Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր ընտանիքում վերջին մեկ ամսում ավելի վատ, հոգեպես ծանր վիճակ է, քան վերջին տարիներին». 19 տարեկանից ազատազրկված զինվորի եղբայր

Հուլիս 23,2018 16:00

Նախկին զինվոր, 19 տարեկանից համածառայակցի սպանության մեղադրանքով ազատազրկված Ալիկ Մաթևոսյանի փաստաբան Հարություն Բաղդասարյանի վստահեցմամբ՝ Վճռաբեկ դատարանում անգիր գիտեն այս գործը:

«Նոյյան տապան» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը փաստաբանը հայտարարեց. «Ակնկալում ենք, որ Վճռաբեկ դատարանը շուտ կուղարկի գործը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, և այնտեղ հաշվի կառնեն բոլոր հանգամանքները խափանման միջոցի հարց կիրառելիս, որ խափանման միջոց կիրառելու դեպքում անձի քրեադատաիրավական իրավիճակն էլ ավելի չծանրանա»:

Նշենք, որ 2017-ի սեպտեմբերին ՄԻԵԴ-ը Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի գործով արձանագրել է, որ քննության նյութ չեն դարձել մեղադրյալի կողմից խոշտանգման մասին վկայությունները, ինչը հանգեցրել է Կոնվենցիայի 3-րդ հոդված խախտման, որից հետո գործը ՄԻԵԴ-ի լույսի ներքո մտել է ՀՀ Վճռաբեկ դատարան: Ալիկը պետք է ստանա 6000 եվրոյի ոչ նյութական փոխհատուցում:

Ամեն ինչ սկսվել է 2006թ. ապրիլի 29-ին, երբ ՀՀ ՊՆ թիվ X զորամասի մոտակայքում, անտառում զինծառայողները հայտնաբերել են իրենց համածառայող Աղվան Հարությունյանի դին` ծառից կախված վիճակում:

Պարոն Բաղդասարյանի փոխանցմամբ՝ հարցն այն է, որ 2018-ի հունիսի 15-ին Վճռաբեկ դատարանը բավարարել է պաշտպանության կողմի բողոքը և գործն ուղարկել Սյունիքի մարզի դատարան նոր քննության, քանի որ Եվրոպական դատարանի վճռից ակնհայտ էր, որ նախաքննության փուլում տեղի են ունեցել որոշակի երևույթներ, որոնք Եվրոպական կոնվենցիայի համաձայն՝ որակվում են որպես խոշտանգում, և այդ հիմքով Վճռաբեկ դատարանը բեկանել է նախկինում կայացված որոշումները: Սակայն ըստ պարոն Բաղդասարյանի՝ խնդիրը բարդանում է նրանով, որ Վճռաբեկ դատարանի կայացրած որոշման հիմքում նստած էր այն հանգամանքը, որ խափանման միջոցը Վճռաբեկ դատարանը թողնում է կալանավորին. «Ստացվում է՝ մարդն իր օգտին ունի Վճռաբեկ կամ Եվրոպական դատարանի կողմից կայացված դատական ակտ և դրանով վատթարանում է իր անձնական վիճակը: Ալիկ Մաթևոսյանը մինչ այդ ուներ երկարատև տեսակցության իրավունք. նա ամուսնացած է, ընտանիք ունի, կարող էր ընտանիքի հետ հանդիպել, հիմա որպես կալանավոր քրեական օրենսդրությունն այդ հնարավորությունը չի տալիս: Երկրորդ խնդիրն այն է, որ անձը մինչ այդ ուներ տեսականորեն պայմանական վաղաժամկետ ազատվելու իրավունք: Այդ իրավունքից ևս չի կարող օգտվել: Անձն արդեն ուներ կիսաբաց քրեակատարողական հիմնարկի ռեժիմ, ներկայումս որպես կալանավոր անցնում է փակ ռեժիմի, և այս պայմաններում վատթարանում է նրա վիճակը»:

Հարցին՝ ի՞նչ են պատրաստվում անել, տուժող Ալիկ Մաթևոսյանի եղբայր Վազգեն Մաթևոսյանը պատասխանեց. «Իրավիճակը գնալով ավելի վատացել է: Մեր ընտանիքում վերջին մեկ ամսում ավելի վատ, հոգեպես ծանր վիճակ է, քան վերջին տարիներին: Մի բան է իմանալ, որ ազատ տեղաշարժման իրավունք ունի անձը և 12 տարի անազատության մեջ գտնվելուց հետո, երբ հօգուտ իրեն վճիռ է կայացվել, դրանից հետո իր վիճակն ավելի վատ է: Հիմա պատկերացնում եմ եղբորս վիճակը, թեև ասում է, որ ամեն ինչ լավ է: Մեր խնդրանքը, պահանջն այն է, որ Վճռաբեկ դատարանը նախ մի փոքր շուտ վճիռը մեզ տրամադրի, որ կարողանանք հետագա քայլերն ավելի արագ կազմակերպել և օգուտ կարողանանք տալ եղբորս»:

Հարություն Բաղդասարյանն էլ այս առիթով փաստեց՝ մեկ ամսից ավելի է Վճռաբեկ դատարանը կայացրել է իր որոշումը, բայց առ այսօր միայն որոշման քաղվածքն են ստացել. նշվում է՝ բողոքը բավարարել և խափանման միջոցն ընտրել կալանավորումը. «Մեկ ամսից ավելի արդեն անցել է, երբ որոշումը պետք է մեքենագրվի և ներկայացվի: Իրականում դրա համար մեկ-երկու օր է անհրաժեշտ: Տեխնիկական աշխատանքը կատարելու համար անհրաժեշտ է արագ անդրադառնալ այդ հարցերին: Ալիկ Մաթևոսյանը փաստորեն դատապարտյալից դարձել է կալանավոր, մեր խնդրանքն է դատական ատյաններից, որ հնարավորինս շուտ այդ հարցերի պատասխանը տրվի և արագ գործն ուղարկվի առաջին ատյանի դատարան»:

Փաստաբանը նշեց, թե ունեն բավարար հիմքեր Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) դիմելու համար, սակայն դա առայժմ չեն անելու. «Կարող ենք դիմել ՄԻԵԴ: Քրեադատավարական օրենսդրությունն ասում է, որ եթե անդրադառնում ես անձի կալանավորման խնդրին, դատարանում անձը պիտի ներկա լինի: Վճռաբեկ դատարանում Ալիկ Մաթևոսյանը ներկայացված չէր: Վճռաբեկ դատարանի որոշումը տեսականորեն խախտված է Եվրոպական կոնվենցիայի հիմքով»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031