Լրահոս
Օրվա լրահոսը

Թվում է, թե իսկապես խորհրդարանական ընտրության յուրօրինակ մանրակերտ է, սակայն տվյալ պարագայում հարկավոր է նկատի ունենալ մի հանգամանք. «Ժամանակ»

Հուլիս 24,2018 12:40

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունն ավելի ու ավելի հաճախ է սկսել դիտարկվել իբրև խորհրդարանական արտահերթ ընտրության հնարավոր, թեկուզ պայմանական, հարաբերական, բայց մանրակերտ: Թե՛ մեկ, թե՛ մյուս ընտրությունը դեռևս չեն էլ վերածվել նախընտրական պաշտոնական գործընթացի, թեև կարծես թե աներկբա է, որ դրանք տեղի են ունենալու: Բայց, բոլոր դեպքերում, «մանրակերտային» կապն այլևս անքակտելի է:

Երևանի ավագանու արտահերթ ընտրությանը կամ պարզապես քաղաքապետի արտահերթ ընտրությանը Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակը գրեթե չի հարուցում որևէ կասկած: Կասկած չի հարուցում այն, որ քաղաքապետարան կվերադառնա ԲՀԿ-ն՝ հաղթահարելով անցողիկ շեմը: Իսկ ահա շեմը հաղթահարելու ունակ երրորդ ուժի հանգամանքը բաց է, իսկ առանց երրորդ ուժի անցողիկ շեմը հաղթահարելու էլ ընտրությունը չի համարվի կայացած: Երևանի ավագանին պետք է ունենա առնվազն երեք խմբակցություն: Այստեղ, իհարկե, ինտրիգ է այն, թե արդյո՞ք մասնակիցները կլինեն երեքից ավելի: Ըստ ամենայնի հենց այդպես էլ կլինի, քանի որ ընտրությանը թեկուզ առանձին մասնակցելու մասին «Լուսավոր Հայաստանն» է հայտարարել, ՀԱԿ-ն է պատրաստվում վերադառնալ, Զարուհի Փոստանջյանը թերևս հեշտ չի զիջի դիրքերը, «Քաղաքացիական պայմանագիրն» ու ԲՀԿ-ն կան, «Ժառանգությունն» է հայտարարում, որ մասնակցելու է:

Այսինքն՝ այդ իմաստով թվում է, թե իսկապես խորհրդարանական ընտրության յուրօրինակ մանրակերտ է, սակայն տվյալ պարագայում հարկավոր է նկատի ունենալ մի հանգամանք: Խոսքը չմասնակցող ուժերի մասին չէ, որոնք սակայն անպայման կմասնակցեն խորհրդարանի ընտրությանը: Համենայնդեպս, Ժիրայր Սեֆիլյանը չի հայտարարել Երևանի ընտրությանը մասնակցելու մասին, սակայն խորհրդարանի ընտրությանը մասնակցելու մասին նա կարծես թե խոսել է ազատության մեջ հայտնվելուց գրեթե անմիջապես հետո: Կան էլի ուժեր, այդ թվում՝ ՀՀԿ-ն: ՕԵԿ-ը դեռ ձայն չի հանել Երևանի մասով, բայց խորհրդարանին անպայման կմասնակցի: Կան նորաստեղծ կուսակցություններ, ու դեռ կլինեն երևի թե, քանի որ խորհրդարանական ընտրությունը կդիտարկեն չհերկված, խոպան դաշտ:

Կազմից, անվանական ցանկից բացի, խնդիրը ընտրության առանձնահատկությունն է: ՏԻՄ ընտրությունը, թեկուզ Երևանում, որն առավելագույնս, իհարկե, քաղաքականացվել է հայտնի պատճառներով, այդուհանդերձ անցնում է այլ մթնոլորտում, այլ օրակարգով: Դա հատկապես զգալի է լինելու հիմա, երբ չկա ՀՀԿ-ն, որի դեմ էին ծրագրավորում իրենց արշավը բոլորը:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031