Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ծխողները ամաչում են սարսափազդու նկարներով ծխախոտի տուփը դնել սեղանին

Հուլիս 24,2018 17:00

Ծխողները խուսափում են գնել այնպիսի տուփերով ծխախոտ, որի վրա սարսափազդու նկարներ են: Քաղաքացիները նախընտրում են դեռեւս հին տուփերով ծխախոտը: Այսօր «Բլից ինֆո» մամուլի ակումբում ասաց ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Դավիթ Պետրոսյանը:

Նրա խոսքով, առողջապահության նախարարության ողջ գործունեությունն ուղղված է առողջանալուն եւ նախարարությունը նպատակ չունի վնասել ինչ-որ մեկի բիզնեսին կամ ոտնահարել ինչ-որ մեկի իրավունքները. «Ամեն ինչ ուզում ենք անել, որպեսզի ծխողների թիվը պակասի, մեր նպատակն այն է, որ փակ տարածքներում ծուխ չլինի: Խոսքը չի գնում ծխելն արգելելու մասին, այն մարդիկ, որոնք ծխող են, ի՞նչ անեն: Խոսքն ընդամենը դրսում ծխելու եւ ներս գալու մասին է: Եվրոպական երկրներում, ԱՄՆ –ում փակ տարածքում ծխող մարդ չեք տեսնի, եւ այնպես են անում, որ որեւէ մեկը չի նկատում: Հայաստանում արդեն կան այնպիսի սրճարաններ, ռեստորաններ, որ իրենք առանց օրենքի ծխելն արգելել են եւ որեւէ խնդիր չի առաջանում»:

Դավիթ Պետրոսյանը համոզված է, որ վախեցնող, սարսափազդու նկարներով ծխախոտների տուփերը ծխողների թվի կրճատման հարցում մեծ դեր են խաղալու:

Թե որքան կլինի ծխելու դեմ տուգանքի չափը, դեռ պարզ չէ. Դավիթ Պետրոսյանն ասաց, որ կարծիքներ պետք է հավաքեն եւ դրա հիման վրա էլ տուգանքի չափը սահմանեն. «Իրավաբանական անձը պետք է մեծ տուգանք վճարի, քանի որ իրենք են հետեւելու իրենց տարածքներին»:

Առողջապահության նախարարության Ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանն ասաց, որ օրենքի նախագիծն ուղղված է առողջության պահպանմանը. «Տարբեր տարիներին ընդունվել են օրենսդրական փոփոխություններ, սակայն օրենքը դեռեւս ամբողջովին չի համապատասխանում շրջանակային կոնվենցիային, մասնավորապես, հովանավորչության եւ ապրանքի խթանման մասով»:

Ինչ վերաբերում է էլեկտրոնային ծխախոտին, Ալեքսանդր Բազարչյանի խոսքով, դրանք կարող են գայթակղիչ լինել երիտասարդների համար: Ըստ նրա, Ռուսաստանում օրինակ՝ ծխախոտի ապրանքատեսակը այնպիսի վայրում է ցուցադրված, որ դեռահասի աչքին կընկնի՝ կոնֆետի ծամոնի մոտ. «Դա ուղղակիորեն գովազդ չի, բայց ժամանակակից փորձագետները գովազդ են դիտում»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031