Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կարելի է ընդամենը դպրոց ավարտել և դառնալ համարյա նախարար

Հուլիս 24,2018 17:26

Նոր վարչապետը նոր պետ է նշանակել քաղաքացիական օդագնացության գլխավոր վարչությունում: Թվում է, թե արտառոց ոչինչ չկա, երկար սպասված իրադարձություն է, քանի որ ընտրությունը երկար տևեց: Այո, նշանակումն արտառոց չէ, սակայն արտառոց է այն, թե ում է նշանակել: Իսկ նշանակել է մի երիտասարդի, այն էլ աղջկա: Իրականում սեռն անսովոր է, բայց այնքան էլ կարևոր չէ, որովհետև մեր երկրում սեռերի հավասարություն է: Ավելի անսովորը նոր պետի տարիքն է: Բայց սա անսովորության նվազագույնն է: Ավելի արտակարգը նրա կրթական մակարդակն է, նա ընդամենը դպրոց է ավարտել, ճիշտ է տնտեսագիտական դպրոց, սակայն մասնագիտացման կամ բնագավառի մասին կխոսենք ստորև, առայժմ կարևորը կրթական հաստատության մակարդակն է, որն ամենացածրն է եղածներից: Այդ մակարդակից հետո կա միջնակարգ մասնագիտական կրթությունը, հետո բարձրագույնը, հետո մագիստրոսականը, հետո թեկնածուականը, հետո դոկտորականը: Այս բոլոր հինգ աստիճանները մնացին արհամարհված նշանակողի կողմից, մնացին չհաշվառված նրա կադրային քաղաքականության կողմից: Դրանց բոլորին հաղթեց միայն մեկ չափանիշ՝ տարիքը, երիտասարդությունը: Ուրեմն կշեռքի մի նժարին երիտասարդությունն էր, մյուսին վերոհիշյալ հինգ կրթական մակարդակները: Ո՞րն է ավելի ծանրակշիռ:

Երիտասարդության առավելությունը ոչ սովորական որոշումներ ընդունելու հավանականության մեծությունն է, որը դեռ պարզ չէ, թե ինչ արդյունքների կհանգեցնի: Իսկ կրթության առավելությունը գիտության փորձով բոլոր կողմերից կշռադատված և գիտականորեն հիմնավորված որոշումներ ընդունելու հավանականության մեծության մեջ է: Ստացվում է, որ ընտրությունը խելահեղ և խելացի որոշումներ ընդունելու մեջ է: Հաղթեց խելահեղը, բայց, իհարկե, գերադասելի է խելացին: Որովհետև հակառակ դեպքում արհամարհվում է կրթությունը, երիտասարդներին վատ օրինակ է մատուցվում:

Ե՛վ խորհրդային, և՛ հետխորհրդային տարիներին երիտասարդ տարիքում ղեկավար դառնալը բացառված էր, և դա հիմնավորվում էր ղեկավարման փորձ չունենալով, իսկ հիմա ընդամենը դպրոց ավարտած երիտասարդը կարող է ղեկավարել մի ամբողջ բնագավառ: Որքա՜ն մեծ է ընդունված որոշման վնասակարությունը, բացասական օրինակը: Էլ ինչի՞ համար է պետք կրթությունը, գիտությունը: Ուրեմն կրթական համակարգն իզո՞ւր է ծախսում մարդկության միջոցներն ու ժամանակը: Կրթությունն անիմա՞ստ է: Դա վատ օրինակ է ծառայելու երիտասարդությանը: Երիտասարդությունը կարող է գայթակղվել, թե կարելի է ընդամենը դպրոց ավարտել և դառնալ համարյա նախարար: Էլ ինչի՞ համար չարչարվել և սովորել հետդպրոցական ուսումնական հաստատություններում, եթե առանց սովորելու էլ հնարավոր է դառնալ ղեկավար:

Ճիշտ է, մենք գիտենք, որ կրթությունը պաշտոններ ստանալու համար չէ, այլ գիտակցության ընդլայնման, մեծացման, հոգևոր զարգացման համար, բայց պաշտոններն էլ իրենց տեղն ունեն կյանքում, իրենց նշանակությունն ունեն: Որովհետև ամեն ինչ պետք է հավասարակշռված լինի կյանքում, և՛ հոգևոր կողմը, և՛ նյութականը, և՛ սովորելը, և՛ սովորեցնելը: Սա անձնական ցանկության հարց չէ, այլ մարդկության կողմից մշակված և կիրառվող գործելակերպ, երբ սովորածը ղեկավարում և սովորեցնում է չսովորածներին և այդպիսով նպաստում զարգացմանը, առաջընթացին:

Պաշտոնների վրա ուշադրություն դարձնողներն էլ դեռ մեծաքանակ են աշխարհում: Պարզապես այդ գործընթացն ուղղորդել է պետք: Պաշտոն ունենալը հին համակարգում համարվել է հարստանալու միջոց, բայց իրականում, ճիշտ մոտեցման դեպքում դա երկրին ծառայելու, երկրի համար աշխատելու, անձնականը մոռանալու գնով ուրիշներին օգտակար լինելու միջոց է: Որովհետև անձնական զարգացման և կատարելագործման վրա աշխատելու ժամանակ այլևս չի լինելու, այլ լինելու է մինչ այդ հավաքած փորձն ու գիտելիքը ուրիշներին ծառայեցնելու ժամանակ միայն: Իսկ ուրիշների հետ կիսվելու համար նախ պետք է հավաքած լինել կիսվելիքը, տրվելիքը:

Իրականում ընտրության ևս մեկ չափանիշ կա ընտրողի մոտ. նոր պետը արտասահմանից է: Այսինքն հայրենիքի մասնագետներն էլ մնացին արհամարհված նշանակողի կողմից: Այս անգամ էլ նժարի մի կողմում հայրենի մասնագետներն են, մյուսում արտասահմանյան: Եվ, ավա՜ղ, գերադասությունը տրվեց արտասահմանյանին: Այսինքն նաև մրցակցում են հայրենական կրթական համակարգն ու արտասահմանյանը: Ո՞րն է ավելի ծանրակշիռ: Արտասահմանյան կրթության առավելության ոչ մի ապացույց չկա: Փաստորեն, արտասահմանից լինելը միայն մեկ առավելություն ունի, օտար լեզվին տիրապետելը:

Դրանից բացի, դրսի մասնագետի միակ առավելությունը ենթադրվում է, որ պետք է լիներ չփչացած, չկաշառակերված համակարգում աշխատելու ընդունակությունը: Բայց մի՞թե մեզ մոտ էլ չեն մնացել հոգով և գիտակցությամբ չփչացած, չկաշառակերված մասնագետներ, որոնք կարող էին երկրում տեղի ունեցած քաղաքական հեղափոխությունից հետո հեղափոխել նաև տնտեսական համակարգը, որպեսզի ամեն բնագավառի և ամբողջ երկրի ազգային տնտեսությունը վերջապես սկսեր աշխատել ի բարօրություն ժողովրդի, ազգի: Իհարկե կան, ավելին, նրանք մեծամասնություն են, պարզապես հին համակարգի օրոք ջրի երես էին բարձրանում և ղեկավարներ դառնում հենց խաթարված մտածելակերպով մարդիկ: Իսկ ե՞րբ է սկսվելու հակառակ գործընթացը, այն է՝ հոգով, գիտակցությամբ և բարոյականությամբ ազնիվներին ու մաքուրներին վեր բարձրացնելու, կյանքի տարբեր մասերում ղեկավարներ դարձնելու պատասխանատու և սրբազան գործընթացը:

Բնական հետևություն է նաև այն, որ արտասահմանցու ընտրելով՝ նախապատվություն է տրվում օտար լեզվի իմացությանը, ոչ թե կրթության և գիտելիքների մակարդակին: Ստացվում է, որ ոլորտը կառավարում են օտար լեզվով, ոչ թե գիտելիքով: Այնինչ օտար լեզուն պետք է ընդամենը դրսի աշխարհի հետ շփվելու համար, եթե այն կա՝ լավ է, եթե չկա՝ ոչինչ, դրա համար կան թարգմանիչներ: Իսկ ինչի՞ համար է մասնագիտությունների բաժանում արվել և թարգմանչությունն էլ ընդունվել որպես առանձին մասնագիտություն: Էլ ինչի՞ համար է թարգմանիչների հսկա բանակը, ինչի՞ համար են Հայաստանի կրթական հաստատությունները թարգմանիչներ պատրաստում: Իզու՞ր, անիմա՞ստ:

Եվ հետո, ինչու՞ են մտածում, թե հայրենական կրթություն ստացած մարդը չի տիրապետում օտար լեզվի: Նոր կառավարության անդամների մեծ մասը ավարտել է օտար բուհեր: Այսինքն` նախապատվություն է տրվում օտարերկրյա ուսումնական հաստատություններ ավարտածներին: Ուրեմն թող փակեն հայկական բուհերը և մենք կավարտենք արտասահմանյան բուհեր՝ միանգամից դառնալով գերզարգացած և պահանջված: Փաստորեն, մեր երկրում հաջողության հասնելու համար պետք է ստանանք օտարի տված կրթությու՞նը… Իրականում օտար լեզվի իմացությունն, իհարկե առավելություն է, բայց ոչ որակի չափանիշ: Արհամարհվում է հայրենասիրությունը, հայրենական կրթություն ստանալը: Հայաստանում առանց այդ էլ չափից ավել զարգացած օտարամոլությունն է՛լ ավելի է զարգանալու դրանով: Ափսո՜ս…

Բայց այս վերջին արտառոցությունն էլ ամենավատը չէ, ավելի վատն էլ կա: Անկախ կրթական մակարդակից, եթե նույնիսկ այս նախնական տեղեկությունները նրա մասին ճշգրիտ չլինեն, և նա բարձր կրթական մակարդակ ունենա, միևնույն է, նա մասնագետ չէ: Նա քաղաքացիական օդագնացության մասնագիտական կրթություն չի ստացել, հետևաբար ոլորտի մասնագետ չէ: Իսկ բնագավառի ոչ մասնագետին այդ ամբողջ ճյուղի ղեկավար նշանակելը արկածախնդրություն է, այսինքն փորձարարություն՝ հույսով, թե կամ շատ լավ կստացվի, կամ շատ վատ: Սա ոչ արհեստավարժ մոտեցում է նոր կառավարության կողմից: Առնվազն դա անհարգալիր վերաբերմունք է օդագնացային մասնագետների նկատմամբ, որոնք և՛ մասնագիտական գիտելիքներ են ձեռք բերել, և՛ մասնագիտական փորձ: Ընդամենը պետք էր ընտրել նրանց միջից ամենաազնիվներին և բարձրացնել վեր: Իսկ դա անելու չափանիշները, ով-ով, բայց գոնե հեղափոխություն արածները պետք է իմանային:

Արտառոց է նաև այն, որ եթե ազատված թափուր պաշտոններում նոր մարդիկ են հայտնվում նոր տեղերից, այդ դեպքում ինչպե՞ս պետք է գնահատվեն ոլորտի փորձառու և հմուտ մասնագետները, որոնք մասնագիտական աճի կարիքն ունեն: Էլ ու՞ր մնաց կառավարման (մենեջմենթ) գիտության դրույթների կենսագործումը… Չէ՞ որ մասնագիտական աճը գիտականորեն հիմնավորված անհրաժեշտություն է: Ափսո՜ս, որ նոր կառավարությունը սա էլ չգիտի:

Իսկ մի՞թե ամենալավին բացահայտելու ամենալավ, ամենաճիշտ, ամենափորձված միջոցը մրցույթի անցկացումը չէ: Այս հանրահայտ ճշմարտությունը չիմանալն էլ է մեր երիտասարդ կառավարության առանձնահատկություններից մեկը: Եթե մրցույթ լիներ, ապա ո՞ր տեղը կգրավեր ներկա պետը: Առաջին և վերջին տեղն ընկնելու հավանականությունները իրար հավասար կլինեին:

Եվ այսպես, ներկա նշանակման թերությունները. առաջին, կյանքի և աշխատանքային փորձի պակասությունը, երկրորդ, որ արտասահմանից է, երրորդ, որ ընդամենը դպրոց է ավարտել, դպրոցական կրթություն ունի, չորրորդ, որ ոլորտի մասնագետ չէ: Այսինքն

1) արհամարհվում է մարդկության մեջ ընդունված այնպիսի արժեքը, ինչպես կյանքի փորձը, աշխատանքային փորձը,

2) արհամարհվում է հայրենական կրթություն ստանալը, ամրագրվում է, որ ղեկավար լինելու համար օտարախոս լինելը պարտադիր պայման է,

3) արհամարհվում է գիտելիքներով մարդու հարստության կարևորությունը,

4) արհամարհվում է մարդկության մեջ ընդունված այնպիսի երևույթը, ինչպես մասնագիտացումն է, մարդկության մեջ ընդհանուր աշխատանքի բաժանումը ըստ մասնագիտությունների, այսինքն` ամեն աշխատավայրում ավելի խորացված գիտելիքների անհրաժեշտությունը՝ աշխատանքի արդյունավետության բարձրացման համար:

Գեղամ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Առավոտի» կողմից. Հրապարակելով ընթերցողի հոդվածը կադրային քաղաքականության վերաբերյալ, այնուամենայնիվ նշենք, որ բերված կոնկրետ օրինակի՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի վերաբերյալ վերապահում ունենք. նա ստացել է շատ բարձր կրթություն: Ահա Տաթեւիկ Ռեւազյանի կենսագրությունը՝ ըստ ՔԱԳՎ կայքի

Կրթություն 
2007-2010թթ.- Կոպենհագենի բիզնես դպրոց, բիզնես կառավարում և կազմակերպչական հաղորդակցություն, բակալավր
2011-2014թթ.- Կոպենհագենի բիզնես դպրոց, նորարության և բիզնեսի զարգացման կառավարչի որակավորում, մագիստրատուրա
2012-2013թթ.- Ստոկհոլմի տնտեսագիտության դպրոց, միջազգային կառավարչի որակավորում (CEMS), համակցված մագիստրատուրա

Աշխատանքային գործունեություն 
2013-2016թթ.- «Ամսթրիմ» հասարակական կազմակերպության համահիմնադիր և գործադիր տնօրեն
2015-2017թթ.- «Մոմոնդո» ընկերության ընդհանուր վաճառքի և համագործակցության մենեջեր
2017-2018թթ.- «FLYR» գործակալության գլոբալ համագործակցության տնօրեն
2018թ. հուլիսի 10-ից- Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ

Այլ տվյալներ
Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն և դանիերեն լեզուների, հասկանում է շվեդերեն, նորվեգերեն:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գեղամ says:

    Հետգրություն.
    «Կադրային քաղաքականության մասին» հոդվածը գրվել է մինչև ՔԱԳՎ կայքում կենսագրության հրապարակումը:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031