«Որեւէ ընտրություն առանց ԱԻՄ-ի չի անցել: Եթե գտնենք, որ առանձին մասնակցելն արդարացված է, կմասնակցենք: Բոլոր ուժերը, որոնք կկամենան եվրոպամետ դաշինք ստեղծել, մեր տեղը գիտեն: Մենք կառաջարկենք այդպես իրական ժողովրդավարական դաշինք ստեղծել»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ հայտարարելով, որ «Ազգային ինքնորոշում միավորում»-ը, վստահաբար, մասնակցելու է առաջիկայում սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: «Մենք կմասնակցենք՝ որպես ՀՀ-ում էական ներդրում ունեցած միակ քաղաքական ուժի ժառանգորդներ: Վերջին հարյուրամյակում ՀՀ-ն չի ունեցել այնպիսի ուժ, որը ռազմավարական ծրագիր է մշակել ժողովրդի համար՝ անկախություն հանրաքվեի ճանապարհով»,-նշեց Պարույր Հայրիկյանը:
Ինչ վերաբերում է Երեւանի քաղաքապետի ապագա ընտրություններին, ԱԻՄ առաջնորդը հայտնեց, որ իր քաղաքական ուժի նախագահության որոշ անդամներ սատարում են «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանին, բայց դա ԱԻՄ-ի ընդհանրական մոտեցումը չէ: «Անձամբ դեմ չեմ: Զարուհու հետ բարեկամական հարաբերությունների մեջ ենք, թեեւ տարաձայնություններ էլ ենք ունեցել»,-նկատեց Պարույր Հայրիկյանը:
Նա նաեւ նշեց, որ մոտ հիսուն օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ԱԻՄ-ը ներկայացրել է ՀՀ սահմանադրության բարեփոխման փաթեթ, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել. «Նա հապաղում է, տատանվում: Երկու ամիս է՝ չի անդրադարձել մեր դիմումին: Պետք է արդեն արձագանքած լիներ: Սահմանադրությունն ամենալուրջ փաստաթուղթն է»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ