«Սա ես համարում եմ ահաբեկչական գործողություն խաղաղ բնակիչների նկատմամբ, երբ օրը ցերեկով կրակում են գյուղի վրա»,-«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանն անդրադառնալով Փանիկ գյուղում 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ միջադեպին՝ հայտարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը:
Պարոն Սաքունցի փաստմամբ՝ կան տարբեր խնդիրներ նաև ռուսական բազայի հարակից տարածքի ցանքատարածությունների ոչնչացման, ճանապարհների վերանորոգման հետ կապված:
Արթուր Սաքունցը տեղեկացրեց՝ քիչ առաջ նորություն է ստացել, որ Մեղրիի հատվածում ռուսական սահմանապահ զորքերն անցակետեր են տեղադրել քաղաքի մոտակայքում, և գյուղացիները, որոնք իրենց ցանքատարածություններում պիտի աշխատեն, պիտի այդ անցակետերով անցնեն: Պարոն Սաքունցը հավելեց. «Գրանցում են մեկ առ մեկ, անուն ազգանունով: Սա հասկանալի չէ: Մինչդեռ սահմանային ռեժիմի վերահսկողություն պիտի կատարես այնպես, որ չխոչընդոտես սահմանամերձ բնակիչների կենսագործունեությանը»:
Պարոն Սաքունցը մտահոգություն հայտնեց՝ դա չգիտես ինչու մնում է ՀՀ-ի վրա: Արթուր Սաքունցն առանձնացրեց իրավական և անվտանգության խնդիրներ. «Առաջին հերթին ՀՀ քաղաքացիները, որոնք ծառայություն են անցնում ռուսական բազայում, նրանց իրավունքների պաշտպանության վիճակը խիստ խոցելի է: Այն, որ հարցերը պիտի քննվեն ՌԴ դատարանների կողմից, այդ առումով պաշտպանության հնարավորությունները խիստ սահմանափակ են: Նույնիսկ որոշ դեպքերում դատական քննությանն անձը մասնակցում է սկայպի միջոցով: Երկրորդը անվտանգության խնդիրներն են, հատկապես Պերմյակովի կողմից, թեև մինչև հիմա գտնում եմ, որ միայն նա մեղավոր չէր եղել Ավետիսյանների ընտանիքի սպանության հարցում»:
Պարոն Սաքունցը կարևորեց, որ ամենաբարձր մակարդակով տրվեց հստակ գնահատական կատարվածին. երբ պաշտպանության նախարարն ասում է, որ դա քարին գրված պայմանագիր չէ, իրապես նշանակում է, որ բավականին լուրջ հարցեր այդտեղ պիտի տրվեն. «Բոլոր դեպքերում ՀՀ քաղաքացիների անվտանգությունը պետք է պաշտպանված լինի ռուսական բազայի, սահմանապահ զորքերի ոտնձգություններից»:
«Մոդուս վիվենդի» կենտրոնի նախագահ, ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Արա Պապյանը տեղեկացրեց՝ յուրաքանչյուր տարեսկզբին ռազմաբազայի զորավարժությունների ցանկը ներկայացվում է. «Բացառում եմ, որ զորավարժության վայրը նշված լինի բնակավայր: Իրենք զորավարժության գնում-գալիս էին, պարզապես անցնելու պահին հանցագործություն էր: Ռազմական բազայի ղեկավարությունն էլ հայտարարեց՝ իմիտացիոն կրակոց էր: Մենք նախադեպ ունենք. իմիտացիոն կրակոցի համար Հայկ Կյուրեղյանը դատապարտվել է ինը տարվա ազատազրկման: Օրենք կա. դու չես կարող անգամ կրակելու իմիտացիա անել այն դեպքում, երբ Հայկի ձեռքին ռազմական զենք չէր, այլ օդամղիչ ատրճանակ: Այստեղ մի ամբողջ ստորաբաժանում է այդ հանցագործությունը կատարել»:
Ըստ պարոն Պապյանի՝ զինվորական բազայի և սահմանապահ զորքերի հետ կապված իրավական որոշ դրույթներ պետք է վերանայվեն և եղածներն էլ պիտի կատարվեն օրենքի տառին համապատասխան: Նա հարց բարձրացրեց՝ սահմանապահ զորքերը պաշտպանում են մեր արտաքին սահմանը և վերահսկում. «Իսկ ինչո՞ւ պիտի վերահսկեն: Ինչո՞ւ պիտի Զվարթնոցում ռուս սահմանապահը վերահսկի անձնագրային ստուգումը: Իրենց պիտի տրվի պաշտպանելու գործառույթը: Սահմանապահ զորքերը պիտի մնան, բայց իրենց վրա պաշտպանելու, ոչ թե վերահսկելու գործառույթը պիտի դրվի»:
Պարոն Պապյանի համար անհասկանալի է, թե ինչու պիտի մենք ռուս սպայի լույսի վարձը վճարենք, երբ մեր սպայինը չենք վճարում կամ ինչու ՌԴ-ն ռազմաբազայի տարածքի վարձակալության համար մեզ չի վճարում:
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը հայտարարեց՝ համաձայն է վերոնշյալ դիրքորոշումների հետ և հակված է մտածել այնպես, ինչպես պարոն Սաքունցն ու Պապյանը, սակայն մի վարկած առաջ քաշեց, որով ըստ նրա՝ հավանաբար փորձում են մեզ շեղել գլխավոր ուղուց, քանի որ ոչ ոք չի ուզում բանտում նստել. «Չի բացառվում, որ նախկին իշխանությունների ներկայացուցիչները, որոնք փայլուն հարաբերությունների մեջ են բազայի ղեկավարների հետ, այդ սադրանքը կազմակերպել են: Նոր իշխանություններ, շատերը երիտասարդ են, էմոցիոնալ, հույս ունեին, թե հեսա կսկսեն Ռուսաստանին հարվածել ու կոշտ ձևակերպումներ անել: Չի բացառվում, որ սարքած գործ է, որ մեր ուշադրությունը շեղեն: Այդ տարբերակն էլ պարտավոր ենք նայել»:
Ըստ Արա Պապյանի՝ իշխանությունների արձագանքը ճիշտ էր, բայց սա անձամբ Նիկոլ Փաշինյանի դեմ ուղղված քայլ է. «Եթե զուտ օրենքի տառով նայենք, մի քանի հոգի այնտեղ պիտի դատվեն, բայց դատվող չի լինի: Ռուսական կողմը պիտի փոխի բազայի ղեկավարությանը, իսկ այդ ստորաբաժանման ղեկավարության հանդեպ ծառայողական քննություն իրականացվի և պատիժներ լինեն»:
Արթուր Սաքունցի կարծիքով՝ փաստի հիմքով սահմանապահ ծառայության քննչական բաժինը պետք է նյութեր նախապատրաստի. պետք է վկայություններ, բացատրություններ վերցնեն Փանիկի բնակիչներից, որպես տուժողներ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի