«Վեդի Ալկո» ընկերության նախագահ, նախկին պատգամավոր Մանվել Ղազարյանն այսօր Aravot.am-ի հետ զրույցում հարցին՝ ճի՞շտ է, որ Մարտի 1-ից հետո, երբ սկսեցին հետապնդումները, ձեզ հատկապես Հովիկ Աբրահամյանն է աջակցել, նույնիսկ առաջարկ է արել, որ ԲՀԿ-ի ցուցակով առաջադրվեք, մասնակցեք ընտրություններին՝ Մանվել Ղազարյանը պատասխանեց. «Հետապնդում որպես այդպիսին բացարձակապես չի եղել իմ նկատմամբ: Ավելին ասեմ, Սերժ Սարգսյանը, եթե դրանից հետո հարց է եղել, ինձ ավելի շատ օգտակար է եղել, քան վնասել է: Մարդիկ կարող էին մտածել, որ հիմա պետք է ավելի վատ վերաբերվի Մանվելին, բայց հասարակ բան ասեմ՝ երեխաների ուսման հարցով, Մոսկվայում են երեխաներս սովորել, ես ոչ գնացել եմ, ոչ խնդրել եմ, բայց ինքը, իմանալով, որ իմ երեխայի համար է, այդ ուղեգիրը տվել է, որ իմ երեխան գնա, Մոսկվայում սովորի: Էլի խնդիրներ են եղել, ինքն ասել է՝ հա, Մանվելը նորմալ անձնավորություն է, մենք ոչ մի խնդիր չունենք Մանվելի հետ: Ես հետապնդում չեմ զգացել: Բայց որ դաշտն անհավասար է եղել, ես դա ամեն վայրկյան եմ զգացել: Եղել են արտոնյալներ եւ սովորական մահկանացուներ: Կարող ես՝ էդ դաշտում դիմացիր, չես կարող՝ չորացիր կամ վերացիր»:
Մենք ճշտեցինք՝ այնուամենայնիվ, Հովիկ Աբրահամյանի կողմից առաջարկ եղե՞լ է ԲՀԿ-ի ցուցակով առաջադրվելու՝ նա պատասխանեց. «Անուններ չտանք, առաջարկ եղել է, բայց որոշ քննարկումներից հետո ես հրաժարվել եմ: Իրոք, չէի ուզում այդ դահլիճ մտնեի այլեւս: Հետո, եթե դու պիտի գնաս Ազգային ժողով ու չկարողանաս քո կոչմանը ծառայես, ԱԺ-ն վեր էր ածվել մի հատ ինչ-որ դակիչ օրգանի, եթե դու չես կարող կառավարության բերած օրենքի նախագծերը քննարկել, քննադատել, ուղղումներ մտցնել, առաջարկներ անել, շատ քիչ բան կարող է կարողանաս փոխել, գնում ես այնտեղ ի՞նչ անես, կոճա՞կ սեղմես: Ավելի լավ է էդ կոճակը թող ուրիշ մարդ սեղմի, մանավանդ, որ ես այնքան աշխատանք ունեմ անելու: Ընդհանրապես ազատ ժամանակ չունեմ, որ գնամ այնտեղ նստեմ, կոճակ սեղմեմ»:
Հարցին՝ ձեր շահերին օրենքները ծառայեցնելու առումո՞վ էլ պետք չէր գնալ ԱԺ՝ Մանվել Ղազարյանը պատասխանեց. «Ես նման բան ընդհանրապես չեմ անի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ