Լրահոս
Օրվա լրահոսը

«Դաշինքով հանդես գալու-չգալու վերաբերյալ մեկ շաբաթ սպասեք». Էդուարդ Աղաջանյան

Հուլիս 24,2018 22:40

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստի ընթացքում կուսակցությունը Երևանի քաղաքապետի թեկնածու չընտրեց:

Նշենք, որ ՔՊ-ի՝ Երեւանի քաղաքապետի 4 թեկնածուներն են ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը, դերասան Հայկ Մարությանը (Հայկո), Սոցիալական ապահովության նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանը եւ ՀՀ վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանը: Այսօր նրանից երկուսն են ներկայացրել իրենց ծրագրերը:

Նիստի ավարտից հետո ՀՀ վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանը տեղեկացրեց՝ քննարկվել են թեկնածուների ընդհանուր մոտեցումները Երևանի կառավարման հարցում:

Տիկին Ղազարյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ թեկնածուն ընտրվելու է փա՞կ քվեարկությամբ, նա պատասխանեց՝ հավանաբար փակ:

Հարցին՝ ՔՊ-ակա՞ն է, Սրբուհի Ղազարյանը պատասխանեց՝ 2014-ից ՔՊ համախոհն է, դեռ կուսակցական չէ:

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Զարուհի Բաթոյանը հայտնեց, որ հաջորդ նիստի հետ կապված, որի ընթացքում կընտրվի քաղաքապետի թեկնածուն, դեռ հստակեցում չկա, ըստ նրա՝ վարչությունը շահագրգռված է, որ այդ նիստը շուտ լինի ու, հավանաբար, արտահերթ կլինի:

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը Հայկ Մարությանի ներկայացրած ծրագրի մասին չցանկացավ մանրամասներ հաղորդել՝ նշելով, որ այս պահին ոչ բոլոր թեկնածուներն են ներկայացրել ծրագրեր: Դաշինքով հանդես գալու-չգալու վերաբերյալ պարոն Աղաջանյանն ասաց, որ այս պահին դեռ որոշում չկա: Լրագրողների հարցին՝ հնարավոր է Երևանի ավագանու ընտրություններին դաշինքո՞վ հանդես գան, պարոն Աղաջանյանը պատասխանեց. «Այս պահին չի բացառվում, բայց մեկ շաբաթ սպասեք, կիմանաք»:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ հայտնեց՝ դեռ թեկնածություններ առաջադրելու ժամանակ կա:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031