարչապետի հանձնարարականի մասին՝ միջազգային կառույցների և տարբեր դոնոր կազմակերպությունների հետ համագործակցությամբ ծրագրեր իրականացնելու դեպքում այդ մասին անպայմանորեն իրազեկել մարզպետարանին:

Համայնքների ղեկավարները նաև խնդիրների մասին բարձրաձայնելու հնարավորություն ունեցան: Նրանք մարզի ղեկավարին խնդրեցին գյուղնախարարության միջոցով վերականգնել պետական աջակցությամբ մատչելի գներով դիզվառելիք ձեռք բերելու հնարավորությունը: Հ. Մարգարյանը տեղեկացրեց, որ այդ հարցի մասին գյուղնախարարի հետ քննարկումներ ունեցել են արդեն, և առաջիկայում այն լուծում կստանա:

Անդրադարձ կատարվեց նաև գնումների գործընթացի կազմակերպմանը, համայնքների սոցօգնության ֆոնդի նվազեցմանը, ճանապարհների վերանորոգման խնդիրներին և այլն: Մարզի ղեկավարն առաջարկեց դրանց վերաբերյալ գրավոր առաջարկություններ ներկայացնել, որոնք կքննարկվեն մարզպետարանում և ամփոփ փաստաթղթով կներկայացվեն համապատասխան գերատեսչություններին:

Լոռու մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031