«Անհանդուրժողականությունը հենց իշխանության մեջ է նկատվում, եւ դա կամաց-կամաց «իջնում» է հասարակություն: Անգամ փաստարկված քննադատությունը սվիններով է ընդունվում թե քաղաքական գործիչների, եւ թե հասարակության կողմից»,-«Հենարան» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով փաստին, որ «Իմ քայլը» ժողովրդական շարժումից հետո հասարակությունը կտրուկ մերժում է նոր իշխանության հանդեպ մամուլի անգամ օբյեկտիվ քննադատությունը, ասաց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» ղեկավար Աշոտ Մելիքյանը: «Հետհեղափոխական շրջանում սրվել է այդ երեւույթն այն պատճառով, որ հիմա հասարակությունը գերքաղաքականացված է: Հաղթած հեղափոխականների եւ նրանց համակիրների մեծ զանգվածն ունի իրենց հարող լրատվամիջոցներ, որոնք հիմա ակտիվ օգտագործվում են»:
Աշոտ Մելիքյանի խոսքով՝ պարտված քաղաքական ուժն էլ՝ ՀՀԿ-ն, իրեն հարող լրատվամիջոցներն ունի՝ ֆեյսբուքյան հարթակով հանդերձ. «Կա նաեւ ընդդիմություն, որն ընդունված չէր ոչ նախորդ, ոչ ներկա իշխանության կողմից: Որոշ լրատվամիջոցներ էլ ի սկզբանե չեն ընդունել հեղափոխությունն ու նրա համակիրներին: Սա է իրավիճակը»:
Աշոտ Մելիքյանի խոսքով՝ լրատվամիջոցների հանդեպ հասարակության քննադատության ծայրահեղ դրսեւորումները, այդ թվում՝ սոցցանցային, մտահոգիչ են. «Պետք է բոլոր կողմերը փորձեն ինչ-որ քայլեր ձեռնարկել: «Ֆեյքերի» պարագայում պետք է արհամարհել նրանց գործունեությունը: Հայհոյանքների դեմն առնելու համար էլ որակյալ լրատվամիջոցն իր աշխատանքը պետք է շարունակի՝ արհամարհելով վիրավորանքներն ու այդ հայհոյանքը: Լրատվամիջոցը պետք է քննադատի, եթե կան փաստեր»:
https://www.facebook.com/aravot.am/videos/2095964523755385/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ