«Չեմ կարծում, թե Պուտինը գոհ էր Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունից: Անձնական համակրանք նրանց մինչեւ չկար: Սերժ Սարգսյանը ռուսամետ քաղաքականություն չէր վարում»,-«Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնից հրաժարվելուն (ապրիլի 23), ասաց ռուսաստանաբնակ քաղաքագետ Կարինե Գեւորգյանը:
Նրա բնորոշմամբ՝ հայաստանյան «Իմ քայլը» ժողովրդական շարժման հանդեպ Ռուսաստանի դիրքորոշումն ակնհայտ էր. «ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովայի հայտարարությունն անկեղծ դիրքորոշում էր, որովհետեւ նա ասաց, որ սատարում են հայ ժողովրդի կամքին ու ընտրությանը»:
Կարինե Գեւորգյանը համոզված է, որ այժմ ՀՀ նոր իշխանությունների գերխնդիրն է՝ բարձրացնել ՀՀ սուվերենությունը. «Որքան բարձր է դրա մակարդակը, այդքան ավելի խորը կկառուցվեն ՀՀ-ի հարաբերությունները Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ, թեեւ բոլոր երկրների հարաբերություններում էլ հակասություններ կարող են լինել»:
Քաղաքագետի խոսքով. «Պատահական չէ, որ Պուտինի հետ հանդիպմանը վարչապետ Փաշինյանը շեշտադրում արեց ՀՀ-ի սուվերենության մասին: Պետք չէ նրա ասածներն այլ կերպ հասկանալ, նրա բոլոր հայտարարությունները համապատասխանում են նրա ձգտումներին»:
https://www.facebook.com/aravot.am/videos/2095901697095001/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ