Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԻՄ-ականը քննադատեց Փաշինյանին. «Փոստանջյանին ու Հայրիկյանին շարժման օրերին ձայն չտվեցին»

Հուլիս 23,2018 14:15

«Ընտրությունների անարդարությունն ի սկզբանե կայանում է նրանում, որ մարդիկ ասում են՝ «եթե Նիկոլի կողմնակիցը չես, ուրեմն Սերժ Սարգսյանի վերադարձի կողմնակիցն ես»: Առողջ տրամաբանությամբ եւ մրցակցությամբ պետք է գնալ ընտրությունների, ոչ թե նման խոսակցություններով: Արդեն իսկ անարդարություն եմ նկատում»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ապագայում սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասաց ազատամարտիկ, ԱԻՄ եւ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Գագիկ Սարուխանյանը: Նրա բնորոշմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարողացել Եվրոպային լիարժեք համոզել, որ Հայաստանում ժողովրդավարական գործընթացներ են գնում:

«Ես էլ չեմ համոզվել դրանում: Հեղափոխության օրերին Հանրապետության հրապարակի հարթակից պետք է հանդես գային բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք ներդրում էին ունեցել հեղափոխության մեջ, մինչդեռ հանդես եկան միայն Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը: Շարժումը թելադրում էր, որ նա է առաջնորդը, բայց նա միայն իրեն վերագրեց դա: Դրանո՞վ է ուզում համոզել, որ ժողովրդավարություն կար»,-հարցադրում արեց Գագիկ Սարուխանյանը: Նրա խոսքով. «Միանշանակ, Նիկոլ Փաշինյանը պետք է լիներ վարչապետ, բայց հարթակից պետք է խոսեին ապագա իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչները: Տեսա՞ք ինչպես վարվեցին Զարուհի Փոստանջյանի հետ, երբ ցանկացավ ելույթ ունենալ: Հայրիկյանին էլ ձայն չտվեցին: Նա քանիցս ասել է, որ ուզում է խոսել, բայց ասել են՝ «ոչ»: Հենց սկզբից ինձ չհամոզեց հեղափոխությունը: Եվրոպան էլ չհամոզվեց, որ դա ժողովրդավարական գործընթաց է»:

Ինչ վերաբերում է վարչապետ Փաշինյանի կադրային քաղաքականությանը, Գագիկ Սարուխանյանի բնորոշմամբ. «Քաղաքացիական Պայմանագիր»-ը միանձնյա կգերադասի անփորձ երիտասարդներին իր կողքին պահել, քան փորձառու գործընկերներին»: Առաջիկայում սպասվելիք Երեւանի քաղաքապետի ընտրությունների առնչությամբ էլ Գագիկ Սարուխանյանը հայտնեց, որ ավելի շատ համակրում է «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին. «Հարցումները ցույց են տալիս, որ նրա հանդեպ դրական տրամադրվածություն կա»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031