Լրահոս
Օրվա լրահոսը

30 տարի առաջ Բաքվից գաղթել են ու մինչ օրս բաղնիքում են ապրում

Հուլիս 23,2018 18:33

30 տարի է Սմբատի եւ նրա հարազատների՝ մայրիկի, տատիկի տունը բաղնիքն է՝ գյուղի բաղնիքը: Սմբատի ընտանիքը Բաքվից է գաղթել: 3 տասնամյակ առաջ նրանց, որպես ժամանակավոր կացարան հատկացրել են

Արարատի մարզի Մրգավետ գյուղի բաղնիքը, սակայն այդպես էլ հիմնական բնակարանով նրանց չեն ապահովել: Ո՜չ պետական ո՜չ էլ համայնքային բյուջեում այս ընտանիքի համար գումար չի գտնվել, որպեսզի խոնավ, կենցաղային պայմաններից զուրկ ժամանակավոր կացարանը փոխարինվի բնակարանով:

Ուր դիմել են՝ մերժումներ են ստացել՝ բյուջեում փող չկա: Սմբատ Բաղդասարյանը 25 տարեկան է: Աչք է բացել խոնավ, բետոնե կառույցում, մանկությունը, պատանեկությունը նույնպես այդտեղ է անցկացրել: Սոցիալական ոլորտի պատասխանատուների շուրթերից իր նման ապրողների համար հազարավոր խոստումների ու ծրագրերի մասին է լսել, սակայն գործնական դաշտում շոշափելի ոչինչ չի տեսել: Սմբատը միակողմանի ծնողազուրկ է:

Մինչեւ վերջերս նրա ընտանիքի անդամներ են եղել կրկին Բաքվից գաղթած պապիկն ու քեռին, որոնք, չդիմանալով խոնավ ու անմարդկային պայմաններին, մահացել են: Այժմ ընտանիքի հոգսը Սմբատի ուսերին է. առեւտուր է անում, դաշտում սեզոնային աշխատանք կատարում, սակայն միեւնույն է, ինչպես ինքն է ասում՝ ծայրը ծայրին չի հասցնում:

«Քանի որ բաղնիքը մեր սեփականությունը չէ, մենք պետք է ազատենք այն: Չնայած իմ ծանր մանկությանը եւ պատանի տարիներին, ավարտել եմ այստեղի միջնակարգ դպրոցը։ Ուսումս շարունակել եմ Մանկավարժական համալսարանում՝հեռակա ուսուցմամբ, քանի  որ  զուգահեռ աշխատում էի, որպեսզի օգնեմ ընտանիքիս»։

Սմբատի խոսքով,2007 -2008 թվականներին իր ընտանիքին օգնելու նպատակով գործարար Միխայիլ Բաղդասարովը, որը նաեւ բարեկամ է, այս գյուղում տուն է կառուցել, սակայն տունն այդպես էլ անավարտ է մնացել՝ գործարարի ֆինանսական վիճակի վատթարացման պատճառով:
Նրա ներկայացմամբ, տան հիմնական աշխատանքներն արված են. 4 պատը կառուցված է, տանիքը դրված, սակայն այդ պայմաններում բնակվել չի լինի, քանի որ, տան ներսի աշխատանքները կատարված չեն, բացի այդ գազի ու լույսի հարցն էլ լուծված չէ:

Սմբատ Բաղդասարյանի խոսքով, մասնագետները հաշվել են եւ ասել, որ այդ ամենն անելը 7-8 հազար դոլարի պատմություն է եւ ընտանիքը կարող է բաղնիքից տեղափոխվել նոր բնակարան: Երիտասարդ տղան դիմում է վարչապետին, օգնություն տրամադրող կազմակերպություններին՝ խնդրելով աջակցել՝ տունն ավարտին հասցնի:

Սմբատը 11 տարեկանից ստեղծագործում է, գումարի սղության պատճառով  գիրքն էլ չի կարողանում հրատարակել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սիրարփի Առուստամյան says:

    Ամոթ բոլորիս՝ անմարդկային պայմաններում ապրող, նվաստացած մեր հայրենակիցների համար։ Շատ երկրներում զարգացած է էժան և արագ հավաքվող կացարանների արտադրությունը։ Մի՞ թե չի կարելի մեր մոտ էլ այն կազմակերպել, որպեսզի մարդիկ կարողանան մարդավարի ապրել։ Նրանք թողել են իրենց լավ բնակարանները, զրկվել են իրենց ապահով կյանքից և հիմա Հայրենիքը խորթ մոր նման նրանց չի նկատում, չի տեսնում։ Հազար ամոթ մեզ։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031