Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի փողոցներում հարցում են անում՝ ԲՀԿ-ի ցուցակից որ մեկին են ցանկանում տեսնել որպես Երեւանի քաղաքապետ. «Հայկական ժամանակ»

Հուլիս 24,2018 12:45

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին ԲՀԿ-ն մեկ քաղաքական որոշում ունի՝ մասնակցելու են Երեւանի ՏԻՄ ընտրություններին, իսկ թե ինչ ցուցակով՝ քննարկման փուլում է։ «Ցուցակում լինելու են մարդիկ, որոնց մասին հանրության եւ երեւանցիների շրջանում հարցականներ չեն լինելու, մութ պատմություններ չեն լինելու։ Մարդիկ, ովքեր պատկերացնում են Երեւանի խնդիրները եւ դրանց լուծման համար առաջարկում են կարճ ժամկետներ։ Առաջիկա օրերին պարզ կլինի, թե ովքեր են գլխավորում ԲՀԿ-ի ցուցակը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։

ԲՀԿ-ում դաշինքով ընտրություններին մասնակցելու տարբերակներ չեն քննարկվել։ Նաիրա Զոհրաբյանն էլ փոխանցեց, որ ԲՀԿ-ն այս պահի տրամադրվածությամբ Երեւանի ընտրություններին կմասնակցի միայնակ։ ԲՀԿ-ամերձ աղբյուրներից ՀԺ-ին փոխանցեցին, որ ԲՀԿ-ի ցուցակի առաջին եռյակում լինելու են ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, «Կենտրոն» ՀԸ-ի «Ուրվագիծ» հաղորդման հեղինակ Պետրոս Ղազարյանը։ ԲՀԿ-ի թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով կուսակցությունը նախաձեռնել է սոցհարցում։ Երեւանի փողոցներում հարցում են անում՝ Նաիրա Զոհրաբյանից, Գեւորգ Պետրոսյանից, Ռուբեն Գեւորգյանից (Ծաղիկ Ռուբո), Արարատ Զուրաբյանից, Վահե Էնֆիաջյանից կամ Հրաչյա Ռոստոմյանից որ մեկին են ցանկանում տեսնել որպես Երեւանի քաղաքապետ։

ՕԵԿ-ից Հեղինե Բիշարյանը ՀԺ-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ քննարկում են Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու հարցը։ Ըստ նրա՝ ՕԵԿ-ը, ամենայն հավանականությամբ, կմասնակցի Երեւանի ՏԻՄ ընտրություններին։ Այս օրերին էլ հստակեցվում է թեկնածուների հարցը։ Բիշարյանը փոխանցեց, որ ցուցակում ինքը եւ Արթուր Բաղդասարյանը չեն լինելու։ Նրա խոսքով՝ ՕԵԿ-ի ցուցակում լինելու են հանրությանը ոչ հայտնի մարդիկ եւ միաժամանակ չբացառեց Մհեր Շահգելդյանի թեկնածությունը։

«Ես եւ պարոն Բաղդասարյանը չենք լինելու։ Սա ընդամենը Երեւան քաղաքի ավագանու ընտրություններ են։ Մենք չենք ուզում ծանրացնել այն աստիճան, որ մասնակցությունը պետք է լինի կուսակցության ղեկավար մարմնի դեմքերով։ Մենք մտածում ենք, որ տարբեր մասնագիտություններ եւ մտածողություններ ունեցողներ լինեն ցուցակում, որոնք հանրությանը հայտնի չեն»,- ասաց Հեղինե Բիշարյանը։

ՀԱԿ-ից Արամ Մանուկյանն էլ նշեց՝ իսկ քաղաքապետի ընտրությունների օրը նշանակվա՞ծ է, որ մենք էլ մասնակցության մասին խոսենք։ «Սպասենք, կառավարության որոշումը լինի, նոր դրա մասին կխոսենք»,- մասնավորապես, ասաց նա եւ նշեց, որ ՀԱԿ-ում քաղաքապետի հավանական թեկնածուների անուններ էլ չեն քննարկել։

Նարեկ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031