ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում դեռևս 2018 թվականի մայիս ամսին արևադարձային մրգերի ներկրմամբ և մանրամեծածախ վաճառքով զբաղվող «Քեթրին Գրուպ», ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված «Մաքսֆրուտ», «Ֆրուտ Վորլդ», «Մելատրոպիկ» ընկերություններում նշանակվել են հարկային համալիր ստուգումներ, որոնց արդյունքում այդ ընկերությունների կողմից պետական բյուջե է վճարվել շուրջ 600 միլիոն ՀՀ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություններ:
Վերագրյալի հիման վրա ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործով 2018թ-ի մայիսի 16-ին որոշում էր կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ պետությանը պատճառված վնասը վերականգնված լինելու հիմքով: Հարկային մարմնի հետագա հսկողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են հիշյալ ընկերություններին լրացուցիչ վճարման ենթակա հարկային պարտավորությունների առաջադրման նոր հիմքեր, որի հիման վրա դատախազի կողմից որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշումը վերացնելու մասին:
ՊԵԿ քննչական վարչությունում քրեական գործով վարույթը վերսկսվել է, որոշումներ են կայացվել «Քեթրին Գրուպ», «Մաքսֆրուտ», «Ֆրուտ Վորլդ», «Մելատրոպիկ» ընկերություններում հարկային համալիր վերստուգումներ նշանակելու մասին: Նախաքննությունը շարունակվում է:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին