ՀՀ ոստիկանությունից Aravot.am-ի հարցմանն ի պատասխան, հաստատում են Դավիթ Սանասարյանի այն հայտարարությունն, ըստ որի ոստիկանության գեներալներ, ոստիկանապետեր, փոխոստիկանապետեր իրար պետհամարանիշեր են նվիրել, դրանք որեւէ տեղ չեն գրանցել, ու պաշտոնավարումից հետո էլ նրանք այդ պետհամարանիշերով մեքենա վարելիս խախտումներ են անում, տեսախցիկները նկարահանում են, բայց նրանք տուգանքներ չեն վճարում:
«Անդրադառնալով ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոնատար անձանց հատկացված պետհամարանիշերին, ապա՝ այո նման դեպքեր եղել են: Ոստիկանությունը բոլոր համարանիշները հետ է վերցրել՝ հասարակական ընկալման մեջ օրենքի առջեւ հավասարության սկզբունքը չխաթարելու նպատակներով պայմանավորված»,-ասացին ոստիկանությունից:
Բացի այս, Սանասարյանը նաեւ վստահեցրել է, որ երեկ սկսել են ուսումնասիրություն ոստիկանության ենթակա Լուսանշան ՊՈԱԿ-ում, որը պետական բյուջեից եւ արտաբյուջեից 3.4 միլիարդ դրամի ֆինանսավորում է ստացել:
Ըստ Սանասարյանի, «Ունենք տեղեկություններ, թե ինչեր է տեղի ունեցել այս ՊՈԱԿ-ում: Հնարավորինս արագ հասկանալու ենք, թե՝ ինչ է կատարվել այստեղ, ու փորձում ենք լուծարել այն»: Այս առնչությամբ էլ ոստիկանությունից Aravot.am-ին պարզաբանեցին. «Լուսանշան» ՊՈԱԿ-ում կատարվող ստուգումների արդյունքների մասին ոստիկանությունը պարզաբանումներ կտա, եթե դրանց արդյունքները պաշտոնապես տրամադրվեն քրեական վարույթ իրականացնող մարմիններին ու հայտնաբերվեն հանցագործության հատկանիշներ»:
Թե ովքեր են եղել այդ արտոնյալ գեներալները, ոստիկանապետերն ու փոխոստիկանապետերը՝ մեր այս հարցին ոստիկանությունից հրաժարվեցին պատասխանել, նշելով՝ «ավելացնելու ոչինչ չունենք»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ