Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Արարատ Միրզոյանի կնոջ պատմությունը չդարձնենք». Դավիթ Հարությունյանը՝ ֆեյսբուքը եւ ընտրական ծախսերը վերահսկելու մասին

Հուլիս 24,2018 16:57

Այսօր ԱԺ-ում «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների շուրջ աշխատող աշխատանքային խմբի քննարկման ժամանակ որոշեցին մինչ այժմ խմբակցությունների կողմից հնչեցված առաջարկները ի մի բերել, ամփոփել եւ տեսնել, թե որ առաջարկն են ուղարկում կառավարությանը՝ որպես կոնսենսուսային, որը՝ որպես քննարկման ենթակա առաջարկ եւ որն են բացառում առհասարակ:

Քննարկման ժամանակ սկսվեց բանավեճ, երբ գործը հասավ ՀՅԴ-ի այն առաջարկին, ըստ որի՝ պետք է ընտրական ծախսերի վերահսկման նոր գործուն համակարգ ներդնել՝ միջազգային չափորոշիչներին համապատասխան: ՀՀԿ անդամ Դավիթ Հարությունյանն ասաց, որ դա շատ ընդհանուր ձեւակերպում է. «Եթե մենք մտցնենք որոշակի պահանջներ, օրինակ, շտաբերում սուրճը եւս պետք է գրվի նախընտրական հիմնադրամի միջոցների հաշվին, մենք կարող ենք ստեղծել իրավիճակ, երբ օրինապաշտ քաղաքական ուժը հայտնվի շատ ավելի վատ վիճակում, քան այն ուժը, որը նախընտրում է չհետեւել օրենքին»: Նա ասաց, որ երբ կլինի կոնկրետ առաջարկ, կքննարկեն, իսկ այսպես ընդհանուր դժվար է բան ասել:

Արմեն Ռուստամյանն ասաց, որ օրինակ, Ֆրանսիայում, եթե պարզվեց, որ ծախսերը գերազանցել են շեմը, եթե անգամ ընտրություններից 3 ամիս անց են դա հայտնաբերել, տվյալ կուսակցության գրանցումն անվավեր է ճանաչվում եւ նրա մանդատները վերաբաշխվում են մնացածի վրա. «Մենք պիտի ստուգելու հնարավորություն տանք՝ ապօրինի հարստացումը, հայտարարագրերը ո՞նց եք ստուգում, փաստում եք, որ մարդը մի բան է հայտարարագրել, ունի այլ ունեցվածք: Փաստում եք, դատարանով ապացուցում եք, որ ծախսերը գերազանցվել են: Իսկ եթե չվերահսկվի, ծախսերի մասին դրույթը հանեք, պետք չի ընդհանրապես»:

Դավիթ Հարությունյանն ասաց, որ այստեղ վտանգ է տեսնում, գայթակղություն կլինի փոքրամասնություն ստացած ուժի ծախսերը խոշորացույցով նայել, որից հետո մանդատները վերաբաշխել իրենց մեջ: Հատկապես առավել վտանգավոր ընդդիմության հարցերը սրանով կլուծեն: Ըստ նրա, գործող ԸՕ-ում կարգավորում կա ծախսերի գերազանցման կամ խախտման մասով:

Առաջարկ կար հիմնադրամի ծախսերն ընդլայնել՝ շտաբի վարձակալության, շտաբի գույքի, վառելիքի ծախսերի, աշխատողների, ֆեյսբուքի գովազդի համար: «Ծառուկյան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանն ասաց, որ սոցիալական ցանցերի ծախսերը չեն կարողանալու վերահսկել, նա ասաց, որ զուտ ֆեյսբուքին կարող ես դիմել, ինքը քեզ տվյալ տա, Դավիթ Հարությունյանն արձագանքեց՝ «ֆեյսբուքի ուշքը գնում է քեզ տվյալ տալու համա՞ր»: ՀՅԴ-ն նույնպես դեմ էր առաջարկին, Սպարտակ Սեյրանյանն ասաց, որ ես 500 հատ ֆեյքով գովազդ եմ անում, ո՞նց են վերահսկելու:

Դավիթ Հարությունյանն ասաց, որ դա հաշվեհարդար տեսնելու համար կարող է ծառայել, այսօր ցանկացած մարդ կարող է գնա եւ ցանկացած գովազդ պատվիրի, այդ թվում՝ Ծառուկյանի գովազդը, որ այդ ուժին թռցնի դուրս՝ ծախսերի սահմանից. «Այն, ինչ անվերահսկելի է, պետք չի այստեղ գրել, վիրտուալ աշխարհը դժվար է վերահսկել, աշխատողներին համաձայն չեմ, վառելիքին համաձայն չեմ, պետք չի բարդացնել կյանքը ու դարձնել մենամարտ՝ այլ ոլորտում: Եթե գնացել եմ քարոզարշավի՝ Սյունիք, ի՞նչ, գալու եք ասեք ինչքա՞ն բենզին եմ ծախսել Սյունիք գնալու համար: Կարող է Խոսրով Մելիքիչը գալիս է այնտեղ հանգստանալու, խնդրել եմ ինձ մեքենայով տանի: Մի գրեք ծախս, որ հետո շատ ընտրովի խոշորացույցով դնենք նայենք, թե Լենա Նազարյանն ուր է գնացել, վառելիքը ինչքան է ծախսել, Արարատ Միրզոյանի կնոջ պատմությունը չդարձնենք, նստենք խոշորացույցով նայենք վառելիքը»: Բագրատյանի խոսքով՝ այդ դեպքում գողացված միլիոնավոր դոլարներ կծախսվեն՝ անվերահսկելի:

Ըստ Դավիթ Հարությունյանի, պաստառները, շարֆերը, կրակայրիչները, գրիչները, բրոշյուրները, նման քարոզչական բաները պետք է վերահսկել, բայց ոչ վառելիքը՝ «Թե մեկը «Մերսեդեսով» գնաց, թե գնաց գազով լցված «Գազելով», թե հարեւանը տարավ՝ պետք չի այդ մանրամասները բերել, որովհետեւ գերծանրաբեռնվելու է ե՛ւ վերահսկողը, ե՛ւ ստեղծվելու է լայն դաշտ՝ խաղերի: Մի՛ արեք դա, թողեք ազատություն, ինչ ուզում է անի՝ թող «Մերսեդես» 600-ով գնա ու ավելի շատ բենզին ծախսի»:

Ի վերջո որոշվեց ընտրական ծախսերի վերահսկման համար ինչ-որ գործիք, մեխանիզմ մտածել, որովհետեւ եղած առաջարկների շուրջ չեկան կոնսենսուսի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031