Լրահոս
Օրվա լրահոսը

Թեժ բանավեճ. Ռուստամյանին հորդորեցին չչարչարվել Ծառուկյանի բարեգործության հարցով, իրենք ԲՀԿ անունով են մասնակցելու

Հուլիս 24,2018 16:14

Այսօր ԱԺ-ում «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների շուրջ աշխատող աշխատանքային խմբի քննարկման ժամանակ որոշեցին մինչ այժմ խմբակցությունների կողմից հնչեցված առաջարկները ի մի բերել, ամփոփել եւ տեսնել, թե որ առաջարկն են ուղարկում կառավարությանը՝ որպես կոնսենսուսային, որը՝ որպես քննարկման ենթակա առաջարկ եւ որն են բացառում առհասարակ: Ըստ այդմ, միայն երկու առաջարկ դուրս մնացին:

Նախ, որոշեցին, որ եթե անգամ կարծում են, որ որեւէ կոնկրետ առաջարկ տեխնիկապես հնարավոր չէ իրականացնել, այնուամենայնիվ, հավանություն տան, թող կառավարությունը վերջնական որոշի՝ կանի՞, թե՞ չի անի: Այսպիսով հավանություն տվեցին անգամ ՀՀԿ-ի առաջարկած տեխնիկական սարքերի ներդրման առաջարկին, որը կառավարական հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանն ասել էր, որ տեխնիկապես հնարավոր չէ իրականացնել, ժամանակի մեջ չեն տեղավորվի: Համամասնական բաց ցանկերով ընտրություններին մասնակցելու ՀՅԴ առաջարկը նույնպես որոշեցին, որ քննարկման ենթակա է եւ պետք է կառավարությանն ուղարկել, քանի որ ՀՀԿ-ն այդ տարբերակը չբացառեց: ՀՅԴ-ի այն առաջարկը, ըստ որի, ոստիկանությունը պետք է ստորաբաժանում ստեղծի՝ ընտրական հարցերով զբաղվելու համար, չընդունվեց ՀՀԿ-ի կողմից, միայն: Ռուստամյանն ասաց, որ կառավարության ծրագրում այդ մասին կա: Դավիթ Հարությունյանն առարկեց առաջարկին՝ ասելով. «Պոպուլիզմը սահմաններ պետք է ունենա, ընտրությունները 5 տարին մեկ են կատարվում՝ որպես կանոն, հատուկ ստորաբաժանումը 5 տարի ի՞նչ է անելու: Եթե խոսում ենք գործառույթի մասին, այդ գործառույթը ունի ոստիկանությունը»: Դավիթ Հարությունյանն ասաց, որ կտրականապես դեմ է այդ առաջարկին, այնուամենայնիվ, առաջարկը հնարավոր է քննարկվի կառավարությունում, այսինքն, հիմնովին չմերժվեց աշխատանքային խմբի կողմից:

Թեժ քննարկում ու բանավեճ սկսվեց ՀՅԴ-ի առաջարկի շուրջ՝ բացառել այն կուսակցությունների մասնակցությունը ընտրություններին, որոնց ավանումները բարեգործական կազմակերպությունների անվանումներին են համընկնում եւ ընտրությունների հայտարարման օրվանից սկսած ողջամիտ ժամկետում այդ բարեգործական կազմակերպությունները ակցիա են անում, որը նույնացվում է կուսակցության, դաշինքի հետ:

Այդ ձեւակերպմանը դեմ էին բոլոր մյուս խմբակցությունները: Դավիթ Հարությունյանն ասաց, որ վաղը կարող է մեկը գնա եւ «Քաղաքացիական պայմանագիր» բարեգործական կազմակերպություն ստեղծի՝ այդ ուժին դուրս թողնելու համար. «Կներեք, համաձայն չեմ, սա արհեստական ձեւ է, գործող օրենսգիրքը պատշաճ ձեւակերպում է տվել, դրանից մի տող ավելի գրելը վտանգավոր է»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ասաց. «Ես առավոտ շուտ «Դաշնակցություն» բարեգործական կազմակերպություն կստեղծեմ եւ ձեզ արգելում եմ մասնակցել»: Ռուստամյանն արձագանքեց՝ «դուք ընդհանրապես դաշնակցության հետ կապված որեւէ բան իրավունք չունեք ստեղծել»: Բագրատյանն էլ ասաց՝ ՀՅԴ կստեղծեմ, Ռուստամյանն էլ էլի հակադարձեց. «Հենց դուք դա ստեղծեցիք՝ 128 տարվա համար պատասխանատվություն պիտի վերցնեք, չեք կարող դրա տակից դուրս գալ»: Բագրատյանն արձագանքեց՝ մենք 500 տարվա պատասխանն էլ կտանք, բայց դեմ ենք դրան:

Ի վերջո Բագրատյանն ասաց. «Որպեսզի ձեզ հոգս չպատճառենք, ասենք, որ մենք «Բարգավաճ Հայաստան» անունով ենք մասնակցելու, իզուր մի չարչարվեք»: Նաիրա Զոհրաբյանն էլ հավելեց. «Իզուր մի փորձեք ենթատեքստեր փնտրել, մենք մասնակցելու ենք ԲՀԿ անունով, էլ դրա համար օրենքը մի չարչարեք»:

Ռուստամյանը վիճեց, թե ուրեմն այդպես էլ ասեք, իզուր Դաշնակցության անունն էլ մի տվեք՝ Բագրատյանն ասաց. «Դուք էլ Ծառուկյանի անունը մի տվեք, բոլորն էլ հասկանում են, որ ձեր ասածը Ծառուկյանին է վերաբերում, ուրիշ ո՞ւմ է վերաբերում»:

Ի վերջո, Դավիթ Հարությունյանն առաջարկեց այսպես ձեւակերպել, որ այն բարեգործական կազմակերպությունները, որոնց անվանումները կարող են նմանեցվել ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվանումներին, թեկնածուների անուններին, ոչ թե նախընտրական քարոզչության ժամանակ բարեգործություն չեն կարող իրականացնել, այլ՝ ընտրությունները հայտարարելու օրվանից սկսած: Սա ձեւակերպվեց՝ որպես ՀՀԿ-ի առաջարկ ու ընդունվեց: Ռուստամյանն ասաց, որ իրենք կողմ են, որ ընդհանրապես արգելվի բարեգործությունը, եթե անվանումը համընկնում է, Դավիթ Հարությունյանի կարծիքով, դա անթույլատրելի է, անգամ մեկ օրով բարեգործությունն արգելել չի կարելի, բարեգործությունը աստվածաշնչյան հասկացություն է:

Ըստ Ռուստամյանի՝ «Եթե դուք այդքան մտահոգ եք բարեգործության համար, բարեգործությունը մինչեւ այդ կատարեիք: Գիտենք, էլի, բարեգործությունները ոնց են լինում, գիտենք էդ ակցիաների տակ ոնց է թաքնված ընտրությունների վրա ազդելը, էդ էլ ենք տեսել: Հանկարծ բոլորը սկսում են հումանիստ դառնալ այդ օրերին, բոլորը դառնում են բժիշկներ, գնում են մարզեր՝ բուժելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031