Լրահոս
Օրվա լրահոսը

«Տաբուները ջարդելու և խնդրահարույց հարցերը զգուշորեն վերանայելու քաղաքականություն պետք է որդեգրվի նոր իշխանությունների կողմից». Էդգար Վարդանյան

Հուլիս 23,2018 23:50

«Տաբուները ջարդելու և խնդրահարույց հարցերը զգուշորեն վերանայելու քաղաքականություն պետք է որդեգրվի նոր իշխանությունների կողմից: Իմ հետազոտությունն այդպիսի քաղաքականություն վարելու հիմքեր է տեսնում»,- Aravot.am-ի հետ զրույցում ամփոփելով իր կատարած «Մինչհեղափոխական և հետհեղափոխական իշխող քաղաքական վերնախավերի շրջանում տարածված մոտեցումները Հայաստանի սովետական անցյալի նկատմամբ» հետազոտության արդյունքները՝ հայտնեց հետազոտության հեղինակ, քաղաքագետ, «Դետեկտոր» վերլուծական նախագծի գլխավոր խմբագիր Էդգար Վարդանյանը:

Նախագիծն իրականացվել է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի «Քաղաքականության կրթաթոշակներ» ծրագրի շրջանակներում: Այսօր ներկայացվեցին հետազոտության արդյունքները: Պարոն Վարդանյանի ձևակերպմամբ՝ մենք պետք է սովետական ժամանակահատվածի բռնաճնշումների մասին խոսենք ու դատապարտենք դրանք, որպեսզի այլևս չկրկնվեն: Պիտի միտված լինենք դեպի ժողովրդավարական արժեքներ և հետ նայելիս միշտ հիշենք ներկայի ու ապագայի մասին: Էդգար Վարդանյանը հավաստիացրեց. «Մենք ուղղակի մեր անցյալը քննադատելու համար չենք քննադատում, այլ անում ենք դա, որ այսօր կառուցենք այն երկիրը, որի համար պայքարում էինք, պայքարում ենք և կպայքարենք»:

Տեղեկացնենք՝ շուտով հետազոտությունը կտպագրվի: Համեմատելով ներկայիս և նախկին իշխանությունների մոտեցումները սովետական անցյալի նկատմամբ՝ պարոն Վարդանյանը նշեց. «Կարելի է ասել, որ հին իշխանությունները տոտալիտար խորհրդային անցյալը, բոլոր հայ բոլշեվիկներին արդարացնելու ոչ ֆորմալ քաղաքականություն էին վարում, իսկ նոր իշխող քաղաքական վերնախավի շրջանում ավելի շատ տարածված է տոտալիտարիզմը դատապարտող մոտեցումը: Ասում են՝ պետք է տարբերակված մոտեցում ցուցաբերել բռնաճնշումներ իրականացրած բոլշևիկների և ուղղակի պաշտոն զբաղեցրած, բռնություններում չներգրավված բոլշևիկների նկատմամբ: Առաջիններին դատապարտել է պետք անկախ նրանից, թե առանձին ինչ-որ դրական գործ արել են, թե՝ ոչ, երկրորդների նկատմամբ այլ վերաբերմունք ցուցաբերել: Պիտի հասկանալ, որ մի մասն իրենց համոզմունքներից ելնելով, մի մասը ստիպված ծառայում էին այդ ոչ դեմոկրատական համակարգին»:

Միևնույն ժամանակ հեղինակը հայտնեց՝ հետազոտությունը ամբողջական, ներկայացուցչական չէ, այն ուղղակի փորձել է հասկանալ ինչ տրամաբանություններ ու տեսակետներ կան: Հետազոտությունը ցույց է տվել, որ իշխող քաղաքական վերնախավի շրջանում կան խիստ դատապարտող տրամադրություններ խորհրդային ռեժիմի, հակադեմոկրատական գործընթացների, բռնաճնշումների նկատմամբ: Ներկայիս իշխող քաղաքական վերնախավի շատ ներկայացուցիչներ հանդես են գալիս խորհրդային պատմության վերանայման թեզի օգտին ի տարբերություն նախկին իշխող քաղաքական վերնախավի ներկայացուցիչների, որոնք դեմ էին սովետական պատմության վերանայմանը և համարում էին, որ քանի որ դա մեր պատմության մի մասն է ապա չի կարելի քննադատել այդ շրջանը եւ նրա գործիչներին և քննադատելը հավասարեցնում էին պատմության սևացմանը:

Հետաքրքրվեցինք՝ հարցազրույցներ վարե՞լ է ներկա և նախկին իշխանության ներկայացուցիչների հետ, պարոն Վարդանյանը պատասխանեց, որ ՀՀԿ-ականների տրամադրությունները մեդիա դիսկուրս անալիզի միջոցով է պարզել, իսկ ներկայիս քաղաքական վերնախավի ներկայացուցիչների հետ արել է խորքային հարցազրույցներ: Մեր հարցին՝ ՀՀԿ-ականները չե՞ն նեղանա, պարոն Վարդանյանն արձագանքեց. «Նեղանալու խնդիր չեմ տեսնում՝ նրանք ինտենսիվ կերպով 2017-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին խոսել են սովետական անցյալի խնդրի հետ կապված, քանի որ ԵԼՔ-ի՝ փողոցների անվանափոխման նախաձեռնությունը կար և սովետական շրջանի բռնաճնշումների օրերին նվիրված Խավարում ցուցահանդեսը փակվեց: Այդ երկու իրադարձությունները նպաստեցին նրան, որ ինտենսիվ կերպով այն ժամանակվա իշխանության ներկայացուցիչները խոսեն սովետական անցյալի մասին: Նրանք ասում էին, որ սովետական անցյալը ջնջելու, հայ բոլշևիկներին սևացնելու քաղաքականություն են իրականացնում ընդդիմադիրները եւ որ դա անընդունելի է: Դա բավարար էր, որ հասկանայինք նրանց հրապարակային տեսակետը: Դա ոչ ֆորմալ քաղաքականություն էր, որն ինչ-որ կերպ արդարացնում էր հանցագործություն իրականացրած բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնող հայ բոլշևիկներին»:

Մեր հարցին՝ մտավախություն չկա՞, որ ներկայիս իշխանությունները հիմա էլ հակառակ ծայրահեղության մեջ կարող են ընկնել՝ ամեն ինչ սևացնելու և մերժելու առումով, պարոն Վարդանյանը պատասխանեց. «Այդ վտանգը չեմ տեսնում: Իմ գրեթե բոլոր զրուցակիցներն ասում էին, որ մենք պետք է զգուշությամբ մոտենանք սովետական անցյալը դատապարտելու խնդրին: Նշում էին, որ մենք պետք է հաշվի առնենք աշխարհաքաղաքական գործոնները դիրքորոշում հայտնելիս այս հարցի վերաբերյալ, որպեսզի չսրենք իրավիճակը և նաև պետք է զգույշ լինել այն առումով, որպեսզի հասարակական նոր կոնֆլիկտներ չառաջանան այդ հողի վրա: Այդ առումով կարծում եմ իրենք կարծես թե զգուշորեն դատապարտող քաղաքականության և նաև տարբերակված մոտեցման կողմնակիցն են: Օրինակ՝ բոլորը միանշանակ ասում էին, որ Միկոյանի անունով փողոց կամ արձան չպետք է լինի (ոմանց համար թույլատրելի է նրա արձանի տեղադրումը, միայն, օրինակ, թանգարանում եւ ոչ որպես դրական կերպար), բայց, օրինակ Քոչինյանի, Կարեն Դեմիրճյանի, Խանջյանի անունով փողոց ունենալը շատերի համար նորմալ է, քանի որ այդ մարդիկ բռնաճնշումներում ներգրավված չեն եղել, դրական գործունեություն են ծավալել»:

Պարոն Վարդանյանն ամփոփեց. «Տոտալ մերժման քաղաքականություն պետք է որ չորդեգրեն նոր իշխանությունները: Սա են ցույց տալիս իմ հետազոտության արդյունքները: Միևնույն ժամանակ այդ պրոդեմոկրատական կուրսի տրամաբանության շրջանակներում է դիտարկվում սովետական անցյալը, որը հիմնական տարբերությունն է: Նոր քաղաքական վերնախավում տարածված մոտեցում է, որ չի կարելի առանձին դրական գործողություններին հղում անելով՝ արդարացնել բռնությունները»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031