Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկում՝ Ջորկայեֆին սպորտի նախարար դնելու, մեր երկրում 3 մլն Անգլիայի թագուհիների ու ջերմուկով ՀՀ-ն պահելու խոստումների մասին

Հուլիս 24,2018 15:37

ԱԺ-ում «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների շուրջ աշխատող աշխատանքային խմբի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը ներկայացրեց իր առաջարկները: Նա առաջարկում էր, որ կուսակցությունները, որոնք մասնակցում են ընտրություններին, ներկայացնեն իրենց կառավարության կազմը: Բայց նա առաջարկում էր դա չպարտադրել:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանն ասաց, որ նման առաջարկը անխուսափելիորեն կապված է բանավեճերի հետ, որովհետեւ եթե բանավեճ լինելու նախընտրական քարոզչության շրջանում, ապա այդ կաբինետի հրապարակումը որեւէ բան չի տալու: Ըստ նրա, բանավեճի կայացման համար միայն նախարարների կազմը հրապարակելը բավարար չէ. «Մի առողջապահության նախարար կարող է ասել, որ անվճար վիրահատություններ ենք անելու, մեկ ուրիշը ասում է, որ դա հնարավոր չէ, հանրային ընկալման տեսանկյունից առաջինը լինում է շատ լավ առողջապահության նախարար, մյուսը՝ չուզող: Եթե չկա վերլուծական հանրույթի տեսակետ, ինչպե՞ս պետք է հասարակությունը կողմնորոշվի: Հիշում եմ՝ ժամանակին մարդիկ քվե ստացան, որովհետեւ համոզված էին, որ ջերմուկով Հայաստանը կարելի է պահել, հիշում եմ մարդկանց, որ ով ավելի ընտիր բաժակաճառերի նման ասում էին՝ մենք կգանք իշխանության, թոշակը կսարքենք այսքան, մյուսը տեսավ, որ դա ժողովրդին դուր է գալիս, ասեց՝ ես կավելացնեմ 3 անգամ, 4 անգամ, չկար հեղինակավոր վերլուծական այն հանրույթը, որ կասեր՝ հարգելի ապագա սոցապնախարարները երեքն էլ ստախոս ու ֆոկուսնիկ են»:

Ըստ նրա, եթե որակյալ բանավեճ չլինի, դա կդառնա շոու, հանրությունը կհետեւի հետաքրքրությամբ, բայց էական բան չի տա դա: Նա ասաց, որ եթե կառավարության կազմը չեն հայտարարում կուսակցությունները, դա ունենում են իրենց մտքի տակ. «Ստացվում է, որ ենթադրենք, ես ունեմ սպորտի նախարարի մի փայլուն թեկնածու, որեւէ քաղաքական ուժ ասում է՝ ես Ջորկայեֆին կսարքեմ սպորտի նախարար ու դրանով հավաքում է այնպիսի մարդկանց քվե, որոնք այդ կուսակցության ոչ ծրագրի հետ են համաձայն, ոչ գաղափարի, բայց մի նախարարի շուրջ կհավաքվեն, այստեղ կա քաղաքական մանիպուլյացիայի խնդիր: Հետո, եթե մեկի անունը հայտարարվի ու չդնեն նախարար, ստացվում է, որ խաբում են ընտրողին»:

Սպարտակ Սեյրանյանը հիշեցրեց, որ ընտրական անցողիկ շեմը մտադիր են 4 տոկոս դարձնել ու փոքր քաղաքական ուժը կարող է չհավակնել էլ կառավարության կաբինետ ձեւավորել, պարզապես երջանիկ է ԱԺ մտնելու համար, հետեւաբար չեն կարող պարտադրել ներկայացնել կառավարության կազմ:

Նա նշեց. «Մի երկրում, որտեղ ամեն առավոտ արթնանում է 3 մլն մշակույթի նախարար, պաշտպանության նախարար, ֆուտբոլագետ, առողջապահության նախարար, վարչապետ, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի քարտուղար, եթե նույն տրամադրությամբ էլ քնում է, արանքում էլ աշխատում է ուսուցիչ կամ վարորդ, կամ վարսավիր, այդ հանրությանը նման մտադրությամբ համոզելը բարդ է լինելու»:

Նաիրա Զոհրաբյանն էլ իր կողմից հավելեց, որ մեր երկրում ամեն առավոտ արթնանում է նաեւ 3 մլն Անգլիայի թագուհի:

Իսկ Խոսրով Հարությունյանը պատասխանեց Սպարտակ Սեյրանյանի մտահոգությանը. «Եթե այս առաջարկը չկա, նախընտրական մրցապայքարը արդյոք շոու չէ՞: Նույնիսկ ոչ կոնկրետ ինչ-որ ցանկությունների, խոստումների մի կույտ է, որը Աստված գիտի, վաղը կկատարվի՞, թե՞ չէ, արդյոք այդպես չէ՞: Իհարկե, այդպես է: Այս առաջարկը հնարավորություն է տալիս գոնե կոնկրետություն մտցնել»:

ՀՀԿ անդամ Դավիթ Հարությունյանի կարծիքով, անկախ նրանից, կլինեն ներկայացված կառավարության անդամների թեկնածուները, թե ոչ, շոուն իսկապես կա. «Դա քաղաքական պայքարի տարրերից մեկն է, եւ չկա երկիր, որտեղ քաղաքականությունը չի ուղեկցվում դրանով»: Ըստ նրա, Խոսրով Հարությունյանի առաջարկը ամրագրելով՝ մասնագիտական դաշտ կտեղափոխվեն. «Հավատացե՛ք, շատ դժվար է մասնագետի դիմաց բերել մի շոումենի, ով կարողանա հանրության աչքերում անգամ շատ մեծ տպավորություն գործել, անգամ, եթե ասի, որ կենսաթոշակները 10 անգամ կավելացնեմ։ Դրեք նրա դիմաց մի գիտակ, ոլորտի գիտակ, եւ ես վստահեցնում եմ՝ 10 րոպեի ընթացքում շոումենի փետուրները չեն մնա, որովհետեւ իրականում մենք թերագնահատում ենք մեր հասարակությանը»:

Խոսրով Հարությունյանի առաջարկի հետ կապված ԱԺ աշխատանքային խումբը որոշեց առայժմ դիրքորոշում չհայտնել, նախ մարսել, հետո որոշել՝ ուղարկե՞ն դա կառավարություն՝ որպես քննարկման ենթակա հարց, թե՞ ոչ: Ռուստամյանն այդտեղ քաղաքական հարց տեսավ ու խուսափեց միանգամից որոշում կայացնել, իսկ «Ելքից» Լենա Նազարյանն առաջարկեց ուղարկել, կառավարությունը թող քննարկի ու իր դիրքորոշումն ասի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031