Հայաստանի նկարիչների միության անդամ, քանդակագործ Վահան Գալստյանը դիմել է ՀՀ մշակույթի, արդարադատության նախարարներին, ՀՀ վարչապետին: Նա նամակում (լուսանկարում) իշխանություններից ակնկալում է միջամտություն, որով վերջ կտրվի իր ձեւակերպմամբ, նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի ապօրինի պաշտոնավարմանը:
Վահան Գալստյանը նաեւ նշում է, որ չի ցանկանում դատի տալ Կարեն Աղամյանին, քանի որ, ըստ նրա, դատը հնարավոր է տարիներով ձգվի, ու Աղամյանի պաշտոնավարումն էլ ավելի երկարաձգվի:
Aravot.am-ի հետ զրույցում, պատասխանելով քանդակագործի կողմից իշխանություններին հղված նամակին, Կարեն Աղամյանը նամակագրին հիշեցրեց, որ ինչպես մյուս ստեղծագործական միությունները, այնպես էլ նկարիչների միությունը հասարակական կազմակերպության կարգավիճակ ունեն, ըստ այդմ, միությունները որեւէ կախվածություն չունեն որեւէ պետական կառույցից: Նաեւ հավելեց, որ հ/կ-ների մասին օրենքով սահմանված է համագումար հրավիրել 5 տարին մեկ եւ ոչ թե «ոչ պակաս, քանի հինգ տարի»,ինչպես գրել է Վահան Գալստյանը:
«Մենք ունենք կանոնադրություն, որտեղ հստակ գրված է, որ եթե կազմի 1/3-ը գրավոր ստորագրությամբ պահանջ ներկայացնի քայլ անելու, ամեն ինչ կդառնա այնպես, ինչպես կուզենա այդ 1/3-ը,այսինքն` մեծամասնությունը: Մինչ այժմ ես որեւէ նման բան չեմ լսել, ինչ վերաբերվում է 5-10-20 հոգով նման պահանջ ներկայացնելուն, դա ուղղակի ծիծաղելի է»,-ասաց նկարիչների միության նախագահը:
Նա նաեւ ասաց, որ ցանկություն էլ չունի նման մարդկանց դատի տալու ` հերյուրանքների համար. «Ես այնքան դատի տալու տեղ ունեմ, այնքան ստեր են տարածում իմ մասին, բայց ես չեմ սիրում այդ գործը` դատ, դատարան…»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Ճարպոտ ժպիտով այս արարածն ինչ կապ ունի արվեստի հետ…