Լրահոս
Օրվա լրահոսը

«Արամը գոնե զոհվածի ծնողին մինչեւ վերջ կլսի ու կփորձի օգնել, ոչ թե Մանվելի նման կասի՝ «քո համար ա գնացել քո տղեն կռվել». Մանվել Ղազարյան

Հուլիս 24,2018 08:37

«Տղաների մեծ մասն ուզում է, որ Երկրապահ կամավորական միության նախագահ դառնա Արամ Սարգսյանը, մի ինչ-որ մասսա էլ կա, որ չի ուզում՝ ասելով, որ Արամը չի կռվել: Ո՞վ է ասում, որ պետք է անպայման կռված լինի», – Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց «Վեդի Ալկոյի» սեփականատեր, նախկին պատգամավոր, երկրապահ Մանվել Ղազարյանը:

Նրա մեկնաբանությամբ՝ եթե պաշտպանության նախարարը կարող է քաղաքացիական անձ լինել, ԵԿՄ վարչության նախագահն ինչո՞ւ չի կարող. «Ի՞նչ պարտադիր է: Արամը գոնե զոհվածի ծնողին կամ հաշմանդամի ծնողին մինչեւ վերջ կլսի ու կփորձի ինչ-որ բանով օգնել, ոչ թե Մանվելի նման կարհամարհի, կասի՝ «քո համար ա գնացել քո տղեն կռվել»: Ամոթ է, մեր համար դա վիրավորական է, վերջիվերջո մենք էլ ենք ԵԿՄ-ն ներկայացնում, ԵԿՄ անդամ ենք, եթե քաղաքացու հետ այդպես կոպիտ, բռի են խոսում, մենք էլ ենք դրանից վիրավորվում, ցավ զգում, վիրավորվում: Ես Արամի հետ այդ թեմայով խոսում եմ, ասում եմ՝ պետք է ԵԿՄ-ի հեղինակությունը բարձրացնենք, պետք է հասնել այն բանին, որ դրսից միջոցներ ներգրավենք, կամ բյուջեից միջոցներ, որ այդ կարգի խնդիրներով կարողանաք զբաղվել: Որդեկորույս մորը ո՞նց կարելի է չլսել, մի հատ էլ վիրավորել ու ճանապարհել՝ հռի-բռի մեթոդներով, որը չպիտի լինի: Այսինքն, ավելի լավ է մի հատ երկրորդ հռի-բռի գեներա՞լն ունենանք ԵԿՄ նախագահ, թե՞ ունենանք քաղաքացիական անձ, որը ավելի պարկեշտ, ավելի խելոք, ավելի լսելու ընդունակ անձնավորություն կլինի, որը նաեւ կբարձրացնի ԵԿՄ-ի հեղինակությունը»:

Նա ասաց, որ ինքը կողմ է Արամ Սարգսյանի թեկնածությանը. «Ո՞վ է ասում, որ ԵԿՄ նախագահը վաղը պետք է զորք հավաքի ու գնա կռվի: ԵԿՄ-ում ովքեր մնացել են, հները 60-նն անց մարդիկ են, 60-ին մոտ, երիտասարդներն էլ, այսօր պետություն կա պետությունն իր զինկոմիսարիատներով հաշվառման մեջ են պահում, ավելի լավ է այդ գործառույթներն այսօր պետությունն անի, քան մենք անենք, հետո էլ նորից ասեն, որ այս պահածոն ավելացել է, ինչի՞ է ձեր մառանում հայտնվել կամ ինչու է ձեր գարաժում հայտնվել»:

Մեր դիտարկմանը, որ Արամ Սարգսյանի ընդդիմախոսների հիմնական փաստարկն այն է, որ նրա կոչով ոչ մեկը չեն գնա կռվի, ապրիլյան պատերազմի ժամանակ Մանվել Գրիգորյանը բոլորին ասաց՝ հավաքվեք, գնում ենք, իսկ Արամ Սարգսյանին կռված տղերքը չեն լսի՝ Մանվել Ղազարյանը պատասխանեց. «Որ ոչ մեկը կոչ չանի, էդ տղերքի արյան մեջ է արդեն դարձել հայրենիքի պաշտպանության գործը: Կոչ անեն-չանեն՝ այդ մարդիկ գնալու են: Իզուր տեղը այդ մարդիկ ավելի շատ ջուր պղտորողներ են, կամ ինչ-որ պատվերով խոսողներ: Ես չգիտեմ որտեղից են այդ մարդիկ ղեկավարվում կամ ում պատվերով են խոսում կամ իրենց հետին միտքն ինչ է»:

Ըստ Մանվել Ղազարյանի, ԵԿՄ վարչության նախագահ լինելը առանձնապես մի պաշտոն չէ, ավելի շատ բեռ է, պատասխանատվություն. «Արարատի շրջանում երկրապահի հրամանատար, այսպես ասեմ, ստիպել ենք մեր ընկերներից մեկին, որ ինքը դառնա: Ոչ մեկը չի ուզում այդ բեռը վերցնի իր վրա, ավելորդ ժամանակ ծախսի: Դա բեռ է, ոչ թե ինչ-որ մեծ պաշտոն, որ դրա համար կռիվ անեն, պայքարեն: Ընդհանրապես ԵԿՄ-ի տղերքի 99 տոկոսը ոչ էլ ինչ-որն պաշտոնի ձգտողներ են եղել կամ կռվել են պաշտոնի համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031