Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Անդրիաս Ղուկասյանը եղել և մնում է բարեկամ, այդ մասին խոսք չկա, ուղղակի միանալու խնդիր չի եղել». Ալեք Ենիգոմշյան

Հուլիս 24,2018 22:30

«Հիմա արդեն մենք արտահամակարգային ուժ չենք: Ստեղծվում է կուսակցություն, քանի որ համարում ենք, որ արդեն Հայաստանը, պետականությունը դառնում է նորմալ հասկացություն այն իմաստով, որ ունենալու է իր պետական ինստիտուտները և ամենակարևորը ընտրության ինստիտուտը»,-Aravot.am-ի հարցին՝ ինչո՞ւ որոշվեց ստեղծել կուսակցություն այն դեպքում, երբ ժամանակին հայտարարում էին, թե իրենք արտահամակարգային ուժ են, այսպես պատասխանեց Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանը:

Հիշեցնենք՝ երեկ Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը և Սասնա ծռեր խմբավորման մամլո խոսնակ Վարուժան Ավետիսյանը հայտարարություն տարածեցին այն մասին, որ Հիմնադիր խորհրդարան քաղաքական նախաձեռնության և Սասնա ծռեր խմբի անդամները կուսակցություն են ստեղծելու։

Արտահամակարգային փիլիսոփայության փոփոխության մասին մեզ հետ զրույցում պարոն Ենիգոմշյանն ասաց. «Արտահամակարգային ասվում էր, երբ խոսքը նախորդ համակարգի մասին էր, իսկ հիմա այդ համակարգը համարյա թե գոյություն չունի. կազմաքանդվելու փուլում է գտնվում և նոր համակարգ է ձևավորվում: Հետևաբար` արտահամակարգային փիլիսոփայությունն այն էր, որ նախորդ համակարգի օրոք ընտրություն հասկացություն գոյություն չուներ, դա ընդամենը անվանումն էր իշխանությունը զավթելու համար»:

Անդրադառնալով կուսակցություն ստեղծելու գաղափարին՝ պարոն Ենիգոմշյանը հայտնեց՝ քաղաքական կուսակցությունների մասնակցությունը պատկերացնում են նորմալ ինստիտուտների մեջ. «Մենք պիտի մասնակցենք ընտրություններին, իսկ դրա համար պարզ է, որ կուսակցություն պիտի ձևավորել: Համենայնդեպս, ավելի դասական իմաստով քաղաքական գործունեություն պետք է ծավալել: Հիմնադիր խորհրդարանն այդպիսին եղել է, բայց ինչպես ասացի, նախկին համակարգի օրոք նա հետևել է արտահամակարգային տրամաբանությանը: Այսօր ևս Հիմնադիր խորհրդարանը քաղաքական կազմակերպություն է, բայց այսօր նախկին համակարգը գոյություն չունի, և այն պետք է որպես նորմալ քաղաքական ուժ մասնակցի քաղաքական գործընթացներին»:

Մեր հարցին՝ ինչո՞ւ չմիացան Անդրիաս Ղուկասյանի կուսակցությանը, պարոն Ենիգոմշյանը պատասխանեց. «Անդրիասին միանալու կամ չմիանալու խնդիր չի դրվել: Հիմնադիր խորհրդարանը եկել է նախկինից, Սասնա ծռեր խմբավորումը, որը կրողն է եղել միևնույն գաղափարների՝ ազգային, գաղափարական իմաստով, հիմա այն վերակազմակերպվում է: Անդրիաս Ղուկասյանը եղել և մնում է բարեկամ, այդ մասին խոսք չկա, ուղղակի միանալու խնդիր չի եղել»:

Մեր դիտարկմանը՝ փաստորեն մրցակցելու են քաղաքական պայքարում, պարոն Ենիգոմշյանն արձագանքեց. «Հայաստանում նախորդ համակարգի օրոք քաղաքական դաշտ չի եղել, հատկապես վերջին տարիներին համակարգի ղեկավարության, հատկապես նրա պարագլխի կողմից քաղաքական դաշտը ամեն կերպով փոշիացվել է: Շատ կարևոր է, որ հիմա՝ նոր իրավիճակում, երբ իսկական քաղաքական գործընթացներ պիտի գնան, ձևավորվի քաղաքական դաշտ: Իսկ քաղաքական դաշտ նշանակում է բազմազանություն: Այսինքն՝ նույն այդ հարցադրման տրամաբանությամբ կարելի է ասել, որ Անդրիաս Ղուկասյանը և մեր ձևավորելիք կուսակցությունը ՔՊ-ին են հակառակորդ լինելո՞ւ և ցանկացած այլ կուսակցությա՞ն: Հարցի այս դրվածքը ճիշտ չէ: Եթե ուզում ենք ՀՀ-ում ձևավորվի քաղաքական դաշտ, իսկապես պիտի ձևավորվի քաղաքական բազմազանություն, այն պիտի ունենա հստակ գաղափարական հենք: Եթե կան տարբեր քաղաքական կուսակցություններ, խմբավորումներ, դրանց տարբերությունը հիմնված պիտի լինի հայեցակարգային, գաղափարական հարցերում տարբերության, ոչ թե հակառակությունների վրա»:

Պարոն Ենիգոմշյանը չբացառեց նաև այդ ուժերի՝ քաղաքական կոնսուլտացիաների ընթացքում համագործակցությունը կոնկրետ ծրագրերի շուրջ: Ալեք Ենիգոմշյանը հույս հայտնեց, որ ՀՀ-ում կձևավորվի առողջ քաղաքական դաշտ, և տարբեր ուժերի միջև պայքարը կլինի միայն կառուցողական. «Այս իմաստով մրցակցությունը դրական պիտի համարել: Ի տարբերություն բիզնես մրցակցության, քաղաքական մրցակցությունում խնդիրը մրցակցին վերացնելը չէ: Այս դեպքում մրցակցությունը կարող միայն օգտակար լինել, ոչ թե վնասակար»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031