Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսրով Հարությունյանն առաջարկում է, որ կուսակցությունները հրապարակեն կառավարության իրենց հնարավոր կազմը

Հուլիս 24,2018 14:55

ԱԺ-ում «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների շուրջ աշխատող աշխատանքային խմբի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը ներկայացրեց իր առաջարկները: Նա առաջարկում էր, որ կուսակցությունները, որոնք մասնակցում են ընտրություններին, ներկայացնեն իրենց կառավարության կազմը: Բայց նա առաջարկում էր դա չպարտադրել: Ըստ նրա, կուսակցությունը հանրային կյանքի կազմակերպման սեփական տեսլականը պետք է ունենա, որն արտացոլվի նախընտրական ծրագրում, խոստումներում: Ընտրությունների ժամանակ քաղաքական ուժերը հանրությանն ասում են՝ եթե դուք մեզ վստահեք, ապա հանրային կյանքի ձեր պրոբլեմները մենք կարող ենք լուծել այսպես: Հանրությունը, ելնելով այս կամ այն կուսակցության նկատմամբ վստահությունից, իր քվեն տալիս է այս կամ այն կուսակցությանը: Հանրությունն այդ կերպ իր հավանությունն է տալիս  այն ծրագրին, այն խոստումներին, որը կուսակցությունը հնչեցրել է նախընտրական գործընթացում: Բայց հարց է առաջանում՝ հաջողություն ապահովելու պարագայում ինչպե՞ս ու ո՞ր կառույցի միջոցով է փորձելու այդ կուսակցությունն իրականացնել հանրության առջեւ իր խոստումները, դա կառավարությունն է:

Խոսրով Հարությունյանն ասաց, որ կառավարությունը գործադիրի շարունակությունն է, կառավարությունը պետք է ձեւավորվի մեծամասնության կազմից, ոչ թե նրա հավանությամբ:

Խոսրով Հարությունյանն ասաց, որ եթե որեւէ ուժ չի ցանկանում կառավարության իր կազմը ներկայացնել, չպետք է զրկել գրանցվել ու մասնակցել ընտրություններին, պարզապես դրանից հանրությունը կհասկանա, որ այդ կուսակցությունը չի կարող հանրային պատասխանատվություն ստանձնել, այդքան կարողություն չունի: Ուստի ցանկացած ազդեցիկ կուսակցություն կօգտվի այդ հնարավորությունից, ինչը նախընտրական պայքարի որակի բարձրացմանը կբերի եւ համակարգային ձեւավորման նախադրյալներ կստեղծի:

Խոսրով Հարությունյանն ասաց, որ հանրության քաղաքական, քաղաքացիական ամբողջ ներուժը կուսակցությունները չեն, քիչ չեն քաղաքացիները, որոնց մասնակցությունը պետականաշինության գործում պակաս օգտակար չէր լինի: Հետեւաբար կարողություններ ունեցող որեւէ անհատ, եթե ձգտում ունի դառնալ նախարար, ո՞րն է նրա ճանապարհը: Փաստորեն, ըստ գործող կարգավորումների, նրան ասում են՝ ընդգրկվեք ձեր գաղափարներին հարմար կուսակցություն, դարձեք անդամ, ձեզ դրսեւորեք որպես հմտություններ ունեցող անձ ու կարող եք հավակնել՝ իրականացնելու ձեր առողջ ձգտումները: Պիտի այս համակարգում անձը կռահի, թե ով կարող է լինել վարչապետ, նրա հետ ջերմ հարաբերություններ պահի, մոտ լինի, որ նախարար դառնալու շանս ունենա: «Համաձայնեք, որ սա համակարգ չէ», – ասաց Հարությունյանը:

Կառավարության կազմը հրապարակելու անհրաժեշտությունը Խոսրով Հարությունյանը նաեւ պայմանավորեց նրանով, որ եթե նույնիսկ կուսակցությունը չձեւավորի մեծամասնություն ԱԺ-ում, բայց շեմը հաղթահարի, արդեն կունենա իր ստվերային կառավարությունը խորհրդարանում՝ իր հրապարակած կազմով:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ասաց, որ եթե Հարությունյանի առաջարկը պարտադիր նորմ չէ, հայեցողական է, ուստի իր ենթադրությունն արեց. «Հնարավո՞ր է մտավախություններ ունեք դուք, մտածում եք, որ կան քաղաքական ուժեր, որոնք իրենց կաբինետը չներկայացնելով՝ առավելություն են ունենում ՀՀԿ-ի հանդեպ եւ այս տեխնոլոգիայով չեզոքացնում եք այդ մտավախությունը»:

Նա նաեւ ասաց՝ եթե կուսակցությունը գյուղնախարարին կամ բնապահպանության նախարարին ներկայացնի, հետո նախընտրական քարոզարշավի, դեբատների ժամանակ իրենց չարդարացնեն այդ թեկնածուները եւ կուսակցությունը որոշի նրանց նախարար չդարձնել, կարող է հասարակությունը մտածի, որ կուսակցությունն իրեն խաբել է, մեկին ներկայացրել է, մեկին դրել նախարար: Հարությունյանը պատասխանեց, որ իր առաջարկը հնարավորություն է տալիս ձեւավորել որակյալ քաղաքական համակարգ: Նա ասաց, որ այդ առաջարկով 2001-ին էլ է հանդես եկել եւ «Առավոտում» ծավալուն վերլուծություն ներկայացրել, հետեւաբար սա տեխնոլոգիա չէ, առաջարկ է համակարգաստեղծ, որը օգտակար է բոլոր քաղաքական ուժերի համար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031