Ինչպես նախորդ տարիներին այս տարի նույնպես Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից շարունակվել են հնչեցվել ռազմատենչ հայտարարություններ:
Այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսին հայտնել է Արցախի պաշպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:
«Նման հայտարարություններ արվել են նաև վերջերս՝ Ադրբեջանի զինված ուժերին նվիրված տոնական օրերի ընթացքում, որին մասնակցում էին նաև ներկայացուցիչներ տարբեր երկրներից: Այսինքն` այդ հայտարարությունները հնչեցվել են ոչ միայն ներքին լսարանի համար, այլ նաև բացիեբաց՝ միջազգային հանրության առջև»,- ասաց Լ. Մնացականյանը:
ՊԲ հրամանատարը նշեց, որ այս տարվա մարտ ամսից սկսած, հակառակորդը ակտիվացրել է մարտական պատրաստությանը վերաբերող տարբեր միջոցառումների անցկացումը: Հատկապես առաջնային գծի մոտակա խորքում նկատելի են դարձել բոլոր ստորաբաժանումների ընդգրկմամբ զորավարժություններ:
«Դրանք բոլորն էլ մեր կողմից վերահսկվել են, որոշ ուղղություններում նաև տեսանելի են եղել մեզ համար և մեր կողմից արվել են համապատասխան եզրահանգումներ: Բացի այդ, վերջին ամիսների ընթացքում ակտիվորեն աշխատել են նաև նրանց հետախուզական միջոցները: Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի ավելի հաճախակի են դարձել հակառակորդի բանակային ավիացիայի թռիչքները: Ինչպես նաև շարունակվել են առաջնագծի և մոտակա խորքի ինժեներական կահավորման աշխատանքները»,- մանրամասնեց ՊԲ հրամանատարը:
Ինչ վերաբերում է հրադադարի ռեժիմին, ապա Լ. Մնացականյանը նշեց, որ խախտումների թվի կտրուկ նվազում է գրանցվել բոլոր ուղղություններով:
«Ընդհանուր վերլուծելով իրադրությունը՝ կարող ենք գալ հետևյալ եզրահանգման. առաջնագծում իրադրությունը կարելի է գնահատել կայուն հանգիստ, բայց հնարավոր տեղային դեպքերից վերածվելու լայնամասշտաբ գործողությունների: Ըստ մեր կանխատեսումների հակառակորդի կողմից ակտիվություն կարող է նկատվել սեպտեմբեր- հոկտեմբեր ամիսներին»,- ասաց նա:
Նախարարի խոսքով լարվածության աճի միտումներ հնարավոր են, որովհետև նման հանգիստ իրավիճակ երբևիցե չի եղել:
Դավիթ ԱԲԱՂՅԱՆ