Լրահոս
Օրվա լրահոսը

«Զինվորի հացը հայտնաբերել են այն տեղից, որտեղ ինքն էր ապրում»

Հուլիս 24,2018 13:03

Էջմիածնի ավագանու նիստն այսօր սկսվեց Հայաստանի հիմնով: Առաջարկը քաղաքապետինն էր: Հայաստանի հիմնից հետո, հնչեց Էջմիածնի հիմնը:

Քննարկվող հարցերից մեկն էլ Մանվել Գրիգորյանին Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցն է։ Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանն այդ առնչությամբ հարցում է արել իր ֆեյսբուքյան էջում`ճշտելու տրամադրությունները: Ֆեյսբուքյան մեկնաբանություններում եղել են նաեւ անմեղության կանխավարկածը չխախտելու հորդորներ: Նաեւ գրառումներ, որ Էջմիածինն ավելի կարեւոր հոգսեր ունի, դրանք պետք է լուծել:

Հարցը ավագանու նիստում զեկուցեց քաղաքապետի պաշտոնակատարը: Նա համաձայն չէ անմեղության կանխավարկածի հետ, ասում է`դա իրավական հետեւանքներ չի առաջացնում: Կարծում է`հարցը բարոյական հարթությունում է: Բայց ինքը կողմ է, որ Մանվել Գրիգորյանը զրկվի Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից, քանի որ ԱԱԾ-ի`նրա տանը կատարված բացահայտումներից հետո, այլ քաղաքներ շատ արագ դա արեցին:

Այլ մանրամասները` տեսանյութում

Հարցը չքննարկվեց: Ավագանիներից միայն մեկը`Հրաչյա Ավետիսյանը կարծիք հայտնեց: Ասաց`պետք է զրկել, միանշանակ. «Ոչ իմ ոչ ձեր, ոչ մյուսների տանից չեն հայտնաբերել, այն՝ ինչ հայտնաբերել են: Զինվորի հացը հայտնաբերել են այն տեղից, որտեղ ինքն էր ապրում»:

Այլ մանրամասները` տեսանյութում

Քննարկվեց նաեւ քաղաքի բյուջեի առաջին կիսամյակի կատարողականը: Բյուջեն թերակատարվել է`քաղաքական իրավիճակն է պատճառը: Քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանն ասում է`հանրության մոտ թյուր կարծիք կա, որ այլեւս որեւէ հարկ եւ տուրք չեն վճարելու: Համենայնդեպս, հարկերի գանձումներ կատարող քաղաքապետարանի աշխատակիցներին բնակիչները վիրավորում եւ կոպտում են, թե իրավիճակ է փոխվել, իրենք հարկ չեն վճարելու: Քաղաքապետի պաշտոնակատարը հորդորում է`եթե ավելի լավ երկիր ենք ուզում կառուցել, բոլորն իրենց պարտավորությունները պետք է պատշաճ կատարեն:

Ավագանին քննարկում է նաեւ ուժը կորցրած ճանաչելու մասին իր մի որոշումը, որով «Պատանի երկրապահ» ակումբին ամսական 150 հազարական դրամ են փոխանցել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031