Լրահոս
Օրվա լրահոսը

Անլուրջին` թեթեւ, լուրջին` ուշադիր

Հուլիս 24,2018 10:06

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը նկատել է, որ նոր իշխանությունները չափից դուրս մեծ նշանակություն են տալիս սոցիալական ցանցերում իրենց հասցեին բացասական գնահատականներին եւ անհամաչափ ջանքեր են ծախսում նույն հարթակում «արժանի հակահարվածներ» տալուն: Այդ դիտարկման հետ կարելի է հիմնականում համաձայնել՝ թերեւս լրացնելով, որ այս պարագայում, ինչպես եւ ամենուր, անհրաժեշտ է դրսեւորել տարբերակված մոտեցում: Պարզաբանեմ միտքս առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի այցի օրինակով:

Այդ այցի «դեղին», «տաբլոիդային», անլուրջ մեկնաբանություններին կա՛մ ընդհանրապես պետք չէ պատասխանել, կա՛մ, եթե դրանք շատ են հուզում փոխվարչապետին, պատասխանել մեկ անգամ՝ մամուլի քարտուղարի միջոցով տալով հետաքրքրող հարցերի մասին հակիրճ եւ սոլիդ տեղեկանք: Չարժե դա անել անձամբ, չարժե բանավիճել «հիմարն ինքդ ես» ոճով, առավել եւս՝ չարժե դրա համար մոբիլիզացնել նոր իշխանության երկրպագուների ֆեյսբուքյան «պատժիչ բրիգադը»: Թե չէ ստացվում է, որ կառավարությունը լուրջ ֆեյսբուքյան կռիվների մեջ է մտնում ցանկացած օգտատիրոջ հետ:

Այցի թեմայով մասնագիտական քննադատություններին նույնպես, բնականաբար, պետք չէ պատասխանել, առավել եւս պետք չէ հարձակում կազմակերպել. նման քննադատությունը ի գիտություն է ընդունվում, որ հաջորդ անգամ թերությոններ չլինեն:

Այսինքն՝ որեւէ երկիր հաջորդ այցելության ժամանակ անհրաժեշտ կլինի ավելի խորն ուսումնասիրել տվյալ երկրի պետական եւ քաղաքական համակարգը, որոշումներ ընդունելու մեխանիզմը եւ այցը պատրաստելիս հաշվարկել, որ բանակցությունների «վիզավին» լինի մեր պատվիրակության ղեկավարին քիչ թե շատ համարժեք պաշտոնյա: Այդ ամբողջ աշխատանքը չի կարող կատարել փոխվարչապետը կամ որեւէ այլ բարձրաստիճան պաշտոնյա միայնակ՝ դա պետք է անի նրա աշխատակազմը՝ ԱԳՆ-ի եւ, շատ ցանկալի է, անկախ փորձագիտական շրջանակների աջակցությամբ:

Ես, իհարկե, փորձագետ չեմ, բայց զուտ լրագրողական փորձով կարող եմ ասել, որ 26 տարում մեր կառավարությունը բավականին մեծ փորձ է կուտակել Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համագործակցելու: Այստեղ պետք է շարունակել՝ հաշվի առնելով հիշյալ փորձը: ԵՄ-ի եւ Միացյալ Նահանգների հետ համագործակցության նման փորձառություն մենք առայժմ չունենք: Հիմա՝ հեղափոխությունից հետո, իսկապես այդ ուղղություններով արդյունավետ աշխատելու համար լավ հնարավորություններ են ստեղծվել: Բայց, ինձ թվում է, այստեղ «ծրագիր վաճառելու» տեխնոլոգիաները տարբերվում են ՀԲ-ի եւ ԱՄՀ-ի հետ հարաբերություններից:

Եվ մի բան էլ. կարծում եմ՝ պետք չէ սահմանափակվել «Հազարամյակի մարտահրավերներով»: Հավանաբար, հնարավոր է մշակել ավելի մասշտաբային եւ հավակնոտ ծրագրեր:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. gib.gibindus says:

    Հարգելի ընկեր Աբրահամյան ջան, լավ սկիզբ էր չէ՞՝ ինձ էլ դուր եկավ: Էդ շատ լավ ա, որ ՛՛Անլուրջին` թեթեւ, լուրջին` ուշադիր՛՛: Տես ինչ եմ ասում,- կարա՞մ մի հատ հենց էդ ասածդ ձևով գիտության ոլորտի եռուզեռին պատասխանեմ: Չէ, իմ անունից՝ ոչ մի կլյաուզա: Էն որ կազմակերպված վայրահաչություն են սկսել՝հեչ դուրս չի գալիս: Որ սաղին էլ 5 մատիս պես գիտեմ՝ դու էլ գիտես: Հը՞, հմի ո՞նց ենք անում: Դու ինձ հասկացար, իմ ախպեր:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031