Հակառակորդի բոլոր գործողությունները վերահսկելով, մենք շարունակում ենք մեր որդեգրած քաղաքականությունը բոլոր ուղղություններով, իհարկե, շեշտը դնելով հակառակորդի հետագա գործողությունների բացահայտմանը, ավելի մանրակրկիտ վերլուծմանը և ըստ այդմ տալով առաջնահերթություններ:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:
ՊԲ հրամանատարը նշեց, որ առաջնագծում շարունակվում են ինժեներական կահավորման և տեխնիկական վերազինման աշխատանքները:
«Վերջին երեք տարիների ընթացքում առաջնագծի ողջ դիրքերում ընդհանուր թվով ավելի քան երեք հազար թաքստոց է կառուցվել: Տեղադրվել են նոր տիպի 15 կացարաններ, որոնք շարժական են (հնարավոր է քանդվել-հավաքել), իսկ պաշտպանվածությունը նախորդների համեմատ մի քանի անգամ ավելի մեծ է: Իսկ մնացած բոլոր դիրքերի կացարանները և ճաշարանները, որոնք ունեցել են թեթև պաշտպանվածություն, լրացուցիչ ինժեներական աշխատանքների միջոցով այժմ ավելի պաշտպանված են դարձել»,- ընդգծել է Լ. Մնացականյանը՝ հավելելով, որ առաջիկա տարիներին նախատեսվում է այդ դիրքերում ևս նոր տիպի կացարանների տեղադրել:
Դավիթ ԱԲԱՂՅԱՆ