Թուրքիայի խորհրդարանում քաշքշուկ է տեղի ունեցել ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP-ԺԴԿ) և իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությունների պատգամավորների միջև։
Լարվածությունը ծագել է այն բանից, որ քրդամետ կուսակցության Ստամբուլի պատգամավոր Ահմեթ Շըքը իշխող կուսակցությանը մեղադրել է ապօրինաբար իշխանությունը զավթելու մեջ։
«Ճշմարիտ խոսողների դեմ դուք ձեր անկարողությունը արտահայտում եք ագրեսիվությամբ։ Ձեր անբարոյականությունը…»,-ասել է Շըքը։
Այս խոսքերից հետո դեպի քրդամետ պատգամավորն են շարժվել իշխող կուսակցության պատգամավորները։ Վերջիններս փորձել են խանգարել Շըքին՝ խոսքը ավարտին հասցնելու։
Դրանից հետո սկսվել է քաշքշոց։
Թուրքիայի խորհրդարանի նախագահի պաշտոնակատար Մուստաֆա Շենթոֆը ստիպված է եղել 5 րոպեանոց ընդմիջում հայտարարել։
Տեղի ունեցածից հետո քրդամետ պատգամավորը պատժվել է։ Նա Թուրքիայի խորհրդարանի առաջիկա 2 նիստին մասնակցելու իրավունքից զրկվել է:
Որպես բողոքի նշան՝ քրդամետ կուսակցության մի քանի պատգամավորներ լքել են մեջլիսի դահլիճը։
Աղբյուր` Son haberler