Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Վազգենի հետեւից հաչալը անբարոյականություն, անբարոյականի զավակ լինել է, ո՞նց հանգստացնենք ձեզ ախր». Մանվել Ղազարյան

Հուլիս 23,2018 23:13

«Ցավոք, Մանվելը հնարավորություն տվեց, որ շատ մարդիկ՝ արժան-անարժան, սկսեն քննադատել ԵԿՄ-ն», – Aravot.am-ի հետ զրույցում ԵԿՄ-ի եւ հատկապես սպարապետ Վազգեն Սարգսյանի հասցեին քննադատությունների հետ կապված իր մտահոգությունները հայտնեց «Վեդի Ալկոյի» սեփականատեր, նախկին պատգամավոր, երկրապահ Մանվել Ղազարյանը:

Նա ասաց. «Ես չեմ ուզում անունը տալ, այդ մարդուն դեռեւս 2004-ին, երբ ինքը էլի շատ վատ ձեւով հարձակվել էր Վազգեն Սարգսյանի ու Երկրապահի վրա, իրեն շատ արժանի պատասխան եմ տվել: Մարդիկ, որոնք գոնե մի անգամ փամփուշտի մի հատ սուլոց լսած լինեին իրենց ականջի տակ, մի օր իրենց հայրենիքի համար անքուն գիշեր անցկացրած լինեին ու դեմ առ դեմ առճակատված լինեին մահվան հետ, խոսեին…երկրապահը համարում են հրոսակախումբ, այսինքն, կոնկրետ ես հրոսակ եմ ու իմ նման հազարավոր մարդիկ մեր երկրում հրոսակներ են: Ես շատ մարդիկ գիտեմ, որ դպրոցներում աշակերտների համար օրինակելի անձնավորություններ են, երեխաները ազատ շարադրություններ են գրում ԵԿՄ շատ անդամների մասին ու ինչ-որ մեկը կամ մի քանիսը իրենց թույլ են տալիս ԵԿՄ-ն համարել հրոսակախո՞ւմբ, այդ ամենը ստեղծողին՝ Վազգեն Սարգսյանին հրոսա՞կ: Ես չեմ էլ ուզում իրենց լեզվով խոսել: Երրորդ հանրապետության ամենապայծառ դեմքերից մեկն է եղել Վազգեն Սարգսյանը ու եթե նրա կյանքը չընդհատվեր…Ես միշտ իմ մեջ նրան համեմատում էի Գարեգին Նժդեհի հետ, ովքեր կարդացել են Նժդեհ, գնահատել են նրա թե՛ ռազմական, թե՛ փիլիսոփայական, թե՛ հռետորական տաղանդը, Վազգեն Սարգսյանը աճում էր ու աճելով գնում էր դեպի այդ բարձրությունը:

Իմ համար անառարկելի հերոս է եղել Վազգեն Սարգսյանը, շատ մեծ պետական, քաղաքական գործիչ է եղել, չմոռանանք, որ ինքը ազգային հերոս է ու այսօր այդ կարգի մարդու հետեւից հաչալը ընդամենը անբարոյականություն, անբարոյականի զավակ լինել է: Ի՞նչ եք ուզում դուք, ի՞նչ է արել, որ մինչեւ հիմա չեք կարում հանգստանալ, ո՞նց հանգստացնենք ձեզ ախր, ի՞նչ անենք, որ դուք հանգստանաք: Ավելի շատ բան ասեմ՝ ում համար այդպես վրդովված են այդ մարդիկ, վերջին 10 տարին, համենայն դեպս ցույց տվեց, որ նրանք ընդհանրապես այդ արժանիքները չունեին: Եթե 96-ի ընտրությունների հետ կապված խնդիրներ են եղել, համենայնդեպս, ոչ երկրապահն է ուժ գործադրել, որեւէ մի քաղաքացու քթից արյուն չի եկել, որեւէ քաղաքացի չի տուժել: Իսկ 2000 թվից այս կողմ, երբ արդեն Վազգեն Սարգսյանը չկար, դրանից հետո մշտապես ընտրություններից հետո ժողովրդին ծեծել են, ջարդել են, փշրել են, էդ մարդիկ ինչի՞ մի անգամ չեն խոսացել, կամ եթե խոսել են, չե՞ն հասկանում, որ ընդհանրապես համեմատելու եզրեր չկան այն ժամանակվա արածների մեջ ու հետո արվածների մեջ:

Եթե դեմոկրատիա եղել է մեր երկրում, ուրեմն եղել է մինչեւ 99-ի Հոկտեմբերի 27-ը: Դեմոկրատիայի վերջին ալիքը կտրվել է Ա1 պլյուսի փակումով: Այն ժամանակ ամեն մարդ կարող էր խոսել, թող Վազգեն Սարգսյանն այսօր ողջ լիներ, լիքը քննադատողներ ունենային, ես էլ գիշերը գլուխս բարձին դնելուց չմտածեի՝ լավ, մենք ինչքան անարժան մարդիկ ենք, մեր զոհված, մեր սպանված ընկերոջը պատեհ-անպատեհ, արժան-անարժան մարդ հելնում վիրավորում է, մենք էլ ընդհանրապես ոչ մի բան չենք ասում, չենք խոսում կամ չենք փորձում պաշտպանել մեր սպանված ընկերոջը, մեր ընկերոջ հիշատակը: Ամոթ էլ է վերջիվերջո, ինչքա՞ն կարելի է: Քանի՞ տարի այդ մարդիկ պիտի ապրեն ու անընդհատ Վազգենից խոսեն, ոչ թե խոսեն, այլ նույնիսկ հաչան»:

Ըստ Մանվել Ղազարյանի, մեկ-երկու մարդկանց պատճառով չի կարելի ողջ կառույցը քննադատել. «Վաղը կարող է, Աստված չանի, պարզվի, որ ԵԿՄ-ում կա մի որեւէ օտարերկրյա գործակալ, ոչ մի կառույց երաշխավորված չի, չէ՞, ցանկացած կառույցում էլ կարող են նման մարդիկ լինեն, այսինքն, պետք է մենք ասենք՝ հա, բերեք ԵԿՄ-ն փակե՞նք: Դուք ճանաչո՞ւմ եք ԵԿՄ անդամներին, տեսե՞լ եք, 2016-ին ցույց էին տալիս հեռուստատեսությամբ, մարդիկ ատամ չունեին բերանները, եկել շարվել էին, ֆորմա էին ստացել, գնում էին ռազմաճակատ, բա դո՞ւք ինչ էիք անում: Դուք ձեր հարազատների, ընտանիքի անդամների աչքերին ո՞նց էիք նայում, երբ տեսնում էիք, որ այդ մարդիկ այդ վիճակում՝ աղքատության մեջ կորած, նորից գնում էին ռազմաճակատ: Ու դուք ասում եք՝ ԵԿՄ-ն հրոսակախումբ էր, հա՞, այսինքն, էդ բոլոր մարդիկ հրոսակներ են, այսինքն, էս հայրենիքը պաշտպանել են հրոսակները, ոչ թե ազգային ազատագրական պայքարին նվիրված մարդիկ, զինվորները: Ո՞նց կարելի է մարդ էդքան լկտի լինի, լավ»:

Մեր դիտարկմանը՝ Վազգեն Սարգսյանին մեղադրում են, որ նա կռված տղերքին այսպես ասած «տոն է տվել», որ գան ու քաղաքացիական կյանքում էլ դառնան այն, ինչ դարձել են՝ Մանվել Ղազարյանը պատասխանեց, որ բոլոր երկրներում, որտեղ կան կռված մարդիկ, այդ սինդրոմը կա, ԱՄՆ-ն էլ դուրս չի եկել վիետնամական սինդրոմից. «Բա ի՞նչ էիք ուզում լիներ, մարդիկ գնացել են, հայրենիքի համար տարիներով կռվել են, զրկվել են ամեն ինչից: Մեկը՝ ինվալիդ, մեկը չգիտեմ ինչ ձեւ վերադարձել է, տեսել է՝ էս երկիրը ամեն ինչը գրավված է արդեն, ով ոնց ուզում՝ վայելում է, ով ինչ հասել՝ իրար մեջ արդեն բաժանել են, կիսել են, իրանք էլ կռվից եկել են, տեսել են բան չկա անելու:

Վազգենը Մանվելին չէր թողնում Հորադիզից էս կողմ գար՝ հասկանալով, որ Մանվելը կարող է մի քիչ հռի-բռի բնավորություն ունենա, մի քիչ զոռբա լինի, մի քիչ անտաշ լինի: Նրան ասում էր՝ քո տեղը կամ Հորադիզն է, կամ Եռաբլուրը: Վազգենին սպանեցին, Մանվելին բերեցին դրեցին պաշտպանության փոխնախարար, զորքով, թիկնապահներով: Կամ մենակ Մանվելի՞ մեջ է այդ խնդիրը: Ցանկացած մարդ, ինչի՞ պիտի 20 հոգանոց «զորքով» ման գա էս երկրում, կամ 5 հոգանոց, մենակ ման եկեք, որ իմանաք ձեր գինը, ա՛յ մարդիկ, ինչի՞ եք 20 հոգով ման գալիս: Բա ինչի՞ է իշխանությունը թույլ տվել, որ մարդիկ այդպե՛ս ման գան, այսօր Մանվելն է, վաղը Պողոսն է լինելու, մյուս օրը՝ Պետրոսը: Լավ, թիկնապահ ես ուզում, օգնական ես ուզում՝ մի հոգի իրավունք ունես ունենալու, ոչ թե զորքով մարդիկ ման գան, հետո էլ մի հատ մարդ փորձի բարձր տոնով խոսալ՝ քցեն քացու տակ ծեծեն, սատկացնեն թիկնապահները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Նունե Ղազախեցյան says:

    Ապշած եմ, որ aravot.am-ը կարող էր նման անմակարդակ հոդված կամ հարցազրույց տպագրել՝ հայհոյանքներով լի:

  2. Nonna says:

    Ցավալի է, որ Վազգեն Սարգսյանը ժամանակին մի քանի ողորմելի պաշտոններ և օբյեկտներ է նվիրել ոմանց, որպեսզի առ այսօր վառ պահեն “սպարապետի” անունը, սակայն այդ “պաշտոնյա երկրապահները” հայտնի տուշոնկա գողացողներ դարձան և դեռ հայտնի չէ, թե քանի տուշոնկա վաճառեցին, որ դարձան Վեդի Ալկո-ի սեփականատեր․․․

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031