Վաղը կայանալու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղխորհրդի նիստը: Մեր տեղեկություններով, վաղը կուսակցության ղեկավար մարմինը պետք է քվեարկությամբ որոշի, թե ո՞վ է լինելու իշխող կուսակցության քաղաքապետի թեկնածուն`Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններում: Կուսակցության քաղխորհրդի անդամները խուսափեցին հստակ պատասխանել այս առիթով մեր հարցերին: Բոլոր հարցերին տրվեցին`«չգիտեմ», «տեղյակ չեմ» պատասխանները:
Մեր տեղեկություններով, բոլորն այսօր սպասում են Նիկոլ Փաշինյանի որոշմանը: Նա պետք է որոշի, թե ո՞վ է լինելու ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն:
Հիշեցնենք, հուլիսի 9-ին, Տարոն Մարգարյանի հրաժարականից եւ հուլիսի 16-ին, քաղաքապետի ընտրությունների տապալումից հետո, ըստ օրենքի, կառավարությունը պետք է հայտարարի ավագանու նոր ընտրություններ:
Օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ կետը սահմանում է. «Ավագանու արտահերթ ընտրությունն անցկացվում է ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելուց հետո ոչ շուտ, քան 30, եւ ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում»: Սրա հիման վրա հայտարարվում է, որ ավագանու արտահերթ ընտրությունները կանցկացվեն օգոստոսին: Ամեն դեպքում, նշված 30-40-օրյա ժամկետը կսկսի հաշվարկվել, երբ կառավարությունը համապատասխան որոշմամբ կրճատի գործող ավագանու լիազորությունները: Կառավարությունը, պաշտոնական հայտարարություններ դեռ չի արել, ուստի, Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետները դեռ խիստ մշուշոտ են:
Իշխող ուժի`«Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածուները մի քանիսն են`ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյան, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյան, դերասան Հայկ Մարության եւ այլն:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ