Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ես մասնակցելու եմ առաջիկա ընտրություններին, որպես իշխանության թեկնածու». Դիանա Գասպարյան. (Տեսանյութ)

Հուլիս 24,2018 20:35

Որ Էջմիածին քաղաքում, հոկտեմբերի կեսերին կայանալիք քաղաքապետի արտահերթ ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը թեկնածու չունի եւ թեկնածու է փնտրում, Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը համարում է ապատեղեկատվություն եւ իր դեմ իրականացվող հակաքարոզչություն: Հիշեցնենք, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի մասով ԱԱԾ-ի բացահայտումներից հետո, քաղաքապետի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացրեց Մանվել Գրիգորյանի որդին` Կարեն Գրիգորյանը: Արդյունքում, աշնանը, Էջմիածնում արտահերթ ընտրություններ կլինեն:

«Մենք գիտենք, թե այսօր ինչ վարկանիշ ունի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը եւ վարչապետը: Փորձ է արվում, ինձ թուլացնելու համար, ինձ ներկայացնել ոչ թե որպես վարչապետի թեկնածու, այլ ժամանակավոր, անցումային շրջանում այստեղ հայտնված ինչ-որ մեկը: Այնինչ, ես մասնակցելու եմ առաջիկա ընտրություններին, որպես իշխանության թեկնածու»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը:

Հետաքրքրվեցինք`ինչպե՞ս է իր հնարավորությունները գնահատում եւ ի՞նչ տոկոսի ակնկալիքներ ունի`վարչապետի վարկանիշի հաշվին: «Ես ոչ մեկի վարկանիշի հաշվին ինքնահաստատվել չեմ սիրում: Սա պարզապես նշում եմ, որովհետեւ հանրության համար կարեւոր է իմանալ`ո՞ր թեկնածուն ում է ներկայացնում: Ինքս, իմ հնարավորությունները գնահատում եմ այսպես. գիտակից էջմիածնեցին, ով չի ցանկանում, որ Էջմիածինը դարձյալ որեւէ խմբակային, փողոցային շահի ծառայի, այլ ծառայի օրենքին, որպեսզի այստեղ ներդրվեն լուրջ ծրագրեր…»,- պատասխանեց Դիանա Գասպարյանը: Նա նաեւ հավելում է, որ այս կարճ ժամանակահատվածում հնարավոր չէ լուրջ ծրագրեր ներդնել քաղաքում, բայց հինգ տարվա կտրվածքով ինքն արդեն քայլեր ձեռնարկում է ու չի էլ վախենում կամ չի վարանի դրանք կյանքի կոչել, եթե քաղաքապետի դափնիներն այլ թեկնածուի բաժին հասնեն:

«Իմ դեմ տեսնում եմ ակնհայտ հակաքարոզչություն, որը ազնիվ չեմ համարում: Տղամարդ թեկնածուները շատ ավելի անազնիվ պայքարի կողմնակիցներ են թվում: Սոցիալական ցանցերում նույնիսկ ամենաբարի եւ ազնիվ նախաձեռնությունը սվիններով է ընդունվում եւ ակնհայտորեն կեղծ օգտատերերի ձեռամբ: Քաղաքը հանդարտ չէ, քաղաքն ապրում է եւ քաղաքապետի դեմ սուտ ֆոն է ստեղծվում, օրինակ, աղբահանության մասով: Դարավոր աղբավայրեր են մաքրվել, դա չի նշվում, բայց ամեն օր քաղաքում աղբահանություն կատարվում է: Թեմաներ են շրջանառվում ֆոն ստեղծելու համար, թե քաղաքապետը չի տիրապետում իրավիճակին»,- ասում է մեր զրուցակիցը:

Հետաքրքրվեցինք`ի՞նչ ընթացքում է մանվելգրիգորյանական եւ արթուրասատրկանական կլանների «հակամարտությունը» եւ իրեն հաջողվո՞ւմ է զսպել կրքերը, քանի որ լուրեր են շրջանառվում, որ քաղաքում իրավիճակը դարձյալ լարված է: Դիանա Գասպարյանն ասում է`իրականում շատ կան ոչ թե կլաններ, այլ տարբեր խմբեր, շահեր ունեցող մարդիկ, ովքեր ցանկանում են քաղաքը վերցնել կամ իրենցը դարձնել. «Մանվել Գրիգորյանի աջակիցների կողմց որեւէ բացահայտ սպառնալիք չի եղել եւ չի կարող լինել, որովհետեւ Էջմիածնում օրենքն է գործել եւ պետք է գործի: Ինչ վերաբերվում է Արթուր Ասատրյանի թեւին`իրենց կողմից առնվազն առերեւույթ հարգալից վերաբերմունք եմ տեսել: Չեմ կարող ասել, թե կուլիսների հետեւում ի՞նչ է կատարվում: Փորձում եմ իմ աշխատանքին ետեւել, փողոցային խոսակցությունների մակարդակի չիջնել: Ինձ, որպես քաղաքապետի, այդ թեւը եւս երբեւէ չի խանգարել»:

Երեկ ուշ երեկոյան Դիանա Գասպարյանը զրույց է ունեցել Էջմիածնի ոստիկանապետի հետ: Մեր զրուցակիցը պարզաբանում եւ մանրամասներ է ներկայացնում այդ զրույցից. «Երեկ ուշ երեկոյան, այսօր էլ մարզի ոստիկանապետի հետ եմ խոսակցություն ունեցել`կապված ուշ ժամի հրավառության հետ: Ինքս արձանագրել եմ նման դեպք: Հատուկ դիտողություն չի եղել, բայց ոստիկանության հետ անընդհատ աշխատում ենք`կապված ճանապարհային ոստիկանության աշխատանքի հետ: ՃՈ-ն ոստիկանապետին ուղիղ չի ենթարկվում, դա այլ կառույց է:

Այսօր կարծես հանրապետությունում այլ ոճով է աշխատում ՃՈ-ն: Հետհեղափոխական Էջմիածնում այդ ոճը մի քիչ ընդունելի չեմ համարում: Քաղաքացին, իհարկե, չպետք է անտեղի տուգանվի, բայց Էջմիածնում խստություն պետք է`հաշվի առնելով, որ շատ մարդիկ բարեկրթությունը շփոթում են թուլության հետ եւ կարծում են, որ կարող են իրենց թույլ տալ`օրենքից դուրս գործողություններ իրականացնել: Դա հենց ոստիկանության վարկանիշին է անդրադառնում: Կարծում եմ, չպետք է թույլ տալ, որ քաղաքում կարգուկանոնը Մանվել Գրիգորյանի անձի հետ կապվի, այլ ոչ թե օրենքի»:

Դիանա Գասպարյանից հետաքրքրվեցինք նաեւ`իրավական ի՞նչ հետեւանքներ են հնարավոր`քաղաքի նախկին իշխանությունների հետ կապված: Մասնավորաբար, իր`քաղաքապետի պարտականությունները ստանձնելուց հետո, հայտարարություն եղավ տարեկան յոթ միլիոն դրամի ծաղիկների գնման մասին: Քաղաքապետի պաշտոնակատարն ասաց`դեռ ուսումնասիրում են քաղաքի նախկին իշխանությունների գործունեությունը, իրավապահների հետ էլ համագործակցում են, հիմքերի դեպքում`հայտարարություններ կլինեն: Իր համար, օրինակ, զարմանալի «զուգադիպություններ» կան աճուրդների գործընթացում:

Այլ մանրամասները`տեսանյութում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031