Այսօր Բագրատաշենի մի խումբ բնակիչներ մարզպետարանում էին՝ բարձրացնելու իրենց շատ հուզող ոռոգման ջրի մատակարարման խնդիրը: Նրանց հետ զրուցեցին և մտահոգող հարցերը լսեցին Տավուշի մարզպետի տեղակալներ Տիգրան Թամրազյանն ու Վարդան Ալեքսանյանը: Ներկա էին նաև ոլորտը կարգավորող մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչները և ՋՕԸ գործադիր տնօրեն Յուրա Ոսկանյանը:
Բագրատաշենցիները դժգոհ էին ոռոգման ջրի մատակարարման որակից: Նրանք պնդում էին, որ նախ ոռոգման շրջանը շատ ուշ են սկսում տարածաշրջանում, ինքնահոս ջուրը, որ, գիշերներն անջատում են, իրենց կարծիքով պետք է չանջատվի և էլի շատ մեծ թվով առարկություններ՝ կապված պոմպակայանների հաճախ խափանվելու ու այլ հարցերի հետ: Ստացվում է, որ մարդիկ միջոցներ են ծախսում, հողը մշակում, այգի են տնկում, որ բարիք ստանան և եկամուտ ունենան, բայց ոռոգման ջրի անբավարարության պատճառով, հաճախ միայն կորուստներ են ունենում:
Իր փաստարկները ներկայացրեց նաև ՋՕԸ գործադիր տնօրենը, նրա կողմից նշվեցին կատարած աշխատանքները, որոնց արդյունքում բարելավվել է ջրամատակարարումը:
Քննարկման արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց տնտեսվարողների հետ, որպեսզի այսուհետ ջրամատակարարումն իրականացնեն նրանց նախընտրելի ժամանակացույցով և ձևով:
Տավուշի մարզպետարան