Լրահոս
Օրվա լրահոսը

Երաժշտական այս տոնը նպաստելու է Սևանա լճի նկատմամբ վերաբերմունքի ձևավորմանը

Հուլիս 23,2018 15:50

Արդեն 4-րդ անգամ Սևանը կհյուրընկալի «Սևան» երաժշտական փառատոնի մասնակիցներին, ովքեր հնարավորություն կունենան օգոստոսյան 2 օրը դարձնել ինքնատիպ, լցված լավ ու բարձրաճաշակ երաժշտությամբ, և այդ ամենը` Սևանա լճի ու Սևան քաղաքի ընկերակցությամբ:

«Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի հեղինակած փառատոնը տարեցտարի ընդլայնում է և’ աշխարհագրությունը, և’ բովանդակությունը:

«Մեր հասարակական կազմակերպությունը 2015թ. մասնակցեց սոցիալական ձեռնարկատիրության դասընթացներին: Դասընթացին հաջորդեց ծրագրի ներկայացման փուլը: Գաղափարը մեկն էր` կազմակերպել երաժշտական փառատոն, որի միջոցով հնարավոր է մշակույթը ուղղորդել ձեռներեցության ոլորտ,- ներկայացնում է Երիտասարդական ակումբի նախագահ Գոհար Մնացականյանը:- Այդ տարվա ամռանը մեր գաղափարը կյանքի կոչվեց, որին մասնակցեցին Գեղարքունիքի մարզը ներկայացնող անհատներ և խմբեր: Իհարկե, եկամուտ ստանալու մասին խոսելն ավելորդ էր, սակայն տոնը կայացավ և համախմբեց շատերին` սկիզբ դնելով մշակութային մի նոր իրադարձության»:

2016թ. օգոստոսյան փառատոնը միավորեց տարբեր մարզերի և Երևան քաղաքի կայացած և սկսնակ համույթներին, անհատ կատարողներին:

Նպատակն ավելի հստակեցվեց` երաժշտության շուրջ միավորել Հայաստանի տարբեր շրջաններում ապրող երիտասարդներին, նրանց տրամադրել բեմ, հնարավորություն տալ ելույթներ ունենալ արդեն կայացած երգիչների կողքին, միաժամանակ աշխուժացնել տեղացիների ու զբոսաշրջիկների ամառային առօրյան:

Ի թիվս հանրապետությունում անցկացվող մի շարք մարզային փառատոների, «Սևան երաժշտական» փառատոնը 2017թ. իր տեղն ու օրը գտավ մարզային փառատոների շարքում: Անցյալ տարվա օգոստոսի 12-ին Սևանը հյուրընկալեց փառատոնի մասնակիցներին և սևանցիներին, տեղի և արտերկրի զբոսաշրջիկներին հնարավորություն տալով վայելելու բարձրաճաշակ երգ ու երաժշտություն Սևանա լճի ափին:

Փառատոնի կազմակերպիչները դեռևս ամիսներ առաջ վստահեցնում էին, որ այս տարի անցկացվող փառատոնը լինելու է մեկ քայլ առաջ: Որպես դրա ապացույց` այն դարձել է երկօրյա, և մեկ օրն էլ անցկացվելու է Սևան քաղաքում:

«Գաղափարին միացել են այն մարդիկ և կազմակերպությունները, ովքեր քաղաքում փառատոնի անցկացումը համարում են ոչ միայն ճիշտ, այլ նաև արդարացված: Սևանի համայնքապետարան- Գեղարքունիքի մարզպետարան-մշակույթի նախարարություն-փառատոների ասոցիացիա-Գրենոբլի քաղաքապետարան-«Բոհեմ» արվեստանոց-թեյարան համագործակցությունն այս փառատոնի շուրջ կայացել է, և յուրաքանչյուրն իր հնարավորությունների սահմաններում փորձելու է այս երաժշտական միջոցառումը դարձնել առավել հետաքրքիր և նպատակային»,- ասում է Գոհար Մնացականյանը:

Այս տարի փառատոնի մասնակցության հայտեր են ներկայացրել ինչպես Երևանից, հանրապետության տարբեր մարզերից, այնպես էլ արտերկրից` Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքից, ՌԴ-ից:

Օգոստոսի 11-ին Սևանա լճի ափին` հանրային թիվ 1 լողափում, կհյուրընկալվեն ռոք խմբերը, իսկ օգոստոսի 12-ին քաղաքի Սայաթ-Նովա փողոցի վերջնամասում` «Փյունիկ» խաչքարի հարևանությամբ` ֆոկլյոր խմբերը:

Կազմակերպիչները նկատում են, որ փառատոնի գաղափարախոսության հենքը Սևանին շնորհակալություն ասելն է, և փառատոնի երկու օրերը, դրանց հաջորդող և նախորդող ողջ շրջանը պետք է ուղեկցվի ակտիվ քարոզարշավով, որի առանցքում լճի արժևորումն է:

Նախապես բոլոր խմբերին կոչ է արվել պատրաստել փոքրիկ տեսաֆիլմ-պրեզենտացիա` «Շնորհակալություն ասենք Սևանին» կարգախոսով: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր մասնակից դառնալու է այս գաղափարի կրողն ու քարոզողը:

Փառատոնի շուրջ համախմբված գործընկերները ևս կմիանան այս քարոզարշավին:

Ի դեպ, փառատոնի մասնակցության հայտ ներկայացրած 30 խմբից ընտրվել է 14-ը, ովքեր համապատասխանում են փառատոնի այս տարվա ձևաչափին, այն է` ռոք և ֆոկլյոր խմբեր:

Փառատոնի կազմակերպիչները վստահեցնում են, որ «Շնորհակալություն ասենք Սևանին» կարգախոսով անցկացվող երաժշտական այս տոնը նպաստելու է Սևանա լճի նկատմամբ վերաբերմունքի ձևավորմանը, հնարավորություն է ընձեռելու տարվա մեջ մեկ-երկու օր մեր գեղեցկուհի լճին շնորհակալություն հայտնելու, ինչպես նաև միտված է առկա ռեսուրսներն արդյունավետ օգտագործելուն, բնության, շրջակա միջավայրի նկատմամբ հոգածություն սերմանելուն և մաքրություն պահպանելուն:

 

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031