Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը պատրաստվում է Ադրբեջանի հետ պատերազմի. Դավիթ Տոնոյան

Հուլիս 23,2018 18:22

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ծավալուն հարցազրույց է տվել ռուսալեզու EADaily-ի պարբերականին՝ խոսելով Հայաստանի ռազմական ոլորտին առնչվող մի շարք հրատապ հարցերի մասին:

 

-Պարոն Տոնոյան, որպես Հայաստանի պաշտպանության նախարար՝ շուտափույթ լուծում պահանջող ի՞նչ առաջնահերթ խնդիրներ եք տեսնում երկրի անվտանգության ապահովման հարցում:

Ինչպես ցանկացած պաշտպանության նախարար, ինձ համար առաջնահերթ նշանակություն ունի ստեղծել բարենպաստ ռազմական պայմաններ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար: Այստեղ կարելի է հակասություն տեսնել «խաղաղություն» և «ռազմական պայմաններ» բառերի միջև: Սակայն, ինչպես ասում էին սառը պատերազմի տարիներին, «հրթիռները ստեղծվում են ոչ թե պատերազմի, այլ խաղաղության համար»: Հայաստանը Արցախի ֆիզիկական անվտանգության երաշխավորն է: Ելնելով դրանից՝ մեր զինված ուժերը, նախաձեռնողականարտաքին քաղաքականությանը զուգահեռ, կոչված են ապահովելու բանակցային պայմաններ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործընթացի համար: Հաշվի առնելով հակառակորդի բացահայտ ռազմատենչ հռետորաբանությունը և հակամարտությունն ուժի կիրառմամբ լուծելու մշտական հայտարարությունները՝ Հայաստանի զինված ուժերը պետք է ապահովեն մշտական սթափեցնող ազդեցություն հակառակորդի վրա և աջակցել Արցախի պաշտպանության բանակին հակառակորդի ագրեսիան սանձահարելու հարցում:

Երկրորդ կարևոր առաջնահերթությունը բանակի հեղինակության բարելավումն է երկրի ներսում: Այս հարցում իմ ուշադրությունը կենտրոնացած է հատկապես ընտրական գործընթացներում բանակի քաղաքական չեզոքության ապահովման, ԶՈՒ-ում մարդու իրավունքների պաշտպանության, ռազմական էթիկետի ամրապնդման, բանակի գնումների մեխանիզմների կատարելագործման և զինվորականների սոցիալական պայմանների բարելավման վրա:

Եվ, իհարկե, երրորդ առաջնահերթությունը մեզ համար բանակի արտաքին կապերի ամրապնդումն է: Պաշտպանության նախարարությունը Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորների շրջանակում կշարունակի ընդլայնել միութենական և գործընկերական կապերի աշխարհագրական և բովանդակային շրջանակը:

Ի դեպ, ԶՈՒ առաջնահերթություններին և ընդհանուր առմամբ Հայաստանի պաշտպանության ոլորտների հետ կարող եք առավել մանրամասն ծանոթանալ կառավարության ծրագրի շրջանակում պաշտպանության համակարգի զարգացման իմ տեսության մեջ: Այն վերջերս է հրապարակվել  և շուտով հասանելի կլինի նաև ռուսերենով:

-Վերջին շրջանում հաճախակի են դարձել հաղորդագրությունները Լեռնային Ղարաբաղի շփման գծում ադրբեջանական զորքերի կուտակումների մասին: Դա իրո՞ք այդպես է: Որքանո՞վ է մեծ Ադրբեջանի հետ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման վտանգը:

Ադրբեջանական զորքերի կուտակումների և ակտիվացման մասին հաղորդագրությունները և նման գործընթացներ նկատվում են ոչ միայն արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում, այլև Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին, մասնավորապես Նախիջևանի ուղղությամբ: Լայնածավալ գործողությունների վերսկսման հավանականությունը միշտ էլ մեծ է՝ հաշվի առնելով բանակցային գործընթացում Բաքվի մաքսիմալիստական պահանջները: Ադրբեջանի վարքը ոչ այլ ինչ է, քան ուժի կիրառման սպառնալիք: Հենց ուժի չկիրառումն է որպես նախապայման դրված Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում, ինչպես և ցանկացած այլ հակամարտության մեջ:

Հատկապես մտահոգությունների տեղիք է տալիս ադրբեջանական զորքերի ակտիվացումը Նախիջևանի ուղղությամբ, որտեղ մինչ օրս համեմատական հանգիստ էր տիրում: Այդ հատվածում ռազմական սադրանքի ցանկացած դրսևորում հղի է մեծ ճգնաժամի հրահրմամբ, որը կազդի նաև տարածաշրջանային մյուս խաղացողների վրա: Այդուհանդերձ, հաշվի առնելով Հայաստանի դիրքորոշման ամբողջ կառուցողական բնույթը, չեմ ցանկանում, որպեսզի ձեզ մոտ տպավորություն ստեղծվի, որ Հայաստանը խաղաղություն խնդրող է: Ադրբեջանական կողմին խորհուրդ եմ տալիս այդքան վստահ չլինել նրանում, որ ինքը վերահսկում է ռազմական դրության էսկալացիայի հարցը: Այսինքն` չի լինի այնպես, որ միջնորդներին հաջողվի հայկական կողմին համոզել դադարեցնել պատասխան պատժիչ գործողությունները, եթե ադրբեջանական կողմը վերսկսի ռազմական գործողությունները, եթե Բաքուն անգամ սահմանափակ մասշտաբներով ռազմական գործողություններ անցկացնի: 2016թ. ապրիլյան ագրեսիայի կրկնության դեպքում հայկական կողմը կարող է և զերծ չմնալ իր ունեցած ողջ զինանոցը կիրառելու «գայթակղությունից»՝ հակառակորդին վճռական և մասշտաբային դիմադրություն ցույց տալու համար:

– Շատ է խոսվել 2016թ. ապրիլյան մարտերից հետո Հայաստանի և Ղարաբաղի պաշտպանության ապահովման համակարգում փոփոխությունների անհրաժեշտության մասին: Ի՞նչ եզրակացություններ են արվել «քառօրյա պատերազմից» և ի՞նչ է հայկական կողմն այդ ժամանակից ի վեր փոխել իր անվտանգության ռազմավարության մեջ:

-2016թ. ապրիլյան մարտերից առաջին հերթին արվել են ռազմական եզրակացություններ: Կրկնեմ, Ադրբեջանին թույլ չի տրվի ունենալ իրավիճակի էսկալացման տեղը, ժամանակը և մասշտաբները որոշելու միանձնյա իրավունք: Եզրակացություններ են արվել նաև մի շարք հարցերի վերաբերյալ՝ կապված օպերատիվ և մարտավարական գործողությունների հետ: Արդյունքում մենք անհրաժեշտ փոփոխություններ ենք կատարել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են զորքերի օպերատիվ վերադասավորումը, առաջնագծում ռազմական առաջադրանքների իրագործումը, ինչպես նաև սպառազինության և ռազմատեխնիկայի ապահովումը:

Տեխնիկական և ընթացակարգային որոշումների միջոցով մենք նաև բացառել ենք հանկարծակիության գործոնը առաջիկա հարձակումներին դիմակայելու ժամանակ: Հասկանալի պատճառներով մանրամասնությունների մեջ չեմ չընկնելով՝ պետք է նշեմ, որ չնայած իր նշանակությանը, «ապրիլյան պատերազմը» չպետք է գտնվի մեր ռազմական մտքի ուշադրության էպիկենտրոնում: Ռազմագիտության պատմության մեջ բազմաթիվ օրինակներ կան, երբ անգամ ամենափորձառու հրամանատարները և ամբողջ բանակներ սխալներ են գործել ապագա պատերազմներին նախապատրաստվելիս, երբ հենվել են նախորդ ռազմական գործողությունների արդյունքների վրա: Այդպիսով, մենք ունիվերսալ կերպով պատրաստվում ենք հնարավոր ռազմական գործողություններին, ոչ միայն հիմնվելով անցյալի փորձի վրա:

-Ադրբեջանը վերջերս անցկացրած ռազմական շքերթի ժամանակ ցույց տվեց սպառազինության նոր տեսակներ: Դրանք հրթիռային համակարգեր էին, անօդաչուներ և ամերիկյան ուղղաթիռներ: Արդյո՞ք դա մտահոգում է հայկական կողմին:

Մեզ, իհարկե, անհանգստացնում է վերջերս Բաքվում ռազմական շքերթին ներկայացված սպառազինությունն ու ռազմատեխնիկան: Մեզ անհանգստացնում է ոչ թե նշված ռազատեխնիկայի հնարավորությունները, այլ, ավելի շուտ դրանց ձեռքբերման պայմանները: Ի վերջո, դա Ադրբեջանի գործն է, երբ երկրում կենսամակարդակի բարձրացման համար այդքան անհրաժեշտ կապիտալ ներդրումներն ուղղվում է հարձակողական համակարգերի ձեռքբերմանը: Ցանկացած տեսակի սպառազինության համար կան դրանց հակազդեցության միջոցները, և այստեղ հայկական կողմը, իհարկե, ձեռքերը ծալած չի նստում: Բայց, ինչպես արդեն նշեցի, մեզ անհանգստացնում են նշված սպառազինության ձեռքբերման աղբյուրները:Ցավալի է տեսնել, որ Հայաստանի հետ միութենական և գործընկերային հարաբերություններ ունեցող պետությունները զենք են վաճառում մի երկրի, որը հանդես է գալիս տարածքային հավակնություններով ոչ միայն մեր պետության առանձին շրջանների, այլև Հայաստանի մայրաքաղաքի նկատմամբ: Այսինքն, սպառնում է Հայաստանի գոյությանը: Հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, որոնք զբաղվում են ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ, պետք է զերծ մնան Ադրբեջանին առանձին տեսակի հարձակողական սպառազինություն վաճառելուց: Ի վերջո, հարց է առաջանում. ի՞նչ կարիք կա սկզբում խախտել կողմերի միջև գոյություն ունեցող ռազմական հավասարակշռությունը, իսկ հետո արդեն փորձել այն վերականգնել:

-Թուրքիան վտանգ ներկայացնու՞մ է Հայաստանի անվտանգությանը: Եթե այո, ապա ինչպես է Երևանը փորձում հակազդել այդ սպառնալիքին:

Հայաստանի համար անհանգստության հիմնական աղբյուրը Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմական դաշինքն է: Տվյալ դաշինքի քաղաքականությունն ուղղված է Հայաստանի ազգային անվտանգության դեմ: Անկասկած, նշված երկու երկրների համագործակցությունը սպառնալիք է մեզ համար, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը բացահայտ կերպով Հայաստանին սպառնում է պատերազմով, իսկ Թուրքիան ամեն կերպ աջակցում է Բաքվի ռազմատենչ մտադրությունների իրագործմանը:

Քաղաքական օժանդակությունից բացի՝ ռազմական համագործակցության ծավալներով Թուրքիան Ադրբեջանի գլխավոր գործընկերն է: Հիշեցնեմ, որ 2008թ. Հայաստանը փորձեց կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, սակայն այդպես էլ պատասխան քայլ չստացավ Անկարայի կողմից: Գործընթացն ի վերջո փակուղի մտավ Թուրքիայի ղեկավարության կողմից առաջ քաշված նախապայմանների պատճառով: Թուրքիան շարունակում է երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցը կապել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հետ: Իսկ մենք պնդում ենք, որ լավագույն լուծումը կլիներ երկխոսություն հաստատել Հայաստանի և Թուրքիայի միջև առանց նախապայամնների, ինչը հնարավորություն կտա երկրներին քայլ առ քայլ գնալ երկկողմ հարաբերությունների լիարժեք բարելավման ճանապարհով: Սակայն հաշվի առնելով նախորդ գործընթացի տապալումը՝ այժմ Թուրքիայի հերթն է հանդես գալ կառուցողական նախաձեռնությամբ:

-Վերջերս ռուսական ԶԼՄ-ները և ոչ պաշտոնական աղբյուրները հայտնեցին Հայաստանի կողմից ռուսական Սու-300ՍՄ կործանիչների հնարավոր ձեռքբերման մասին: Արդյո՞ք դա այդպես է, արդյո՞ք բանակցություններ են տարվում Ռուսաստանի հետ այդ հարցով: Արդյո՞ք Հայաստանը զարգացնում է կործանիչների ավիացիան:

– Երկնքում գերակայությունը միշտ դիտվել է որպես ռազմական գործողություններում հաջողության հասնելու կարևոր երաշխիք: Եթե մինչ հիմա, հաշվի առնելով ինչպես առկա ռեսուրսների ծավալները, այնպես էլ օդուժի կիրառման տարբերակները, մենք երկնքում գերակայության համար պայքարում գերապատվություն ենք տվել հակաօդային պաշտպանության զարգացմանը, ապա այս պահին մենք նախատեսում ենք զարգացնել նաև ԶՈՒ օդային բաղադրիչը: Գնելու համար մենք դիտարկում ենք ռազմական ինքնաթիռների մի քանի մոդել՝ տեխնիկական և ռազմական հագեցվածության տարբեր մոդիֆիկացիաներով և կոնֆիգուրացիաներով: Այստեղ կարևորն այն է, որ մենք նախատեսում ենք ոչ թե հատուկ զարգացնել կործանիչների ավիացիան, այլ բազմաֆունկցիոնալ օդուժ, որպեսզի դրանք հնարավոր լինի օգտագործել առաջադրանքների համալիրի իրականացման համար՝ կլինի օդային թիրախի գրավում, ԶՈՒ անմիջական օդային աջակցություն, ինչպես նաև խորքային ավիացիոն հարվածներ:

-Հայաստանի նախորդ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հաճախ էր խոսում հայկական ռազմարդյունաբերական համալիրի զարգացման անհրաժեշտության մասին: Ի՞նչ է կատարվում այժմ այդ ոլորտում, և արդյո՞ք կան կոնկրետ ձեռքբերումներ:

Հայաստանի ռազմարդյունաբերական ճյուղի զարգացումը կրում է մշտական և պլանաչափ բնույթ՝ անկախ երկրում իշխանության գտնվող կոնկրետ քաղաքական ուժից և պաշտպանության նախարարի անձից: Հայաստանը շարունակում է խստորեն հավատարիմ մնալ ռազմարդյունաբերական համալիրի զարգացման պետական ծրագրի վեկտորներին, ինչպես նաև ռազմատեխնիկական և ռազմարդյունաբերական զարգացման ռազմավարությանը: Այստեղ շեշտը դնում ենք այնպիսի սպառազինության ստեղծման վրա, որը թույլ կտա բավարարել հայկական բանակի բացառիկ պահանջները, ինչպես նաև ներուժ կունենա իր տեղը զբաղեցնել զենքի միջազգային շուկայում: Այդ նեղ մասնագիտական որոշումների թվում կարելի է առանձնացնել օպտոէլեկտրոնային և ռադիոէլեկտրոնային հայտնաբերման պարագաներ, նշանառության միջոցներ, խոցման ավտոմատացված միջոցներ, ինչպես նաև ցամաքային և օդային հեռակա կառավարման միջոցներ: Եվ, իհարկե, ռազմարդյունաբերության ոլորտում առկա գիտատեխնիկական ներուժի լիարժեք օգտագործման համար մենք վարում են վարչական և հարկային գործընթացների բարելավման, ինչպես նաև ներդրումներ գրավելու և համատեղ ձեռնարկություններ ստեղծելու քաղաքականություն:

-Իրանը Հայաստանի կարևոր գործընկերն է տարածաշրջանում: Արդյո՞ք այդ երկրի հետ իրականացվում են կոնկրետ նախագծեր պաշտպանության և անվտանգության ոլորտներում: Եվ ինչպե՞ս է ազդում տարածաշրջանի անվտանգության շինարարության վրա Իրանի և ԱՄՆ-ի հարաբերությունների վատթարացումը:

Իրանը Հայաստանի հարևան պետությունն է արդեն երեք հազար տարի: Հայ-իրանական հարաբերությունները կայուն կերպով զարգանում են՝ համապատասխան երկու երկրների տնտեսական և ռազմավարական շահերի: Մեր հարաբերություններն ընդգրկում են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են էներգետիկան, տրանսպորտը, գյուղատնտեսությունը, մշակույթը և կրթությունը: Պաշտպանության ոլորտում հայ-իրանական համագործակցությունը սահմանափակվում է երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների  ղեկավարների մակարդակով աշխատանքային ռազմաքաղաքական խորհրդակցություններով:

Ինչ վերաբերում է Իրանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների լարվածությանը, ապա Հայաստանը միշտ եղել է բանակցությունների ճանապարհով իր համար բարեկամական երկու երկրների միջև բոլոր խնդիրները կարգավորելու կողմնակից: Հույս ունենք, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ հարաբերությունների այս վատթարացումը ժամանակավոր բնույթ է կրում, և ապագայում դրանք աստիճանաբար կկարգավորվեն:

-Գնահատեք, խնդրեմ, Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև գործակցության մակարդակը: Որքանո՞վ է դա հեռանկարային համագործակցություն՝ հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանը ՀԱՊԿ կազմում է:

Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ համագործակցում է Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակում, որը վերանայվում և արդիականացվում է տարեկան երկու-երեք անգամ: Ծրագիրը հիմնված է քաղաքականության և անվտանգության հետ կապված իրողությունների վրա և համապատասխանում է Հայաստանի շահերին:

Որպես մեր գործընկերության հիմնասյուներ՝ ես կնշեի քաղաքական երկխոսությանը, պաշտպանական բարեփոխումները, հայկական կոնտինգենտի մասնակցությունը ՆԱՏՕ-ի ղեկավարությամբ խաղաղապահ առաքելություններին, կրթական նախագծերը: ՆԱՏՕ-ի հետ գործընկերությունը կարևոր է ինչպես մեր ԶՈՒ և միջազգային փոխազդեցության բազմակողմանի զարգացման ապահովման, այնպես էլ տեղեկացված լինելու այն ռազմաքաղաքական գործընթացներից, որոնք տեղի են ունենում եվրատլանտյան անվտանգության համակարգի շրջանակում:

Մեր խորը համոզմամբ՝ Հայաստանի և ՆԱՏՕ-ի համագործակցությունը չի հակասում ՀԱՊԿ շրջանակում մեր գործընկերային պարտավորություններին: Ավելին, Հայաստանն իր պաշտպանական քաղաքականությունը կառուցում է հաշվի առնելով ՀԱՊԿ գործընկերների շահերը և մշտապես կոչ է անում անել նույնը (իր նկատմամբ-խմբ.):

Հայաստանն ակտիվ դեր է խաղում ՀԱՊԿ ինտեգրացիոն գործընթացներում: Իհարկե, գործընկեր պետությունների շահերը, և հետևաբար քաղաքականությունը չեն կարող նույնը լինել: Մենք նույնպես փորձում ենք ըմբռնումով վերաբերվել մեր գործընկերների ռազմաքաղաքական համագործակցությանը Հայաստանի նկատմամբ ակնհայտորեն թշնամաբար տրամադրված երկրների հետ: Միաժամանակ, անհրաժեշտ է ջանասիրաբար աշխատել ՀԱՊԿ միութենական մեխանիզմների ամրապնդման ուղղությամբ՝ հիմնված ընդհանուր շահերի բազայի վրա՝ նպատակ ունենալով մշակել միասնական մոտեցումներ այն հարցերի շուրջ, որոնք վերաբերում են Կազմակերպության անդամ-երկրների անվտանգությանը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031